Խաղաղության պայմանագիրը լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա․ Նիկոլ Փաշինյան
12:32 - 23 մարտի, 2023

Խաղաղության պայմանագիրը լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա․ Նիկոլ Փաշինյան

Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, և Հայաստանում իբր ազգային փոքրամասնություններ չկան: Նախ, նման ձևակերպումները Հայաստանի Հանրապետության ներքին գործերին կոպիտ միջամտություն են, և Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլև նրանք ներկայացված են, մանդատներ ունեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, և դա երաշխավորված է Սահմանադրությամբ: Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր խոսքում վարչապետը մասնավորապես նշեց․

« Ներկայում ազգային փոքրամասնությունները ներկայացնող 4 պատգամավոր կա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, իսկ եթե նման թեմաներով խոսույթը միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ոչ միայն ընդդիմության, այլև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ:

Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին պատմող նյութերով հեղեղված է միջազգային մամուլը: Ընդ որում, շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները՝ խոշտանգումների, հետապնդումների ենթարկված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանիքների անդամները: Ադրբեջանը գուցե բարի կամք դրսևորի և Միլի մեջլիսում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պատգամավորական քվոտաներ սահմանի ազգային փոքրամասնությունների համար և դա երաշխավորի սահմանադրությամբ: Սա գուցե իրավիճակի շտկմանն ուղղված առաջին քայլը կլինի:

Ամփոփելով խոսքս՝ ուզում եմ հետևյալ ուղերձը հղել բոլորիդ և միջազգային հանրությանը. խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա:

Ինչ վերաբերում է մեր անելիքներին՝ Հայաստանի կառավարությունը և հանրությունը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով՝ կառուցելով, բարեփոխելով, բարիք ստեղծելով, անվտանգության համակարգն ուժեղացնելով: Եվ մենք ոչ մի րոպե չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել