Առաջարկ ԵԽԽՎ-ին՝ հրատապ բանավեճ կազմակերպել «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով․ որոշումը կկայացվի երեքշաբթի

 |aravot.am|
13:09 - 23 հունվարի, 2023

Առաջարկ ԵԽԽՎ-ին՝ հրատապ բանավեճ կազմակերպել «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով․ որոշումը կկայացվի երեքշաբթի |aravot.am|

aravot.am: Քիչ անց Ստրասբուրգում կմեկնարկի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստը։ Այն կանցկացվի հունվարի 23-27-ը։ Լիագումար նիստի առաջին օրն՝ այսօր, Վեհաժողովը կընտրի ԵԽԽՎ նախագահին ու փոխնախագահներին։

Վեհաժողովի լիագումար նիստերի ընթացքում նախատեսված են Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի, Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտրիրի ելույթները։ ԵԽԽՎ օրակարգում քիչ առաջ թարմացում է կատարվել։ Մի շարք հարցերի թվում ընդգրկված է նաև «Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքները» թեմայով ընթացիկ հարցերի քննարկում կամ հրատապ ընթացակարգով բանավեճ կազմակերպելու հարցը։ Վեհաժողովը վաղը կայանալիք լիագումար նիստի ընթացքում՝ Ստրասբուրգի ժամանակով 11։30-ին որոշում կկայացնի՝ այս հարցով քննարկում կազմակերպե՞լ, թե՞ ոչ։

Սակայն արդեն հայտնի է, որ եթե Վեհաժողովը կողմ քվեարկի այս թեմայով քննարկման կազմակերպմանը, դա լինելու է առանց եզրափակիչ փաստաթղթի քննարկման։

Հրատապ ընթացակարգով բանավեճի կազմակերպման համար առաջարկվել են նաև հետևյալ թեմաները՝ «Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի իրավական և մարդու իրավունքների ասպեկտները», «Վերջին շրջանի լարված դրությունը Պրիշտինայի և Բելգրադի միջև», «Ինչպես բարելավել Եվրոպայի խորհրդի համագործակցությունը քաղաքացիական հասարակության հետ՝ որպես մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդման և պաշտպանության միջոց, այդ թվում՝ Բելառուսում և Ռուսաստանի Դաշնությունում», «Հարձակումներ հանրային ծառայությունների աշխատակիցների վրա»։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը ամբողջությամբ արգելափակված է։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել