Շրջափակմամբ պայմանավորված` ինչ խնդիրներ կառաջանան մսի շուկայում. պարզաբանում է պատասխանատուն
 |artsakhpress.am|
16:49 - 02 փետրվարի, 2023

Շրջափակմամբ պայմանավորված` ինչ խնդիրներ կառաջանան մսի շուկայում. պարզաբանում է պատասխանատուն |artsakhpress.am|

artsakhpress.am: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում բազմաթիվ խնդիրներ են ստեղծվել, այդ թվում՝ կերային բազայի համալրման հետ կապված:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ Գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Տիգրան Առստամյանը։

«Վիճակը հատկապես կրիտիկական է  խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այդ կենդանատեսակները սնվում են բացառապես հատիկային կերով, ապա նաև այն փաստով, որ  2023 թվականի հունվար ամսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, խոզերի գլխաքանակն աճել է շուրջ 30 տոկոսով, այսինքն՝ կերի պահանջարկն աճել է:

Հետագայում, շրջափակման շարունակման դեպքում, խտացված և հատիկավոր կերերի մասով խնդիր է առաջանալու անասնաբուծության բոլոր ճյուղերում»,-մանրամասնել է Տ. Առստամյանը։
 
Փոխնախարարի խոսքով`  նշված կերերի պակասը միառժամանակ կլրացվի պահուստային պաշարների հաշվին, բայց հետագայում կարող են լուրջ խնդիրներ ի հայտ գալ, քանի որ դրանք, բնականաբար, անսպառ չեն:

Անդրադառնալով մսամթերքի առկա պաշարներին՝ պատասխանատուն ընդգծեց` հստակ հնարավոր չէ նշել, թե որքան կբավարարեն:

«Մարդու օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջներով(սննդային նյութերով և էներգիայով ապահովման առումով) պայմանավորված` մսի առկա  քանակն անբավարար կարելի է համարել,  սակայն նվազագույն զամբյուղի հաշվարկներով արտադրանքի քանակը բավարար է: Այս օրերին շուկայում տավարի և ոչխարի մսի պակաս է նկատվում, ինչը պայմանավորված է սեզոնային որոշ առանձնահատկություններով: Արդեն գարնան ամիսներին այս հարցը  կկարգավորվի՝ նորածին գառների և մատղաշների հասունացմամբ պայմանավորված։ Իսկ մորթը կարող է իրականացվել տարվա ցանկացած եղանակի, եթե կենդանին ֆերմերի կողմից բտվել է մորթի ենթարկելու նպատակով` որոշ բացառություններով։ Կարևոր է նաև նշել, որ մորթը չի իրականացվում մայրական գլխաքանակի հաշվին, այլ տարվա կտրվածքով ֆերմերի կողմից նախատեսված գլխաքանակի՝ մատղաշների, բուծման ոչ ենթակա արուների և էգերի հաշվին»,-իրազեկել է նախարարի առաջին տեղակալը։

Անդրադառնալով անասնաբուծության  զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը՝ մեր զրուցակիցն ընդգծել է, որ այս տարի ևս կգործեն նույն ծրագրերը, ինչ  նախորդ տարիներին` որոշ պայմանների ու կետերի վերանայմամբ:

««Գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորում», «Ձեռքբերվելիք տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորում», «Ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի մասնակի սուբսիդավորում», «Սպանդանոցների, անասնաբուծական մթերքների և  հումքի վերամշակման արտադրամասերի, անասնաշենքերի, ձկնաբուծարանների (խեցգետնաբուծարանների), սնկանոցների կառուցման, վերակառուցման ու վերանորոգման արժեքի մասնակի սուբսիդավորման ծրագիր», «Արցախի Հանրապետությունում անասնապահության զարգացման խթանման ծրագիր», «Անասնաբուծության կանոնակարգում և արոտների կառավարում», «Կաթի մթերման դիմաց լրավճարի տրամադրում». սրանք են 2023 թվականին նախանշվող ծրագրերը՝ ուղղված, համապատասխանաբար, տեղական նախրի որակի բարելավմանը, կենդանիների մթերատվության մակարդակի բարձրացմանը, տոհմային բարձր մթերատու հատկանիշներով սերնդի ստացմանը, ազնվացեղ տոհմային կենդանիների  արժեքի և ներմուծվող տոհմային կենդանիների արժեքի 50 տոկոսի չափով սուբսիդավորմանը, արոտների արդյունավետության ու կերային արժեքի բարձրացմանը, բուսածածկի վերականգնմանը, հողերի հետագա դեգրադացման վտանգի կանխմանը, խոշոր և մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակի, անասնապահական մթերքների արտադրության ծավալների ավելացման համար նախադրյալների ստեղծմանը, կաթի արտադրության ծավալների ավելացմանը, կաթ արտադրողներին և վերամշակողներին աջակցմանը, կաթի  իրացման շուկայում գների անհիմն տատանումների բացառմանը»,-ընդհանրացրել է Տ. Առստամյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել