ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միացել է Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը ապահովելու վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին
 |1lurer.am|
17:11 - 24 հունվարի, 2023

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը միացել է Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունը ապահովելու վերաբերյալ գլխավոր քարտուղարի կոչին |1lurer.am|

<di1lurer.am: v class="static-content fs18">

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) միանում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին՝ լարվածությունը թուլացնելու և Լաչինի միջանցքով տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունն ապահովելու վերաբերյալ՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան: Այս մասին նշված է հիմնադրամի հայտարարության մեջ:

«Սա չափազանց կարևոր է տուժած բնակչության, այդ թվում՝ կանանց և աղջիկների, երիտասարդների, հաշմանդամների և տարեցների հիմնական կարիքների բավարարումն ապահովելու համար: Միջանցքում տեղաշարժվելու ազատությունն ու անվտանգությունը կենսական նշանակություն ունեն սեռական և վերարտադրողական առողջության հիմնական միջոցներին և ծառայություններին մշտական հասանելիություն ապահովելու, ինչպես նաև ապահովելու համար, որպեսզի կանայք կարողանան անվտանգ ծննդաբերել»,- ասված է հայտարարության մեջ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու բոլոր կողմերի հետ՝ մարդասիրական սկզբունքներին համապատասխան, որպեսզի կանանց և աղջիկներին, ինչպես նաև բնակչության այլ խոցելի խավերին հասանելի լինեն առաջին անհրաժեշտության իրերն ու ծառայությունները:

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրամատակարարումը հովհարային անջատումների վեցժամյա գրաֆիկով է, գազամատակարարումը ամբողջությամբ արգելափակված է։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։

Արցախը շրջափակման մեջ է։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել