Հրդեհի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը այս պահին գնահատվում է բավարար․ Անահիտ Ավանեսյան
12:40 - 26 հունվարի, 2023

Հրդեհի հետևանքով վիրավորված զինծառայողների վիճակը այս պահին գնահատվում է բավարար․ Անահիտ Ավանեսյան

Երկու օր առաջ երեք զինծառայողներից մեկի առողջական վիճակի հետ կապված մի փոքր ծանրացում ունեինք։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Բայց հրավիրված կոնսիլիումի և բուժման մեջ փոփոխություններ մտցնելու արդյունքում այս պահին բոլորի վիճակը գնահատվում է բավարար և դեռ ստանալու են անհրաժեշտ ամբողջ ծավալով օգնությունը»,- նշեց նա՝ հույս հայտնելով, որ բոլորը առողջացումով պիտի տուն գնան։  

Պատասխանելով հարցին, թե այցելե՞լ է վիրավոր զինծառայողներին, Ավանեսյանը ասա, որ ինքն այսօր գիշերն է վերադարձել գործուղումից․ «Երևի այսօրվա ընթացքում կայցելեմ նրանց»։

Հունվարի լույս 19-ի գիշերը՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Զոհվել է 15 զինծառայող, 3-ի վիճակը ծանր է։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրի 532-րդ հոդվածի 4-րդ մասով․ այն է՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի անձանց մահ։ 

Պաշտոնանկություններ են եղել նաև ՊՆ-ում։

Ձերբակալվել է ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն՝  Քրօրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել