Մենք շարունակում ենք մեր պայքարը հանուն հայկական, անկախ ու անվտանգ Արցախի՝ վճռականորեն ապրելով և սրտացավորեն գործելով Արցախում․ Արայիկ Հարությունյան
17:27 - 23 փետրվարի, 2023

Մենք շարունակում ենք մեր պայքարը հանուն հայկական, անկախ ու անվտանգ Արցախի՝ վճռականորեն ապրելով և սրտացավորեն գործելով Արցախում․ Արայիկ Հարությունյան

Անհրաժեշտ է գիտակցել, որ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը պետք է փայփայել ու զորացնել, քանի որ դա մեր ազգային շահերից է բխում, և անթույլատրելի է այդ երեքից որևէ մեկին վերաբերվել որպես լրիվ առանձին կամ խանգարող միավորի: Այս մասին այսօր՝ փետրվարի 23-ին տեղի ունեցած կառավարության նիստի ընթացքում ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

«Այո, Արցախը բացառիկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար, օբյեկտիվ իրականությունից ելնելով Արցախը ձգտում է ինքնուրույն հանդես գալ սեփական խնդիրների լուծման հարցում և բարձրացնել միջազգային սուբյեկտայնության մակարդակը, սակայն առանց Հայաստանի և Սփյուռքի մշտական աջակցության և ուղեկցության Արցախը չի կարող հաջողել: Իսկ Արցախն էլ իր բաժին պատասխանատվությունն է ստանձնում համազգային շահերի պաշտպանության գործում»,- նշեց Հարությունյանը։ 

Նախագահը անդրադարձավ նաև նրան, թե ի՞նչ է արվում անվտանգության ապահովման ուղղությամբ:

Զգալի աշխատանք կատարվել և կատարվում է անվտանգության սեփական համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ, սակայն հաշվի առնելով այդ թեմայով առկա խիստ զգայուն հարցերը՝ նախընտրելի է դրանց մասին քիչ խոսել, շատ աշխատել: Արցախում ապրող յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, որից ծնվում է դրա դեմ ուղղված հարձակումներից ու ոտնձգություններից այդ իրավունքը պաշտպանելու համընդհանուր ինքնապաշտպանության իրավունքը: Այս իրավունքը անքակտելիորեն մեզ ուղեկցելու է այնքան ժամանակ, քանի դեռ առկա է մեր քաղաքացիների կյանքին ու առողջությանն ուղղված վտանգը: Այնուամենայնիվ, մեր խոցելիության աստիճանը նկատի ունենալով՝ անհրաժեշտ է գիտակցել, որ մեր անվտանգության արտաքին երաշխիքները երկար ժամանակ կարևորագույն դեր են խաղալու մեզ համար: Ուստի, ջանքեր ենք գործադրում բարելավելու ռուս խաղաղապահների առաքելության արդյունավետության մակարդակը, ինչպես նաև քննարկում ենք միջազգային քաղաքական այլ երաշխիքների կիրառման հնարավորությունները:

Թեև Ադրբեջանի հետ հակամարտությունը մեր գլխավոր մարտահրավերն է, որը բացասաբար է ազդում Արցախի ժողովրդի կյանքի բոլոր ոլորտների վրա, այնուամենայնիվ, մեր ներքին հիմնախնդիրները նույնպես կարևոր նշանակություն ունեն ավելի ամուր ու զարգացած ապագա կերտելու ճանապարհին: Ավելին, դրանք ուղիղ կերպով անդրադառնում են նաև անվտանգային ու արտաքին քաղաքական հարցերի լուծման ջանքերի արդյունավետության վրա:

Որո՞նք են ներքին կյանքում առաջնահերթ մարտահրավերներն ու անելիքները:

Նախ պետք է արձանագրել, որ խորքային առումով Արցախի ապագայի հարցում միասնական դիրքորոշում է առկա ողջ հասարակության մեջ, այդ թվում՝ քաղաքական համակարգում: Սակայն խնդրահարույց է, որ տարբեր շահարկումների և բամբասանքների ազդեցությամբ այս թեմայով կեղծ ու անհիմն պառակտումներ են հրահրվում հասարակության մեջ, ընդ որում՝ ցավալի է, որ դա արվում է ոչ միայն ադրբեջանական կողմից, այլև՝ երբեմն հայկական շրջանակներից:

Փոխադարձ հարգանքն ու հանդուրժողականությունը շատ կարևոր է ներսում: Բոլորը պետք է գիտակցեն, որ մենք ներսում թշնամիներ չունենք, մենք ընտրել ենք մեր հայրենիքում ապրելու և պայքարելու արժանապատիվ ճանապարհը, և բոլորս պայքարի նույն շարքում ու դիրքում ենք գտնվում: Ուստի, ակնկալում ու պահանջում եմ, որ բոլորս վարվենք կուռ պայքարի տրամաբանությամբ՝ միասնական լինելով մեր նպատակների ու արժեքների շուրջ, ոչ թե՝ անձանց, այդ թվում՝ իմ, քանի որ մեր ներքին պառակտումների գլխավոր պատճառը սովորաբար լինում է անձնավորված մոտեցումների մեջ:

2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո Արցախի Հանրապետության առջև ծառացած կարևորագույն հրամայականներից էր ներքին համերաշխության ու միասնականության ապահովումը՝ երկրի առջև ծառացած խնդիրները արժանապատվորեն և անցնցում հաղթահարելու համար: Այդուհանդերձ, հանրության շրջանում ձևավորված դժգոհությունն ու միմյանց նկատմամբ անվստահության մթնոլորտը դեռևս շարունակվում է պահպանվել, ինչը պարտադրում է իշխանություններին հավելյալ քայլեր ձեռնարկել արցախյան կյանքի կայունությունն ու տևական խաղաղությունն ապահովելու ուղղությամբ:

Մենք պետք է ընդունենք, որ 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակում ԱՀ Սահմանադրության և օրենքների հիման վրա ստեղծված՝ ժողովրդաիշխանությունն արտահայտող պետական մարմինները ամբողջապես չեն արտացոլում հանրային տրամադրությունները, որոշ դեպքերում չունեն վստահության անհրաժեշտ չափ, ինչը մերօրյա անորոշությունների ու անընդհատ փոփոխվող պայմաններում հաճախ ծնում է օբյեկտիվ ու սուբյեկտիվ դժգոհության ալիքներ, հանգեցնում պոռթկումների, ներքին ցնցումների: Մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ Արցախում ներքին անկայունությունը, ցնցումներն ու հակադրությունները լրջագույն վտանգ են ներկայացնում, կարող են էականորեն վնասել մեր շահերին, արտաքին ուժերի մոտ առաջացնել մոտեցումների, վերաբերմունքի ու տրամադրությունների փոփոխություն, որոնք կարող են անցանկալի հետևանքներ առաջացնել: Մենք որդեգրել ենք համընդհանուր ճանաչում ստացած՝ այլակարծությունը, խոսքի ազատությունը հարգելու քաղաքականությունը, նույնիսկ 44-օրյա աղետալի պատերազմից հետո մարդու իրավունքների պաշտպանության հարցում ոչ միայն որևէ նահանջ չենք կատարել, այլև արտաքին լսարանից հաճախ նույնիսկ ստացել ենք դրական արձագանքներ: Հետևաբար, մենք պետք է փորձենք առավելագույն պատասխանատվությամբ վերաբերվել և մեր երկրի հեղինակությանը, միջազգային վարկին և ներքին կայունության պահպանման անհրաժեշտությանը:

Վերջին օրերին հանդիպել եմ Արցախում գործող կուսակցությունների, Ազգային ժողովում ներգրավված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ, ներկայացրել երկրում ստեղծված իրավիճակը, ներքին ու արտաքին վտանգներն ու մարտահրավերները: Արձագանքել եմ հանրային սեկտորի ներկայացուցիչների հայտարարությանը, հանդիպել եմ նրանց հետ, ընդունել եմ երկրի ներքին կյանքում առաջացած բևեռվածության, հասարակության պառակտվածության և հանրության շրջանում ապագայի հանդեպ հավատն ու հույսը ամրացնելու հրատապ անհրաժեշտության մասին պնդումները և դրանց վրա հիմնված՝ Արցախի Հանրապետության շրջանների ներկայացուցիչներից կազմված՝ Նախագահին կից խորհրդատվական մարմին ստեղծելու պահանջը, որը պետք է ծառայի որպես երկրի ներքին ու արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի քննարկման հարթակ, ունենա հանրային-վերահսկողական առարկայացված լծակներ, խորհրդատվության, առաջարկություններ ներկայացնելու առանցքային ու ծանրակշիռ իրավունք: Նախատեսում եմ այդ մարմնին մասնակից դարձնել անհամեմատ ավելի շատ հարցերի ու խնդիրների քննարկմանը՝ ոչ միայն որպես խորհրդատվություն կամ առաջարկություն ներկայացնողի, այլև տարբեր գործընթացներում որպես անմիջական մասնակցողների: Մենք պետք է մեր ժողովրդին լիարժեքորեն համոզենք, որ, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, թիկունքում ոչ մի հարց չի քննարկվելու, և Արցախի ու արցախահայության ճակատագրի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվելու: Առաջիկա օրերին մեկնարկելու են այդ գաղափարի իրագործման աշխատանքները: Խորհրդատվական այս մարմնի ստեղծման մասին իմ նախորդ հայտարարությունից հետո հնչել են տարբեր տեսակետներ, բարձրաձայնվել են մտահոգություններ իբր Սահմանադրական մարմինների լիազորությունները կրճատելու, այլ մարմիններին փոխանցելու անթույլատրելիության մասին, ոմանք նույնիսկ սկսել են թիրախավորել նախաձեռնող խմբին: Իրականում, սակայն, խոսքը և նախաձեռնությունը ոչ թե պետական մարմինների լիազորությունների կրճատման մասին է, այլ հակառակը՝ դրանց իրացումը վերահսկողության տակ պահելու: Եթե հանրային իշխանությունների մոտ արդեն կա նման հակադրություն ստեղծվելիք խորհրդատվական մարմնի առնչությամբ, նշանակում է՝ հանրության՝ ի դեմս նախաձեռնող խմբի պահանջն այդ առումով ամբողջությամբ հիմնավոր ու արդարացված է, նշանակում է՝ ճիշտ ճանապարհին ենք, և ստեղծվելիք մարմինը ունակ է լինելու ծառայել որպես բավարար զսպող ուժ:

Մեր անհամերաշխությունը, պառակտվածությունը, միմյանց նկատմամբ թշնամանքն ու ատելությունը, անձնականը պետականից գերադասելու մոտեցումները և այս ամենի համադրության մեջ ձևավորված ներքին կյանքի մթնոլորտը ուղղակի նվեր է մեր հակառակորդներին՝ մեզ նվաճելու իրենց ծրագիրն իրագործելու գործում: Ամեն անգամ տարբեր իրավիճակներում համոզվում ենք, որ ընդամենը մի քանի հոգու ջանքերի մեկտեղումը ինչպիսի մեծ արդյունքներ է ապահովում ոչ միայն ներսում, այլև միջազգային հարթակներում: Եկեք համախմբենք ու նորից զգանք անհաղթելի լինելու զգացումը:

Մեկ անգամ ևս հայտարարում եմ՝ ես ջանք ու եռանդ չեմ խնայելու, անելու եմ հնարավորն ու անհնարինը Արցախում ներքին համերաշխությունն ու միասնականությունն իրականություն դարձնելու համար, և առաջիկա բոլոր քայլերս ուղղված են լինելու առաջնահերթ հենց դրան: Սրանք լոկ խոսքեր չեն, բոլորս պետք է փոխվենք, այդ թվում՝ ես, և իմ առաջիկա քայլերը համոզիչ կերպով դառնալու են այս խոսքերի ու հայտարարությունների գործնական արտահայտությունը:

Վերջին օրերին նախաձեռնված սահմանադրական բարեփոփոխումները դարձել են բուռն քննարկման առարկա. ոմանք քննադատում են, ոմանք ծայրահեղականացնում, ոմանք կարևորում ու նշանակություն են տալիս: Այդուհանդերձ, պետք է ասեմ, որ սահմանադրական ցանկացած փոփոխություն պետք է միտված լինի մեր երկրի ներքին կայունությունն ապահովելուն, կանխատեսվող վտանգներին դիմագրավելուն: Ամեն դեպքում, վստահեցնում եմ, որ Արցախում որևէ մեկի կամ որևէ խմբի, կամ ուժի շահերը սպասարկելու համար սահմանադրական փոփոխություն չի կատարվելու. դա բացառվում է: Մենք սահմանադրական փոփոխություններ անելու ենք, եթե իրապես զգանք դրա հրատապությունը, կարևորությունն ու անհրաժեշտությունը:

Ներպետական կյանքում մենք շարունակում ենք լրջագույն խնդիրների բախվել սոցիալական արդարության, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքների լիարժեք իրագործման հարցում: Իհարկե, բազմաթիվ են դեպքերը, երբ անարդարության կամ անհավասարության մասին հայտարարությունները չունեն օբյեկտիվ հենք կամ մտացածին են, ներկայացվում են քաղաքական կամ այլ նկատառումներով, բայց սա ևս պետության ու մեր բոլորիս խնդիրն է: Մյուս կողմից, երբ անարդարության դրսևորումները շատ են, դրանց մեջ դժվար է տարանջատել օբյեկտիվն ու սուբյեկտիվը, իրականն ու կեղծը: Հետևաբար, առաջիկայում մենք պետք է այնպիսի քայլեր ձեռնարկենք, որ արդարության, իրավունքի գերակայության ու օրենքի առջև բոլորի հավասարության իրավական սկզբունքները կյանքի կոչվեն՝ ոչ թե լսելու համար հաճելի հայտարարությունների տեսքով, այլ ունենան գործնական ու շոշափելի արտահայտություն:

Այս ամենն իրականություն դարձնելու համար առանձնահատուկ նշանակություն ունի պետական համակարգում կարգապահությունը, աշխատանքի ռացիոնալ կազմակերպումը, պետական իշխանություն-քաղաքացի առողջ ու վստահելի կապը, աշխատանքին նվիրվածությունն ու արդյունքը:

Ինչպե՞ս շարունակել պայքարը և ի՞նչ դերակատարություն ունի Արցախի յուրաքանչյուր քաղաքացի:

Սա վերջին, բայցև ամենակարևոր հարցն է: Մեզնից յուրաքանչյուրից կախված շատ բան կա Արցախի ավելի լավ ապագայի կերտման գործում, և խիստ անընդունելի ու վտանգավոր է հակառակորդի կողմից տարածվող անօգնականության ու անտարբերության մտայնությունը: Արցախի ապագայի վրա ազդող գլխավոր գործոնը մնում է Արցախի ժողովրդի կամքն ու վարքը, որը կոտրելու ուղղությամբ էլ հնարավորինս աշխատում է ադրբեջանական կողմը՝ կիրառելով ֆիզիկական ու հոգեբանական ճնշման հանցավոր ու լայն գործիքակազմ:

Յուրաքանչյուր քաղաքացի ունի առնվազն երկու հստակ անելիք Արցախի ապագայի համար, այն է՝ ապրել Արցախում և ամենօրյա սրտացավ, նախաձեռնող ու շարունակաբար բարելավվող աշխատանք կատարել սեփական դիրքում՝ զինվորականից մինչև ուսուցիչ, հողագործից մինչև հանրային ծառայող: Ոքան էլ դժվար թվա պայքարը, միևնույն է՝ լուծումներ կան և դրանից փախչելը փախուստ է սեփական արժեքներից ու պատասխանատվությունից: Իսկ պետությունը, առավել քան երբևէ, բոլոր հնարավորություններով կանգնած է լինելու յուրաքանչյուր քաղաքացու կողքին՝ կիսելով պայքարի ու պատասխանատվության պատվաբեր բեռը:

Հետևաբար, մենք շարունակում ենք մեր պայքարը հանուն հայկական, անկախ ու անվտանգ Արցախի՝ վճռականորեն ապրելով և սրտացավորեն գործելով Արցախում»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել