«Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել». Գուրգեն Արսենյանը՝ Արցախի վերաբերյալ իր հայտարարության մասին
 |news.am|
14:02 - 07 փետրվարի, 2023

«Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել». Գուրգեն Արսենյանը՝ Արցախի վերաբերյալ իր հայտարարության մասին |news.am|

news.am: Առայժմ ուզում եմ հասկանալ, թե Արցախի ԱԺ խմբակցությունները իմ ո՞ր հայտարարությանն են արձագանքել, իրենք չեն նշել, երբ կճշտեն, այդ ժամանակ էլ ես կարձագանքեմ: Այս մասին այսօր՝ փետրվարի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ անդրադառնալով նրան, որ Արցախի ԱԺ 5 խմբակցությունները հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ՝ Գուրգեն Արսենյանի հայտարարությունները համարելով անպատասխանատու, վտանգավոր եւ կոչ էին արել հարցը քննարկել էթիկայի հանձնաժողովում:

«Ես Հայաստանի ԱԺ պատգամավոր եմ, ընտրվել եմ մի քաղաքական թիմի կազմում, որի ռաջնային խնդիրը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է, իրականացնում եմ իմ աշխտանքը, սպասարկում եմ ՀՀ պետական շահերը, պաշտպանում եմ Հայաստանի ժողովրդի շահերը»,-ասաց նա:

Հարցին՝ պատրա՞ստ է կրկնել իր հայտարարությունը, ըստ որի պետք չէ երեք միլիոն հայերի վտանգի ենթարկել Արցախի 120 հազար բնակիչների համար, Արսենյանը պատասխանեց. «Հայաստանը 3 մլն բնակիչ ունի, շարունակում եմ պնդել, որ ինձ համար առաջնայինը Հայաստանի պետական շահերի սպասարկումն է: Արցախի 120 հազար ժողովուրդը, որ շրջափակման մեջ է, մտնում է Հայաստանի պետական շահերի սպասարկման կոմպլեքսի մեջ: Մենք ունենք հնարավորություն ճշտելու, թե որ արտահայտությունը ինչին է ուղղված: Այն լրատվական, քարոզչական աղմուկը, որ կա Հայաստանում եւ Արցախում, եւ որն ուղղված է ՀՀ իշխանությունների դեմ, ինչ-որ պահի կքչանա թեժությունը: ՀՀ իշխանությունների վրա տեղի է ունենում ինչ-որ տարօրինակ տեղեկատվական հարձակում: Երբ ԱԺ դահլիճում ես լսում եմ քննարկում, որը նվիրված է Լաչինի միջանցքի բացմանը կամ փակմանը եւ լսում եմ արտահայտություն, որ պետք է մահապարտների ինչ-որ բան ձեւավորել, որ քշեն այս իշխանություններին, բնականաբար, ես  պետք է իմ կարծիքն արտահայտեմ եւ ասեմ, որ ՀՀ օրինական իշխանությունների փոփոխությունը կարող է տեղի ունենալ ոչ թե մահապարտների գործիքակազմի կիրառմամբ, այլ ժողովրդի ցանկությամբ՝ ընտրությունների միջոցով»:

Արսենյանը հայտարարեց, որ Հայաստանը ՀՀ քաղաքացիների պետությունն է, որոնք ապրում են Հայաստանում, հարկեր են վճարում Հայաստանում, ծառայում են ՀՀ բանակում. «Ո՞վ ասաց, որ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունը չի մտնում Հայաստանի պետական շահերի սպասարկման մեջ: Ընկալումների խնդիր է, մարդիկ պետք է մի քիչ բարձրացնեն իրենց ընկալումների հնարավորությունը: Երբ նույն Արցախի ԱԺ խմբակցությունների կողմից դատապարտվում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը ու հղում է արվում, որ իրենց կարծիքով ջուր է լցվում թուրք-ադրբեջանական տանդեմի ջրաղացին, ես խնդրում եմ, որ այդ մարդիկ, թուրք-ադրբեջանական տանդեմի մասնագետները ինձ բացատրեն, թե դա ի՞նչ ջրաղաց է, էդ ինչ ջուր է լցվում, ինչքան է այդ ջրաղացի հզորությունը, ոնց է այդ ջրաղացն աշխատում: Իրենք մասնագետն են դրա, ես  դրա մասնագետը չեմ, ես Հայաստանի պետական շահերի պաշտպանության մասնագետ եմ: Ցանկացած տիպի վարկաբեկման փորձ, ինձ համար էական չէ եւ չի լինելու:

Ես իմ կյանքի ընթացքում այս միջոցառումների ողջ կոմպլեքսը մի անգամ տեսել եմ. 1997-1998 թվականների պետական հեղաշրջմանը նախորդող կոմպլեքսը, որն ուղղված էր ՀՀ պետական շահերը պաշտպանող գործիչներին  թուլացնելուն կամ չեզոքացնելուն»,- ընդգծեց ՔՊ-ական պատգամավորը:

Հարցին, թե պատրա՞ստ է էթիկայի հանձնաժողովում այս հարցով բոլոր հարցերին պատասխանել, Արսենյանը պատասխանեց. «Ես հանդես չեմ եկել որեւէ հարց էթիկայի հանձնաժողովում քննարկելու: Եթե էթիկայի հանձնաժողովը կգտնի, որ Գուրգեն Արսենյանը էթիկայի հանձնաժողովում բացատրություններ տալու, մեկնաբանություններ տալու կարիք կա, ես երբեք չեմ խուսափել շարադրել իմ մտքերը: Ես իմ արած ոչ մի հայտարարության համար երբեք չեմ ափսոսացել: Եթե ափսոսալու բան լիներ, ես հանդես կգայի հերքումով: Սա քաղաքական հստակ դիրքորոշում է: Ես միշտ ասել եմ, որ կան պետական շահեր եւ ազգային շահեր: Ես պետական շահերի սպասարկմամբ զբաղվող անձնավորություն եմ: Ազգային շահերի պաշտպնությունը այլ տիպի գործիչների ունակությունների դաշտում է»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել