Պետդեպը պատասխանել է Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը |tert.am|
10:03 - 27 հունվարի, 2023

Պետդեպը պատասխանել է Հայաստանի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությանը |tert.am|

tert.am: Միացյալ Նահանգները հավատարիմ է Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Մենք ողջունում ենք մեր գործընկերների, այդ թվում՝ Եվրամիության ջանքերը՝ տարածաշրջանում վստահություն ձևավորելու և Հայաստանի ու Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսության համար նպաստավոր միջավայր ապահովելու ուղղությամբ։ Քանի դեռ դրանք արդյունավետ են, մենք շարունակելու ենք սերտորեն համագործակցել մեր բոլոր գործընկերների, այդ թվում նաև տարածաշրջանի մեր գործընկերների հետ։

Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ-ի հայտարարությունը Հայաստանում ԵՄ-ի դիտորդական առաքելության մասին և անդրադառնալով տարածաշրջանում ՌԴ-ի դերակատարմանը։

«Մասնավորապես, ինչ վերաբերում է Ռուսաստանի դերին, ապա Միացյալ Նահանգները չի մասնակցել 2020թ. նոյեմբերին Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարի հաստատմանը, ինչը հանգեցրել է ռուս խաղաղապահների տեղակայմանը, ուստի ես պարզապես ոչինչ չունեմ առաջարկելու այս հարցով։ Բայց, իհարկե, ինչպես գիտեք, սա շատ կարևոր հարց է պետքարտուղարի համար և այն է, ինչին նա մեծ ուշադրություն է հատկացնում և խորապես ներգրավված է», - հավելել է Պատելը։

Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 26-ին, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին՝ նշելով՝ Եվրամիության ներկայացուցիչների՝ ՀՀ սահմանամերձ շրջաններում հայտնվելը կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ «ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորեցնի․ այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակներում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով», - նշված է հայտարարության մեջ։

 «Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոն է մնում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը, ինչպես նաև հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահները։  Նրանք կարձագանքեն ԵՄ դիտորդների պահվածքին՝ հաշվի առնելով «գետնի վրա» իրավիճակի զարգացումը։

Արձանագրում ենք, որ Երևանում, տրամաբանական ավարտին չհասցնելով ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքը, նախընտրեցին ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցների մոտ պահպանվի ՀԱՊԿ-ի ներուժի գործարկման հարցում շահագրգռվածությունը, ապա այդ առաքելությունը կարող է օպերատիվ ծավալվել Հայաստանում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել