Դուք չեք նախագահում, այլ ես․ ԵԽԽՎ նախագահը լռեցրել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարին
 |armtimes.com|
10:29 - 27 հունվարի, 2023

Դուք չեք նախագահում, այլ ես․ ԵԽԽՎ նախագահը լռեցրել է ադրբեջանական պատվիրակության ղեկավարին |armtimes.com|

armtimes.com: «Դուք չեք նախագահը, ես եմ նախագահը»,- ի պատասխան ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովի դժգոհության, թե իրեն՝ որպես ադրբեջանական պատվիրակության ղեկավարի, խոսելու հերթ չի հասել ու դա ցույց է տալիս այն, որ վեհաժողովը կողմնակալ է, ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում Լաչինի թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է ԵԽԽՎ նախագահ Թինի Կոքսը։

Բանն այն է, որ ժամանակը լրանալու պատճառով Կոքսը հայտարարել է, որ քննարկումն ավարտվել է, ինչի պատճառով Սամադ Սեիդովին ելույթի հերթ չի հասել։

Նա  լիագումար նիստերի դահլիճում հայտարարել է, թե վեհաժողովը կողմնակալ մոտեցում ունի։

Ի պատասխան՝ Թինի Կոքսը նշել է, որ Սեիդովը ծանոթ է կարգին, ժամանակը սպառվել է.

«Հիմա ես տեսնում եմ, թե որքան կողմնակալ վերաբերմունք ունեք, եթե այս շատ կարևոր քննարկման ժամանակ դուք ի վիճակի չեղաք խոսքի իրավունք տալ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին, սա իսկապես կողմնակալ մոտեցում է։ Եթե հայերը կարողացան իրենց խոսքը ներկայացնել, բայց ես՝ որպես պատվիրակության ղեկավար չկարողացա, ուրեմն սա կողմնակալ վերաբերմունք է»,- հայտարարել է Սեիդովը։

ԵԽԽՎ նախագահը վրդովվել ու պատասխանել է. «Մյուս անգամ չեմ հանդուրժելու Ձեր կողմից կարգի խախտումը։ Դուք փորձառու անդամ եք այս վեհաժողովում և գիտեք, որ չի կարելի այդպես վարվել, այստեղ ես եմ նախագահը»։

2022թ․ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը, ինչի հետևանքով շրջափակման մեջ է Արցախի 120 000 բնակիչ, այդ թվում՝ 30 000 երեխա։ 1100 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 270 անչափահաս, չի կարողանում ՀՀ-ից վերադառնալ Արցախ․ 19 երեխա Գորիս-Ստեփանակերտ ճանապարհով վերադարձել է տուն։ 

ՀՀ-ից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախ։

12 երեխա նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում է, 11 բուժառու՝ վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս ընթացքում շտապ բուժօգնության կարիք ունեցող 46 հայ և 4 օտարերկրացի է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխվել ՀՀ։ Արցախում հիվանդներից մեկը մահացել է:

Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ՝ 2 ժամ տևողությամբ։ Գործում է սննդամթերքի կտրոնային համակարգ։ Գազամատակարարումը մասնակի վերականգնվել է։

Արցախը շրջափակման մեջ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել