Հենց այդ փաստաթղթով են ստեղծվում ԼՂ-ն ճանաչելու հիմքերը. քաղաքագետն անդրադարձել է Պրահայի փաստաթղթի իրավական կողմերին
 |armenpress.am|
13:48 - 03 փետրվարի, 2023

Հենց այդ փաստաթղթով են ստեղծվում ԼՂ-ն ճանաչելու հիմքերը. քաղաքագետն անդրադարձել է Պրահայի փաստաթղթի իրավական կողմերին |armenpress.am|

armenpress.am: Քաղաքագետ Սուրեն Զոլյանը պնդում է, որ Ալմա-Աթայի հռչակագրին հիմա հաճախ սխալ մեկնաբանություն է տրվում, դրանով Հայաստանը ԼՂ-ն չի ճանաչում Ադրբեջանի կազմում: Նա կարիք է տեսնում, որ Հայաստանը հայտարարության ձևով վավերացնի այն մեկնաբանությունը, որը եղել է հենց 1992 թվականին:

Սուրեն Զոլյանը նման տեսակետ հայտնեց Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու վերաբերյալ «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ հայտարարության նախագծի առնչությամբ խորհրդարանական լսումներում:

Նա անդրադարձավ Պրահայի փաստաթղթի իրավական կողմերին: Զոլյանը նշեց՝ կա հիշատակում՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ըստ նրա՝ պետք  չէ ընդունել այն մեկնաբանությունը, թե դա իբր Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է՝ ԼՂ-ն Ադրբեջանի կազմում:  Քաղաքագետը կարծում է, որ այնտեղ բերված են այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա ԼՂ-ն դուրս է եկել օրինական կարգով: Ադրբեջանը չի անցկացրել այն հանրաքվեն, որի արդյունքների հիման վրա ԼՂԻՄ-ի կարծիքը պետք է առանձին հաշվարկվեր: «Այսինքն՝ այդ փաստաթուղթը նախևառաջ կարող է հիմք հանդիսանալ և մեկնաբանվել այդպես, ինչպես եղել է 1992 թվականին: Միջազգային պայմանագրերի վերաբերյալ մեկնաբանության հատուկ օրենք կա, և այնտեղ նշվում է, որ մեկնաբանությունը համապատասխանում է ընդունման պահին: Այսինքն՝ մենք պետք է որպես հիմք ընդունենք 1991-1992 թ-ի մեկնաբանությունները»,-ասաց քաղաքագետը:

Նա նշեց՝ այդ ժամանակ փաստաթուղթը ստորագրած Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը չի ասել, որ դրանով Հայաստանը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի կազմում: Հակառակը՝ Ադրբեջանի Մեջլիսը հետ է կանչել Մութալիբովի ստորագրությունը: 1993 թ-ին արդեն Հեյդար Ալիևը ստիպված է եղել նորից ստորագրել:

«Ալմա-Աթայի պայմանագրում հստակ նշված են այն հիմքերը, որով պետք է Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչվեր որպես ԱՊՀ-ի մաս: Մենք պետք է ընդունենք հենց այդ մեկնաբանությունը»,-ասաց Զոլյանը:

Ըստ նրա՝ հայտարարության ձևով պետք է վավերացվի այն մեկնաբանությունը, որը տրվել է 1992 թվականին: «Դա որևէ կապ չուներ տարածքային ամբողջականության հետ: Տալով այս մեկնաբանությունը՝ մենք կարող ենք շրջել Պրահայի փաստաթուղթը, որն անընդհատ մեր դեմ է օգտագործվում: Մենք պետք է ասենք, որ հենց այդ փաստաթղթով են ստեղծվում ճանաչելու հիմքերը»,-եզրափակեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵԽ նախագահ Միշելի՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած հանդիպման արդյունքով ընդունվել է հայտարարություն։ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա-Աթայի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել