ՀՀ Կառավարությունը կարևորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը. Բադասյան
17:34 - 01 փետրվարի, 2023

ՀՀ Կառավարությունը կարևորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը. Բադասյան

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության պետ Վահան Չարխիֆալակյանը և Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին։ Կողմերի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագիրն արտացոլելու է փոխադարձ շփումներն ակտիվացնելու կողմերի պատրաստակամությունը, վարչական փոխօգնության տարբեր տեսակների նկատմամբ մշակված համատեղ մոտեցումները։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ ՀՀ պետական ​​եկամուտների կոմիտեի համար անդրսահմանային ֆինանսատնտեսական իրավախախտումների դեմ պայքարի ակտիվացումը եղել և մնում է իրականացվող բարեփոխումների առաջնահերթ ուղղություններից մեկը։ Կոմիտեի նախագահը շեշտել է, որ վերջին տարիներին բեկում է գրանցվել Հայաստանում վարչական գործընթացների ավտոմատացման և թվայնացման գործում, ինչը թույլ է տալիս ներդնել օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության նոր մոտեցումներ և մեխանիզմներ:

Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին ընդգծել է փոխըմբռնման հուշագրի կարևորությունը երկու երկրների ֆինանսական հետաքննության ծառայությունների ներկայացուցիչների միջև ֆինանսատնտեսական հանցագործությունների դեմ պայքարի գործում:

Հայաստանի և Վրաստանի ֆինանսական հետաքննության մարմիններն իրենց փոխգործակցությունը ակտիվացրել են ՊԵԿ ՀՕՀՎ պետ Վահան Չարխիֆալակյանի գլխավորած պատվիրակության Թբիլիսի կատարած այցի ժամանակ` 2022 թ. դեկտեմբերին: Վրաստանում կողմերը անդրադարձել էին անդրսահմանային հարկային հանցավորության դեպ պայքարում փոխադարձ համագործակցության հրատապ հարցերին և ձեռք էին բերել փոխգործակցության ակտիվացմանն ուղղված մի շարք պայմանավորվածություններ։ Վրացական կողմի ներկայիս պատասխան այցը Երևան կոչված է արձանագրելու պայմանավորվածությունների կատարման ընթացքը և առաջին ձեռքբերումները։

Բադասյանը նաև նշել է, որ Հայաստանի Հանրապետության Կառավարությունը կարևորում է Վրաստանի հետ տարածաշրջանային համագործակցության ամրապնդումը` հիմնված մեր ժողովուրդների միջև փոխադարձ շփումների և բարեկամության պատմական ավանդույթների վրա։

«Ցանկանում եմ գոհունակությամբ նշել հայ-վրացական փոխըմբռնումն ու փոխգործակցությունը, որը ձևավորվել է երկար տարիների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական ​​եկամուտների կոմիտեի իրավասության ներքո գտնվող բոլոր ոլորտներում»,- նշել է Բադասյանը:

«Երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում, երբ առևտրաշրջանառությունն աստիճանաբար աճում է, զուգահեռաբար աճում է նաև տնտեսական հանցագործությունների կատարման ռիսկը։ Հուսով եմ, որ Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայությունը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կգործադրեն բոլոր ջանքերը բարելավելու հաջող և արդյունավետ համագործակցությունը հուշագրով նախատեսված բոլոր առանցքային ուղղություններով»,- ասել է Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության ղեկավար Սոսո Ռամիշվիլին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել