ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը
15:30 - 27 հունվարի, 2023

ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է անում ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը

Հունվարի 26-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը: Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ: Այս մասին հայտնում են Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչության էջից:

Բանաձևի տեքստում մասնավորապես ասվում է հետևյալը. 

«Վեհաժողովն արձանագրում է (խմբ.՝ մոնիտորինգային) հանձնաժողովի շարունակական ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին։ Վեհաժողովն ի գիտություն է ընդունում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղարկված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին հրատապ ծանուցումը, որով կոչ է արվում հետևել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատամանը և կոչ է անում անհապաղ և լիարժեք կերպով իրականացնել դատարանի որոշած միջանկյալ միջոցների կատարումը։ Վեհաժողովը նաև հետևում է Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակին։ Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր պահվող անձանց»։

Հիշեցնենք՝ հունվարի 26-ին ԵԽԽՎ-ում քննարկում տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ: 
 
Շվեդ պատվիրակը հայտնել է, որ Ադրբեջանը անտեսել է Լաչինի միջանցքը ապաշրջափակելու միջազգային հանրության կոչերը։ Բրիտանացի խորհրդարանականը նշել է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկանում են խաղաղ ապրել որպես հարևաններ, պետք է միմյանց հետ անկեղծ խոսելու հնարավորություն գտնեն։ Ֆինլանդիայի պատգամավորի խոսքով իրենք պատրաստ են գնալ տարածաշրջան և հնարավորինս գնահատել իրավիճակը։
 
Թուրքիայի ներկայացուցիչը, իհարկե, շտապել է պաշտպանել ադրբեջանցի «եղբայրներին»։ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սաիդովի ու ևս 8 ելույթի համար ժամանակ չի մնացել, ու Սաիդովը ԵԽԽՎ-ին մեղադրել է կողմնակալության մեջ։
 
Հայաստանի պատվիրակները իրենց ելույթներում ներկայացրել են ԼՂ-ում տիրող հումանիտար իրավիճակը ու հերքել Ադրբեջանի պնդումները՝ Լաչինի միջանցքի իբր փակ չլինելու վերաբերյալ։ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ դիտարկվում է քննարկման արդյունքներով ԵԽԽՎ-ի զեկույց ընդունելու հնարավորությունը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել