Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արմեն Գրիգորյանի հայտարարություններին ու մեղադրանքներ հնչեցրել
 |armtimes.com|
11:27 - 16 փետրվարի, 2023

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Արմեն Գրիգորյանի հայտարարություններին ու մեղադրանքներ հնչեցրել |armtimes.com|

armtimes.com: Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն մեկնաբանել է փետրվարի 14-ին «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն այն մասին, թե «Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը ներառում է Ղարաբաղում հայերի իրավունքների և անվտանգության քննարկման միջազգային մեխանիզմի ստեղծման մասին դրույթ»:

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Հաջիզադեն նշել է, որ հայկական կողմը դիմել է «մանիպուլյացիաների», որոնք խոչընդոտում են խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացին, ևս մեկ անգամ ցույց տալիս, որ «Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ»։

«Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում Հայաստանի նախաձեռնությունը՝ «ստեղծել միջազգային մեխանիզմ՝ Ղարաբաղի տարածքում բնակվող հայ բնակիչների իրավունքների և անվտանգության պաշտպանության համար», խոչընդոտներ են ստեղծում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի համար և ևս մեկ անգամ ցույց տալիս, որ Հայաստանը շահագրգռված չէ տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ:

Այս ջանքերը ցույց են տալիս, որ Հայաստանը դեռևս չի հրաժարվել Ադրբեջանի դեմ իր տարածքային պահանջներից՝ հակասելով միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ինչպես նաև Պրահայի և Սոչիի պայմանագրերին, որոնց համաձայն՝ երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հայտարարել է Հաջիզադեն:

ԱԳՆ պաշտոնյան հայտարարել է, թե ցանկանում է «հիշեցնել», որ «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մաս է, և այս տարածաշրջանում ապրող հայազգի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը ապահովվելու են՝ ԱՀ Սահմանադրության համաձայն։

«Հայաստանի միջամտությունը հայազգի բնակիչների վերաինտեգրման գործընթացին, որն Ադրբեջանի ներքին խնդիրն է, անընդունելի է»,- եզրափակել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել