«Գոյ» թատրոնն ահազանգում է կառույցի լուծարման մասին
11:05 - 20 մարտի, 2023

«Գոյ» թատրոնն ահազանգում է կառույցի լուծարման մասին

«Գոյ» թատրոնը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել՝ դիմելով գործընկերներին, ընկերներին,  հանդիսատեսին ու նշել, որ թատրոնն աջակցության կարիք ունի, քանի որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մտադիր է  լուծարել կառույցը:

«Հրավիրում ենք 2023-ի մարտի 23-ին ժամը 12:00-ին գալ «Գոյ» թատրոն՝ ի աջակցություն մեզ»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

Թատրոնին աջակցելու պատրաստակամություն են հայտնել դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը,  դրամատուրգ, դերասան Վահրամ Սահակյանը, երգահան, երգիչ, գրող Քրիստ Մանարյանն ու այլք: Նրանք տեսաուղերձներ են հրապարակել համացանցում և պատմել թատրոնի ստեղծման, բարի ավանդույթների, նվաճումների ու յուրահատկությունների մասին:

«Գոյ» թատրոն-լաբորատորիայի ստեղծման պատմությունն սկսվում է վաղ 1988 թվականից: Այն հիմնադրվել է թատերական գործիչների միությանը կից՝ Խորեն Աբրահամյանի աջակցությամբ: Երիտասարդական էքսպերիմենտալ  թատրոնում  է սկսվել   Արսեն Աբրահամյանի, Սամսոն Ստեփանյանի  և  Արթուր Սահակյանի համագործակցությունը: Այն շարունակվում է  «Կամերային» թատրոնում, որտեղ 1981-ից ստեղծագործում էր նաև Արմեն Մազմանյանը: Այստեղ էլ չորս ռեժիսորները, միմյանց համախոհներ գտնելով, 1988-ին հեռանում են «Կամերային»-ից՝ իրենց թատրոնը ստեղծելու նպատակով: Համախմբվում են, փոխանակվում մտքերով և, հաստատվելով Մայր թատրոնի ձեղնահարկում՝ սկսում են «թատրոն կառուցել»: 1988 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրվում է թատրոնի բացման հրամանը, սակայն մեկ շաբաթ անց վրա է հասնում տարերային աղետը՝ Սպիտակի երկրաշարժը: «Գոյ»-ի անձնակազմը մեկնում է աղետի գոտի՝ մասնակցելու փրկարարական աշխատանքների: Կարճ ժամանակահատվածում բեմադրվում ենԹումանյանի հեքիաթները: Մոտ երեք ամիս խաղում  են  ներկայացումը և հույս ու հավատ  ներշնչում անօթևան մնացած բազմահազարանոց մարդկանց: 1989 թվականի մարտի 1-ին լաբորատորիան բացում է իր դռները լայն հասարակության համար: Թատրոնի հիմնադիրները   սկզբից   իրենց տեսնում էին որպես ազգային խաղիկների, հայ էպիկական ու գուսանական, Խորենացու վկայաբերած «երգ ցցոց ու պարոցի» հիմքով թատրոն-լաբորատորիա: Ժամանակի  ընթացքում թատրոնն իր առջև  գեղարվեստական հստակ խնդիրներ է դնում. համաշխարհային գեղարվեստական, փիլիսոփայական, թատերական ավանգարդ պրոցեսներով առաջնորդվել և  ստեղծագործել  «Գոյ»-ի  բեմում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել