Ադրբեջանը Հաագայի դատարանում պահանջեց հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պնդելով, թե «նոր փաստեր ունեն»
 |azatutyun.am|
16:51 - 31 հունվարի, 2023

Ադրբեջանը Հաագայի դատարանում պահանջեց հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պնդելով, թե «նոր փաստեր ունեն» |azatutyun.am|

azatutyun.am: Արցախն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի ավելի քան մեկուկես ամիս շարունակվող արգելափակման ֆոնին՝ Բաքուն այսօր Արդարադատության միջազգային դատարանից պահանջում է պարտավորեցնել Հայաստանին դադարեցնել «ադրբեջանական տարածքների ականապատումը» և Լաչինի ճանապարհի օգտագործումը՝ Ղարաբաղ «ականները տեղափոխելու համար»։ Ադրբեջանի ներկայացուցիչ Էլնուր Մամեդովը ՄԱԿ-ի դատարանում իր ելույթում պահանջեց հրատապ միջոց կիրառել Հայաստանի դեմ՝ պնդելով, թե նոր փաստեր ունի։

«Ադրբեջանը նոր ապացույցներ ունի, որ Հայաստանը շարունակում է ականապատել ադրբեջանական տարածքներ։ Ադրբեջանում 2021 թվականին հայկական արտադրության ավելի քան 2700 ական է հայտնաբերվել։ Այդ ականների կեսից ավելին հայտնաբերվել է քաղաքացիական տարածքներում։ Տներում պայթուցիկ թակարդներ են հայտնաբերվել, որոնց նպատակը սպանել կամ խեղել տուն վերադառնալ ցանկացող ադրբեջացիներին», - հայտարարել է նա։

Ադրբեջանի ներկայացուցչի խոքով՝ Հայաստանը այսպիսով խախտում է 2020թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Ըստ ադրբեջանական կողմի՝ այդ ականների և այլ տեսակի սպառազինության փոխադրման համար օգտագործվում է Լաչինի ճանապարհը, որը նախատեսված է բացառապես հումանիտար նպատակներով։

Ավելի վաղ «Արմենպրեսի» հետ զրույցում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, թե նոր արտադրության ականները ադրբեջանցիները հայտնաբերել են ոչ թե Լեռնային Ղարաբաղում, այլ 2021 և 2022 թվականներին իրենց կողմից օկուպացրած Հայաստանի տարածքներում։

«Մենք չենք հերքում, որ ՀՀ ԶՈՒ-ը Հայաստանի ինքնիշխան տարածքում իրականացնում է ականապատման աշխատանքներ, և դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից ռազմական նոր ագրեսիաների իրականացման մշտապես բարձր ռիսկի հետ, ինչի ականատեսն ենք եղել ինչպես 2021թ․ մայիսին և նոյեմբերին, այնպես էլ 2022թ․ սեպտեմբերին»,- ասել էր Արարատ Միրզոյանը։

Մամեդովն այսօր հայկական կողմին մեղադրեց ականների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ՝ պնդելով, թե իրենց դեմ պատերազմը շարունակվում է: Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո ականների պայթյունների հետևանքով 292 ադրբեջանցի է զոհվել կամ վիրավորվել։

«Ադրբեջանցիները շարունակում են լրջորեն վնասվել և մահանալ, որովհետև Հայաստանը չի ցանկանում կիսել այն տեղեկությոնը, որը կարող էր նրանց փրկել», - նշեց նա։

Հայկական կողմը երեկոյան միայն հնարավորություն կունենա հակափաստարկներ ներկայացնել։ Երեկ Հաագայի դատարանում միջազգային դատավորները լսել են հայկական կողմի բողոքն ընդդեմ Ադրբեջանի։ Հայաստանը միջազգային դատարանից պահանջում է հրատապ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, ապահովել մարդկանց, տրանսպորտի ազատ, երկկողմ տեղաշարժը, ինչպես նաև անհապաղ վերականգնել էներգիայի մատակարարումը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել