Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է Հարավային կովկասում հարաբերությունների նորմալացման գործընթացին. Չավուշօղլու |armenpress.am|
14:08 - 15 փետրվարի, 2023

Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է Հարավային կովկասում հարաբերությունների նորմալացման գործընթացին. Չավուշօղլու |armenpress.am|

armenpress.am: Հայաստանն այս դժվարին օրերին մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն: Անկարայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո լրագրողների համար կատարած հայտարարության ժամանակ ասաց Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:

«Այսօր Հանդիպել ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Երկրաշարժից հետո նա  այցելել է մեզ՝ ի նշան Թուրքիայի հետ համերաշխության:

Երկրաշարժից անմիջապես հետո վարչապետ Փաշինյանը ցավակցական ուղերձ հղեց մեր նախագահին և հայտնեց, որ պատրաստ է աջակցություն տրամադրել: Վարչապետ Փաշինյանը նաև հեռախոսազրույց ունեցավ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Դրանից հետո Հայաստանը մեր երկիր որոնողափրկարարական խումբ ուղարկեց, ովքեր փետրվարի 8-ից մինչ օրս Ադայամանում աշխատում են մեզ հետ: Նրանք փոքր աղջկա և երիտասարդ կնոջ են կարողացել ողջ դուրս բերել փլատակներից»,- նշեց Թուրքիայի ԱԳ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հայկական կողմին այս դժվարին օրերին իրենց միայնակ չթողնելու համար:

Չավուշօղլուն մանրամասնեց, որ Հայաստանը 100 տոննա մարդասիրական աջակցություն է ուղարկել աղետից տուժած Թուրքիա, ևս մեկ խմբաքանակ ճանապարհին է:

«Դժբախտաբար, Հայաստանը ևս գտնվում է սեյսմիկ գոտում: Բոլորիս հիշողության մեջ մնում է 1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժը, որի ժամանակ Թուրքիան ևս օգնություն էր ուղարկել Հայաստանին: Հայաստանը 1999 թվականին մեր երկրում տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ ևս մարդասիրական օգնություն էր ուղարկել: Այս դժվարին օրերին ևս մեզ իր մարդասիրական ձեռքն է ուղղել և ցույց է տվել համերաշխություն և համագործակցություն»,- նկատեց Թուրքիայի ԱԳ նախարարը:

Մևլութ Չավուշօղլուն մամուլի ներկայացուցիչների համար հայտարարության ժամանակ անդրադարձավ նաև Արարատ Միրզոյանի հետ երկկողմ հանդիպմանը: Նա նշեց, որ հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող աշխատանքներին:

«Հարավային կովկասում շարունակվում է հարաբերությունների նորմալացման գործընթացը: Համոզված ենք, որ այս օրերին տեղի ունեցած համագործակցությունը նպաստելու է այս գործընթացին: Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև նորմալացման գործընթացները, կարծում եմ, նպաստելու են մեր տարածաշրջանում կայունության և բարօրության հաստատմանը:

Մեր երեք երկրներն իրենց անկեղծ քայլերով կարող են հարատև կայունություն բերել կովկասյան տարածաշրջանում»,-եզրափակեց Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը:

ՀՀ ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն Անկարայից ուղևորվեց Ադեյաման:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել