ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․


«Շնորհավորում եմ բոլորիս՝ տարվա առաջին աշխատանքային օրվա կապակցությամբ: Մեր բոլոր խնդիրներին կա միայն մեկ լուծում, բացառիկ լուծում եւ այդ լուծումը կոչվում է աշխատանք: Կեցցե՛ աշխատանքը: Ի գործ»։







Հիմա Կենտրոնական բանկի հետ աշխատում ենք, որպեսզի ուսանողական վարկերի տոկոսները նվազեն: Հիմա առաջարկություն կա ԿԲ-ի կողմից, որը ես մակագրել եմ Ֆինանսների նախարարություն: Հույս ունեմ, որ սա էական աջակցություն կլինի, բայց ընդհանուր առմամբ, մենք պետք է գտնենք մեխանիզմներ, որոնցով բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների հետագա ուսումնառության համար որևէ սպառնալիք չգոյանա, բայց իսկապես դրանք պետք է լինեն բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներ, ինչը նաև խթան կհանդիսանա կրթության առավել բարձր պահանջ ձևավորելու համար։

Նիկոլ Փաշինյան






Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը, սակայն առանց Լեռնային Ղարաբաղի հետ կապված նախապայմանների։ Այս մասին արտասահմանյան լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքերով՝ Երեւանը պատրաստ է Թուրքիայի հետ ուղիղ հարաբերություններ հաստատել, առանց որեւէ նախապայմանների, եւ հուսով է, որ Թուրքիան նույնպես նման դիրքորոշում կունենա։ «Սակայն Թուրքիայի հետ հարաբերությունները կապված են Լեռնային Ղարաբաղի հարցի հետ, երրորդ երկրի հետ։ Նկատի ունեմ Ադրբեջանը»,- նշել է Փաշինյանը։






ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում և դրան կից լուսանկար հրապարակել։

«1988 թ. դեկտեմբերի 7, աղետյալ Գյումրի: Փլատակների տակից գիրք են փրկում: Հայ ժողովրդին այնքա՜ն բնորոշ տեսարան», - գրել է Փաշինյանը:






30 տարի առաջ այս օրը տեղի ունեցավ Սպիտակի երկրաշարժը, էպիկենտրոնը Նալբանդ, հիմա Շիրակամուտ գյուղն էր: Երկրաշարժն ուներ 9-11 բալ ուժգնություն: Աղետին զոհ գնաց ավելի քան 25 հազար քաղաքացի, անօթեւան մնացին շուրջ 500 հազար մարդ, ավերվեցին հարյուրավոր, հազարավոր շենքեր, շինություններ:

Զոհերի մասշտաբն ուղղակի հարված էր մեր ժողովրդին, աղետը հարված էր մեր երկրի տնտեսությանը եւ ընդհանրապես հոգեբանական եւ բարոյական հսկայական հարված էր մեր ժողովրդի համար:

Այնուամենայնիվ, այս աղետը նաեւ ազգային միասնության մի յուրօրինակ անկյունաքար դարձավ եւ աշխարհի 100 հազարավոր, միլիոնավոր հայեր իրենց ուշադրությունը սեւեռեցին պատմական հայրնեիքի վրա: Դրա ամենավառ օրինակ ֆրանսահայ շանսոնյո Շառլ Ազնավուրի օրինակն է, ով երկրաշարժից հետո անմիջապես հետո արձագանքեց, այցելեց աղետի գոտի, որից հետո կրկնակի, եռակի անգամ կապված եղավ հայրենիքի հետ, որը շարունակվեց մինչեւ իր կյանքի վերջը:

Երկրաշարժը նաեւ մի յուրօրինակ համաշխարհային համախմբման պատճառ դարձավ: ԽՍՀՄ բարեկամ ժողովուրդը, աշխարհի բարեկամ երկրները իրենց օգնության ձեռքը մեկնեցին, այսպիսով համաշխարհային համախմբման օրինակ ցույց տալով:

Այնուամենայնիվ, երկրաշարժից 30 տարի անց «աղետի գոտի» հասկացությունը վերացված չէ: Իհարկե, աղետի գոտի ասելով մենք առաջին հերթին հասկանում ենք մարդկանց բնակարանային կարիքները, դպրոցների, մանկապարտեզների շինարարությունն ու բացումը, բայց պետք է արձանագրենք, որ երկրաշարժի արդյունքում ավերվեց ՀՀ արդյունաբերության համար առանցքային նշանակություն ունեցող մի հսկայական սեգմենտ:

Երբ ասում ենք աղետի գոտու վերականգնում, պետք է հասկանանք նաեւ այն ողջ տնտեսական հզորության վերականգնումը, որը եղել է Գյումրիում, Վանաձորում, Սպիտակում եւ ընդհանրապես աղետի գոտու տարածքում:

Աղետի պատճառած ամենամեծ վնասը մարդկանց հոգիներում տեղի ունեցած ավերածություններն էին: Երկրաշարժից շատ չանցված սկսվեցին աղետի գոտու վերականգնման աշխատանքները, բայց միշտ չէ, որ դրա հետ վերականգնվում էին մարդկանց հույսն ու լավատեսությունը:

Երբ ասում ենք աղետի գոտի, պետք է առաջին հերթին նկատի ունենաք, թե որքանով է վերականգնված մարդկանց վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, որքանով է վերականգնված լավատեսությունը վաղվա օրվա նկատմամբ, հույսը, որ զոհվածների կիսատ թողած գործերն ու երզանքները կդառնան իրականություն:

Հենց աղետի գոտու վերականգնման այսպիսի հայեցակարգն է կարեւորն ու անհրաժեշտը: Ես համոզված եմ, որ Հայաստանում տեղի ունեցող գործընթացներն առաջին հերթին ծառայում են հենց այս նպատակին:

Մենք թեւակոխել ենք մի փուլ, որտեղ ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս պիտի լրջորեն վերակառուցենք մարդկանց հավատն ու վստահությունը սեփական ապագայի, սեփական երկրի ապագայի նկատմամբ:

Ահա սա է այսօրվա Հայաստանի կառավարության եւ հետագա կառավարությունների ամենակարեւոր առաքելությունը: Երկրաշարժից հետո, ցավոք սրտի, հոգեբանական առումով Հայաստանը վերածվեց մի մեծ աղետի գոտու եւ մեր մեծաթիվ խնդիրն է այս հոգեբանական աղետը հաղթահարելը: Ես համոզված եմ, որ այսօր մենք վստահ քայլում ենք այդ ճանապարհով, քայլում ենք ազգովի, նոր հույսերով, նոր վստահությամբ:

Մեր հայրենակիցներին ուզում եմ ասել՝ ձեր ցավերը իմ սրտում են, ձեր կարիքներն իմ մտքում են, ձեր երազանքներն իմ հոգում են եւ վստահություն են ներշնչում ասելու, որ ամեն ինչ շատ լլավ է լինելու: Ուրեմն կեցցե Գյումրիի հերոսական ժողովուրդը, Վանաձորի հերոսական ժողովուրդը, կեցցե Սպիտակի հերոսական ժողովուրդը եւ ընդհանրապես հայ ժողովուրդը, որ մահվան դեմ հազարամյա պայքարում հաղթող է դուրս եկել եւ հաղթող է դուրս եկել ապրելու, արարելու իր առաքելության մեջ:

Նիկոլ Փաշինյան






Գաղտնալսումները հնարավոր են դարձել ռոումինգի պատճառով, քանի որ այդ օրերին ԱԱԾ տնօրենը գտնվել է Շվեյցարիայում: Երեկ հրապարակվեց գաղտնալսումների երկրորդ մասը, բայց Ազգային ժողովում սեպտեմբերի 12-ին ունեցած ելույթում արդեն անդրադարձել եմ դրան, և իմ պատմածում ավելի շատ տեղեկատվություն կար, քան հրապարակված հեռախոսազրույցում։ Իրականում այս գաղտնալսումն ապացուցեց, որ ես Սանկտ Պետերբուրգում եմ տեղեկացել, թե ինչ է կատարվում այդ դատական պրոցեսներում: Ինչո՞ւ էընդհանրապես կառավարությունն այս պրոցեսում ներքաշվել, որովհետև մեր միջազգային գործընկերները, մասնավորապես հատուկ ծառայությունների մասով, անընդհատ զանգահարել են ԱԱԾ տնօրենին այդ խնդրով, երկրորդը` դատական համակարգի ներկայացուցիչը ևս անընդհատ զանգահարել է ԱԱԾ` անվտանգության խնդրով և նշել, որ վախեցած են իրենց գործը կատարելուց: Միաժամանակ, ներկայացված հեռախոսազրույցի մի մասը կտրված է, որտեղ ես դիտողություն եմ անում ԱԱԾ տնօրենին, թե ի՞նչ է նշանակում` դատավորները վախենում են, չե՞ք կարողանում ապահովել նրանց անվտանգությունը։ Մոտավորապես տասը տարի առաջ «Հայկական ժամանակ» թերթում հրապարակում է եղել, որ որոշ մարդիկ Հայաստանում գաղտնալսող սարքեր են ձեռք բերել, և այդ խնդիրը կա: Մեր երկրի խնդիրներից մեկը եղել է այն, որ որոշ խմբեր, ընտանիքներ գուցե ավելի ազդեցիկ են եղել, քան պետությունը, սրանք դրա մնացորդային երևույթներն են: Համոզված եղեք` դրանք ևս արմատախիլ կարվեն: Գաղտնալսողները պետք է բացահայտվեն, և ես խնդիր եմ դրել Ազգային անվտանգության ծառայության առաջ։ Նիկոլ Փաշինյան






Մեր կառավարությունն Արցախի հարցն ընդունել է մի կետում, երբ բոլորն սպասում են, որ Հայաստանը պետք է անի միակողմանի և ստորացուցիչ զիջումներ և դա բանակցային այն կետն է, որում նախորդ կառավարությունը թողել է Արցախի հարցը: Մեր դիրքորոշումն այն է, որ բոլորը հստակ արձանագրեն՝ որևէ մեկը չպետք է Հայաստանին համարի այն հարցի հասցեատեր, թե դուք պատրա՞ստ եք փոխզիջումների: Եվ քանի դեռ Ադրբեջանին այս հարցը չի տրվել, Հայաստանին չպետք է այն տրվի:
Արցախի Հանրապետությունը պետք է լինի բանակցային կողմ, առանց նրա լիարժեք ներգրավման հնարավոր չէ որևէ լուծման մասին խոսել: Ի վերջո, Արցախի հարցի լուծողները Հայաստանի ու Արցախի լուծողներն են:
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին, ՀՀ-ն այսպես ասած, կեղծ ուղղություններով են տարել, երբ որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ներկայացուցիչն էր և նրա հովանո ներքո ՀՀ կառավարության լռության ներքո զինում են Ադրբեջանին: Դա նվաստացուցիչ իրավիճակ է ՀՀ համար և ի տարբերություն նախկինի, մենք չենք պատրաստվում ուղղակի լուռ ու հնազանդ դիտորդի կարգավիճակում տեսնել՝ ինչպես են ոմանք աշխատում մեր պետական և ազգային շահերի դեմ։

«Իմ քայլը» դաշինք՝ Նիկոլ Փաշինյան






20 և 10 դրամով համապատասխանաբար էժանացել են գազը և լույսը սոցիալական անապահով որոշակի խմբերի համար։ Ի հեճուկս նախորդ կառավարության ստորագրած պայմանագրի, խմելու ձուրը չի թանկացել և մինչև 2024 թվականը չի թանկանալու։ 209000 մարդու աշխատավարձ բարձրացել է հուլիսի 1-ից և ևս 200000 մարդու աշխատավարձ կբարձրանա 2019 թվականի ընթացքում։ 85000 մարդու թոշակները և նպաստները ավելանում են հունվարի 1-ից, հայտնի 1000 դրամների ֆոնդը, որը հայրենիքի պաշտպաններին պաշտպանելու համար էր, իր ազդեցությամբ 2 տարով հետ է գնացել և ոչ թե տարածվում է ոչ թե 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի վրա, այլ 2016 թվականի։ Բնակարան երիտասարդ ընտանիքներին ծրագրով հիփոթեքային վարկի տոկոսները իջել են աննախադեպ ցածր մակարդակի՝ մինչև 5 տոկոս, իսկ նորակառույց վարկերի պարագայում, ըստ էության, անտոկոս վարկեր են տրվում։

Իմ քայլը դաշինք՝ Նիկոլ Փաշինյան






Կոռումպացված համակարգը տեսնում է, որ իր շուրջ օղակը սեղմվում է։ Կոռումպացված համակարգը տեսնում է, որ այն, ինչ մենք խոստացել էինք, այդ խոստումը իրականություն է դառնալու խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո և որևէ մեկը չի պլստալու։ Բոլոր կոռումպացվածներին մենք հատ-հատ կանչելու ենք պատասխանատվության ժողովրդի անունից և ժողովրդի մանդատով, որովհետև այս գաղտնալսումները հրապարակվում են փրկության օղակ գտնելու համար։ Սա, ըստ էության, հայտարարված պատերազմ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այս պատերազմը հրահրածներին սպասվում է ջախջախիչ պարտություն։

Նիկոլ Փաշինյան







Ադրբեջանը վերջին 20 տարում հարձակման է պատրաստվում, դա նորությո՞ւն է: Եթե Դավիթ Շահնազարյանը չգիտի այդ մասին, ես ոչ միայն իրեն եմ ուզում տեղեկացնել, այլ բոլորին: Այսինքն՝ ինչ-որ մեկը չգիտի՞ ինչ է կատարվում մեր սահմանների կամ շփման գծի երկայնքով: Դա նորությո՞ւն է, որ Ադրբեջանն օրումեջ հայտարարում է, որ պատրաստվում է ռազմական ճանապարհով Ղարաբաղի հարցը լուծել:

Մեր Պաշտպանության նախարարությունը մի քանի անգամ անդրադարձել է այդ թեմաներին, ես պատասխանատու ասում եմ, որ բոլոր այն տարածքները, որոնք եղել են հայկական զիված ուժերի վերահսկողության ներքո, դրանք շարունակում են նույնկերպ մնալ հայկական զինված ուժերի վերահսկողության ներքո: Ես մի 10 օր առաջ այցելել եմ, տեղում եմ տեսել իրավիճակը: Եվ կարող եմ ասել, որ Նախիջևանի ուղղությամբ մեր զինված ուժերի ձեռքում է ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ:

Նիկոլ Փաշինյան






Ես ասում եմ, որ եթե կան մարդիկ, ովքեր հայտարարում են, որ հեղափոխությունը ծրագիր է՝ Արցախի դեմ դավադրություններ կազմակերպելու եւ Արցախը հանձնելու համար, այդ մարդիկ պետական դավաճանության մեջ են մեղադրում, այդ մարդիկ են անհասցե հայտարարություններ անում եւ դա համապատասխան մարմինների, դա ազգային անվտանգության խնդիր է: Պետք է այդ մարդկանց հրավիրեն ու ասեն՝ տվեք էդ մարդկանց անունները, որովհետեւ եթե կա այդպիսի բան, պետք է այդ դավադիրները հայտնաբերվեն եւ պատասխանատվության ենթարկվեն: Իսկ եթե դուք սուտ հայտարարություններ եք անում, ուրեմն թող հանրությունն իմանա, որ դուք սադրիչ ստախոսներ եք:






Ես ուզում եմ այստեղից բարձրաձայնել մեր հավատարմությունը Քրիստոնեությանը եւ մեր ինքնության էությանը, մեր հավատարմությունը Հայ Առաքելական եկեղեցու արժեքներին: Ես ինքս Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ, բայց բարձրաձայնում եմ նաեւ մեր կաթոլիկ, ավետարանական եղբայրներին: Պետք է հավատարիմ լինենք մեր Քրիստոնեական արմատներին, պետք է մերժենք տոտալիտար աղանդները, որոնք մարդուն զրկում են ազատությունից եւ ինքնիշխանությունից։

Նիկոլ Փաշինյան

։






ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին առաջարկել է հետաձգել դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, ասեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, եւ ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի եւ կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետեւյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որեւէ կոնսենսուսի հասնելը»,- ասաց Փաշինյանը։






Առաջիկա 5 տարիներին մենք պետք է լրջորեն զարգացնենք Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը. դա տնտեսության այն ոլորտն է, որը թողարկում է որոշակի ռազմական, կամ երկակի նշանակության արտադրանք, մենք առանձնակի ուշադրություն ենք դարձնելու ռազմաարդյունաբերական, բարձր տեխնոլոգիական արտադրանքի թողարկմանը։ Եւ մենք հույս ունենք, որ առաջիկա տարիներին մեզ կհաջողվի այս ճյուղը դարձնել Հայաստանի տնտեսության լոկոմոտիվ։ Դա մեզ կօգնի ոչ միայն հազարավոր աշխատատեղեր ստեղծել, այլ նաև շատ ավելի ինքնուրույն դարձնել Հայաստանի անվտանգության կարիքները։ Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը մեզ համար լինելու է բացարձակ եւ կատարյալ առաջնահերթություն։

Նիկոլ Փաշինյան






«Իմ քայլ»-ը դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ պետք է ՀՀ Սահմանադրությունը գլոբալ փոփոխությունների ենթարկել, սակայն, ըստ նրա՝ մի քանի դրույթներ խնդրահարույց են: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Սիսիանում տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքի ժամանակ Փաշինյանը նշեց, որ իրենց նախընտրական ծրագրում Սահմանադրության գլոբալ փոփոխության մասին ոչինչ չեն գրել, որովհետև Սահմանադրություն փոխելը և պետական կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինի:

«Պատկերացնում եք՝ ամեն ընտրությունից հետո գալ, Սահմանադրություն փոխել: Հիմա այս սահմանադրությունը ընդունվել է և ընդամենը 7 ամիս է ուժի մեջ: Եկեք թողենք, մի քիչ աշխատի: Եթե տեսնենք, որ պետք է կառավարման խորհրդարանական համակարգը փոխել և նորից վերադառնալ նախագահական համակարգին, իհարկե, մենք կաշկանդված չենք այդ հարցում: Եթե ժողովուրդը դա ցանկանա, մենք դա կանենք»,- ասաց Փաշինյանը:

Միևնույն ժամանակ վարչապետի պաշտոնակատարը կարծում է, որ Սահմանադրության մեջ կան դրույթներ, որոնք պարտադիր պետք է փոխել:

«Օրինակ՝ Սահմանադրությամբ ասվում է, որ Ազգային ժողովի պատգամավոր և նախարար կարող են լինեն այն մարդիկ, ովքեր վերջին չորս տարում եղել են միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և մշտապես բնակվել են Հայաստանի Հանրապետությունում: Եթե պատգամավորի դեպքում այս մոտեցումը համարում ենք արդարացված, գործադիր իշխանության պարագայում, կարծում ենք, որ սա որոշակի սահմանափակումներ է դնում սփյուռքի ներուժը Հայաստանի կառավարման համակարգ ներգրավելու համար: Մենք պետք է մտածենք, որ նույնիսկ պատգամավորի դեպքում կարելի է մտածել՝ արժի՞ փոխել, թե՝ չփոխել»,- նկատեց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ պետք է նաև լուրջ քայլեր ձեռնարկվեն կառավարման համակարգում հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմներ ներդնելու ուղղությամբ, սակայն, դա այնպես անել, որ չխախտվի համակարգի ուղղաձիգ բուրգը և հստակ լինի, թե ով է երկրի ղեկավարը:

«Շատ են ասում այն մասին և ես նույնպես, որ այս Սահմանադրությունը սուպերվարչապետական Սահմանադրություն է, և մենք, իհարկե, շատ լուրջ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի հակակշիռների և փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենանք, որպեսզի մեր երկրում բռնապետություն և անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները վերանան և սահմանափակվեն: Բայց այս նպատակի հետևից գնալիս պետք է ուշադիր լինել մեկ ուրիշ հարցում: Շատ կարևոր է չխախտել իշխանության ուղղաձիգ բուրգը, որովհետև երկիրը պետք է լինի կառավարելի: Չի կարող պետությունում լինել այնպես, որ հստակ չլինի, թե ով է երկրի ղեկավարը: Դա պոտենցիալ ճգմաժամ է երկրի համար և դա անընդհատ ցնցումների առիթ կարող է հանդիսանալ: Այո, այս Սահմանդրությամբ հստակ է, որ երկրի ղեկավարը վարչապետն է , բայց ես համաձայն եմ, որ պետք է լինի փոխզսպումների և հակակշիռների մեխանիզմ, որպեսզի իշխանության տարբեր թևեր իրար կարողանան վերահսկել»,- եզրափակեց Փաշինյանը:






Ամուլսարի երկրորդ պոստ այցելեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը

Հայկական բնապահպանական ճակատ






«Իմ քայլ»-ը դաշինքը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական թիմի հետ դեկտեմբերի 1-ին Սյունիքի մարզում է: Մեղրիում քաղաքացիների հետ հանդիպմանը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն իր ելույթում նշեց, որ ապրիլին Հայաստանում տեղի ունեցածի ամրագրումը պետք է հաստատվի դեկտեմբերի 9-ին: Նրա խոսքով, պետք է ազդարարվի, որ ազատ ենք, ու մենք ենք տերը մեր երկրի:

«Սյունիքն այն մարզերից է, որ ունի խոշորացված ամենաշատ համայնքները: Այստեղ 8 խոշորացված համայնք կա: Այստեղ ամենաշատն են օգտվել սուբվենցիոն ծրագրերից, որոնց շրջանակում տրամադրվել է 213 մլն դրամ: Քանի որ խոշորացված ամենաշատ համայնքները Սյունիքում են, հետևաբար 2019-ին ամենաշատ դոտացիան հենց Սյունիքն է ստանալու բյուջեից: Ի հեճուկս բոլոր վատատեսների, մենք ամեն ինչ պետք է անենք, որ համայնքների միջոցները շատանան, չպակասի կառավարության օժանդակությունը: Սա հավելյալ մոտիվացիա է, որ տեղի բնակիչներն արարեն, ստեղծեն, համայնքը շենացնեն»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Սուրեն Պապիկյանը:

Այնուհետև մեղրեցիներին ողջունեց Նիկոլ Փաշինյանը, ով ներկայացրեց «Իմ քայլը» դաշինքի ծրագրերը: Նա իր խոսքը սկսեց՝ ներկայացնելով աշխարհահռչակ «Նեյշնլ ինստրումենթս» ընկերության հիմնադիր Ջեյմս Թրուշարդի հետ զրույցից մի հատված:

« Ջեյմս Թրուշարդը միլիարդատեր է: Նա իր գործունեությունը սկսել է երկու ընկերների հետ՝ մի փոքրիկ ընկերություն ստեղծելով: Պաշտոնական ընթրիքի ժամանակ նրան հարցրեցի, թե ԱՄՆ-ի կառավարությունն ինչ է արել, որը ինքը հաջողության է: Մտածում էի, թե տվել է հարկային արտոնություններ, անտոկոս վարկեր և այլն: Այդ մարդն ասաց, «թերևս միակ ամենակարևոր բանը իմ կրթության համար պայմաններ ստեղծելն է: Եթե չլիներ այն դպրոցը, որում ես սովորել եմ, կմնայի մեր ֆերմայում»: Ես հասկացա, որ մեր մտքերի ընթացը ճիշտ ուղու վրա է: Այո, շատ կարևոր է մեր երեխաների համար պատշաճ կրթություն ապահովելը: Մենք պետք է 4 տարեկանից սկսած երեխաներին ընդգրկենք կրթական համակարգ: Քաղաքացիների հետագա հաջողությունը պետք է կերտենք՝ սկսելով կրթությունից»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նա տեղեկացրեց, որ Մեղրիի մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրն իրականացվում է «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ, բարերարի նվիրատվությամբ: Վերաբացվելուց հետո երեք տարեկանից սկսած երեխաները հնարավորություն կունենան հաճախել մանկապարտեզ:

«Ցավոք կրթական համակարգի նկատմամբ այսօր շատ դեպքերում ֆորմալ վերաբերմունք կա: Ընկնում ենք գնահատականների հետևից, սակայն հարց չենք տալիս, թե այդ գնահատականը որքանով է համապատասխանում մեր երեխայի ունեցած գիտելիքին: Մեր հեղափոխությունը շատ կարևոր անելիք ունի կրթության ոլորտում: Մենք պետք է չհանդուրժենք անորակ կրթությունը, անորակ մասնագետների ներկայությունը կրթական համակարգում: Պետք է փոխենք մեր վերաբերմունքը կրթության նկատմամբ, կարողանանք մեր երեխաների համար ապահովել այնպիսի կրթություն, որ հետագա կյանքում հաղթելու հնարավորություն ունենան»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ուսուցիչների աշխատավարձերին, մասնագիտական որակներին: Նրա խոսքով, երկրի ռազմավարությունը երկու կարևոր գործոնի վրա պետք է հիմնված լինի պատշաճ մակարդակի կրթություն, և լավ առողջապահություն:

Նիկոլ Փաշինյանը խոսեց «Իմ քայլը» դաշինքի տնտեսական քաղաքականության մասին: Նա նշեց, որ ընթացիկ տարվա 10 ամիսների տվյալներով ՀՀ-ից արտահանվել է 80 մլն դոլարի գյուղ մթերք, նախորդ տարի այդ ցուցանիշը եղել է 49 մլն դոլար: Մանածագործական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 200մլն դոլար, աճը նախորդ տարվա համեմատ կազմել է 75 տոկոս: Ըստ նրա՝ սա նշանակում է, որ տեքստիլ ոլորտում նոր աշխատատեղեր են բացվել: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր ծրագրերը շարունակելու համար իրեն անհրաժեշտ է ժողովրդի քվեն: Նա հույս հայտնեց, որ անկախ եղանակային պայմաններից, քաղաքացիները ակտիվորեն կմասնակցեն ընտրություններին:

armenpress.am






Վարչապետի պատոնակատար Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կմասնակցի Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին։ Նախատեսված է նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։






Հիմա ոմանք ասում են՝ Հայաստանում ինչ է փոխվել, որ. Հայաստանում այն է փոխվել, որ ծակերն եք մտել ու չեք կարողանում դուրս գալ. ու դուրս չեք գալու, մինչեւ քավարանի միջով չանցնեք ու նորմալ քաղաքացի չդառնաք, մեղքերը չքավեք:







Երեկ դիտել եմ «5-րդ ալիք» հեռուստաընկերության կազմակերպած քաղաքական բանավեճը, մասնակիցներ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյան եւ ՀՀ ԱԳ փոխնախարար Ռուբեն Ռուբինյան։

Խոսքս ուղղում եմ ՀՀ վարչապետի պաշտոնակարին՝ Ձեր կողմից հռչակված սիրո եւ հանդուրժողականության կեղծ օրակարգը դատարկ փուչիկ է, դուք և ձեր պաշտոնյաների մեծ մասը նախընտրական քարոզարշավի այս օրերին տարածում եք միայն ատելություն, հայհոյանք, սպառնալիք եւ հոխորտանք, վերջին օրինակները նաեւ երեկվա ձեր հայտարարություններն են ուղղված Արցախի անկախ պետության իշխանություններին, նաեւ, հիշատակածս բանավեճում փոխնախարարի ատելությամբ լի, ցինիկ բառապաշարը ՝ ընտրարշավին մասնակցող ՀՀԿ-ի հանդեպ։

Սա լրջագույն մարտահրավեր եմ համարում ընտրությունների անցկացման արդար եւ ժողովրդավարական օրակարգին, համարում եմ, որ դուք ամեն ելույթով եւ ձեր արբանյակները իրենց յուրաքանչյուր ելույթում անցնում են ռուբիկոնը, վտանգելով մեր երկրի միջազգային եւ ժողովրդավարական վարկը, որին մենք հասել ենք երկար տարիների աշխատանքի արդյունքում։

Կարգի հրավիրեք եւ կարգի հրավիրվեք, թողեք այս բռնապետական պաթոսը եւ ընտրարշավի անցկացրեք ժողովրդավարության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի եւ երկրի Սահմանադրության չափանիշներին համարժեք, այո, դուք եք այսօր վարչապետի պաշտոնակարը, դուք եք պաշտոններ զբաղեցնողները, բայց ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ դուք չեք, հավաքեք ձեզ, գտեք ձեր իրական սահմանադրական տեղը, հարգեք մեր ժողորդին, հարգեք ժողովրդավարական օրակարգերը եւ զուսպ եղեք։

Հ․Գ․ Երեկվա հաղորդումից հետո ինձ գրել եւ զանգահարել են ՀՀ քաղաքացիներ, կանայք եւ երիտասարդներ եւ իրենց բողոքն են հայտնել ձեր եւ ձեր պաշտոնյաների այս ցինիկ պահվածքի համար, սույնով փոխանցում եմ նաեւ նրանց բողոքը։

ՀՀ ԱԺ պատգամավոր, 2018-ի դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում պատգամավորի թեկնածու, ՀՀԿ խորհրդի անդամ Մարգարիտ Եսայան






Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին Վրաստանի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանի ուղերձում, մասնավորապես նշվում է.

«Հավատացած եմ նաև, որ Հայաստանի և Վրաստանի՝ դարավոր բարիդրացիության և ընդհանուր արժեքների վրա խարսխված հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել՝ փոխադարձ վստահության և փոխըմբռնման մթնոլորտում, կընդլայնենք երկկողմ օրակարգը բազմաբովանդակ նոր ծրագրերով՝ մեր ժողովուրդների բարեկամության ողջ ներուժը ծառայեցնելով Հայաստանի և Վրաստանի առաջընթացին:

Ձեզ հետ մոտալուտ հանդիպման և հավակնոտ գործընկերություն զարգացնելու ակնկալիքով՝ Ձեզ եմ հղում հարգանքներիս խորին հավաստիքը»:

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում ասվում է «Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերի շնորհիվ հայ-վրացական բարեկամական ջերմ հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու հարստանալ բոլոր բնագավառներում՝ արձանագրելով երկու ժողովուրդների միջև փոխգործակցության որակական նոր մակարդակի բարձրացման համար դրական դինամիկա»։






Գալիք տարվա հունվարին հայ ներդրողի միջոցներով Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղում տեքստիլի գործարան կբացվի։ Գավառ քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

«Երբ մտել եմ վարչապետի սենյակ, առաջին գործերից մեկը հետևյալն է եղել. ինձ տեղեկացրել են, որ մի գործարար փորձում է Հայաստան ներկրել բամբակի սերմեր, որպեսզի էքսպերիմենտալ ցանք իրականացնի Արմավիրում։ Իրականացրեց բամբակի ցանք, հիմա պարզվում է, որ բամբակը սպասվածից շատ ավելի մեծ բերք է տվել։ Այդ գործարարը ծագումով գավառցի է, Ծովազարդ գյուղից, որոշել է Ծովազարդում ստեղծել տեքստիլի գործարան, որտեղ այդ բամբակից գործվածքներ կստեղծվեն։ Իր խոստմամբ՝ գործարանը հունվարից կաշխատի։ Այնտեղ սկզբնական շրջանում կլինի 400-600 աշխատատեղ, հետո՝ արդեն 1200 աշխատատեղ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ այս պահին այսպիսի 589 մլն դոլարի ներդրումային ծրագրեր են քննարկվում, իսկ կառավարությունն ամեն ինչ անելու է, որ դրանք իրականություն դառնան։






Ես չհասկացա Արցախի իշխանության ներկայացուցիչների արձագանքը: Ընդհանրապես, վերջին օրերին լավ չեմ հասկանում ԼՂՀ իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությունը, այդ ինչու են ակտիվացել, ինչու են տարբեր մեկնաբանություններ անում և ինչու են փորձում խառնվել ու իրենց ներկայությունը ցույց տալ Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Ասեմ, որ շատ հարցեր ունեմ և այդ հարցերն անպայման կքննարկեմ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ: Իսկ մինչ այդ Բակո Սահակյանին հորդորում եմ կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և իրենց ուղարկի իրենց աշխատանքով զբաղվելու: Նրանք առիթ-անառիթ իրենց մեկնաբանություններով թող… չհասկացա, Ղարաբաղի նախագահի մամուլի խոսնակը օրումեջ իմ ասածի վերաբերյալ մեկնաբանություն է տալիս: Այ քեզ բան, պատկերացնում եք իմ մամուլի խոսնակը Ղարաբաղի հայտնի ու անհայտ իրադարձությունների վերաբերյալ մեկնաբանություններ տա: Դուք հասկանու՞մ եք դրա արդյունքներն ու հետևանքները ինչ կլինեն: Սթափվեք հարգելիներս և զբաղվեք ձեր աշխատանքով: Իհարկե, ինչ տեղի է ունեցել, ես անպայման կքննարկեմ ձեզ հետ, բայց ընտրություններից հետո, իսկ մինչ այդ ասում եմ՝ զբաղվեք ձեր գործով։

Նիկոլ Փաշինյան






ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 28-ին կհանդիպի Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասաց Նոյեմբերյան քաղաքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի նախընտրական հանրահավաքի ընթացքում։

«Այսօր ես քաղաքապետարանում պետք է հանդիպեմ Կարեն Ղազարյանի ծնողներին։ Կինս էլ երկու անգամ այցելել է նրանց։ Ադրբեջանը կիսապաշտոնական առաջարկ է արել փոխանակել Արցախում գտնվող 3 ադրբեջանցուն Ադրբեջանում գտնվող 3 հայի հետ։ Բայց Արցախում Ադրբեջանի 2 քաղաքացի դատապարտված են մեկը 20 տարի, մյուսը ցմահ ազատազրկման, որովհետև իրենք Արցախի քաղաքացիների են սպանել։ Հիմա հարցը հետևյալն է՝ այդ սպանված քաղաքացիների հարազատները կհամաձայնե՞ն, որ իրենց երեխաներին սպանածներին Արցախը վերադարձնի Ադրբեջանին։ Պարզ է, որ Ադրբեջանն այդ ոճրագործներից նոր Ռամիլ Սաֆարովներ է կերտելու։ Սրա քաղաքական և գործնական հետևանքները մենք ուզո՞ւմ ենք կրել։ Թուրքիայի կողմից մի պատանի շփոթվել ու անցել էր սահմանը, և մենք առանց նախապայմանների նրան ուղարկեցինք իր երկիր։ Տրամաբանական կլիներ, որ իրենք Կարենին նույն կերպ վերադարձնեին։ Մենք Կարենի հարցով զբաղվել ու զբաղվում ենք նաև Դուշանբեի պայմանավորվածությամբ ձեռք բերված ալիքով։ Դա պարզ, հումանիտար հարց է, և մենք ամեն ջանք գործադրելու ենք, որպեսզի հասնենք այս հարցի լուծմանը»,- ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարկած կա, թե Կարենին իր տնից են առևանգել։

«Մարդիկ մտավախություններ ու հարցեր ունեն սահմանի պաշտպանության մակարդակի հետ կապված։ Կասկած կա, իհարկե, որ Կարենին իր տնից են առևանգել, բայց դեռ ապացույցներ չկան։ Ես անպայման մեր ԶՈՒ ներկայացուցիչների հետ ևս մեկ անգամ կքննարկեմ այդ հարցը։ Եթե անհրաժեշտություն լինի միջոցներ ձեռնարկել, կձեռնարկենք»,- նշեց նա։






«Ձեր բոլորի ձեռքում է մեր ճակատագիրը, բայց այս պահի դրությամբ մենք ժողովրդի առաջ ստանձնած բոլոր պարտավորությունները լիարժեք կատարել ենք: Հիմա առաջիկայում մենք, ինչպես նաև քաղաքական այլ ուժեր, կգանք և ձեզնից մանդատ կխնդրենք: Մենք քաղաքական հեղափոխություն արել ենք և հիմա ձեզանից խնդրելու ենք մանդատ՝ տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար: Բայց որոշողը դուք եք, իշխանությունը ձերն է: Հեղափոխության առաջին և ամենակարևոր փուլն ավարտված է, որովհետև իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ձեզ: Ես երաշխավորում եմ, որ որևէ մեկը չի կարող որևէ վարչական լծակով, ընտրակաշառքով, սպառնալիքով հարկադրել ձեզ ընտրել որևէ մեկին: Հայաստանում տեղի են ունենալու ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Հայաստանի Հանրապետության քաղաքացուն որևէ մեկը չի կարող ասել, թե նա ում ընտրի, որովհետև Հայաստանում ասողը քաղաքացին է: Թույլ չտաք, որ որևէ մեկը ձեզ ասի, թե դուք ում ընտրեք: Հետևեք քարոզարշավին, հետևեք քաղաքական ուժերին ու ինքներդ որոշեք, թե ում եք ուզում ընտրել: Եվ ում էլ դուք ընտրեք, ձեր ընտրությունը մեզ համար կլիմնի բարձրագույն և անբեկանելի որոշում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մազի Մարտունի քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը։






Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին՝  ծանրամարտի աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով, իսկ արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանին Երախտագիտության մեդալով պարգևատրելու համար։






Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի՝ որպես բանակցող կողմ ներգրավելու հարցը պետք է որոշեն հակամարտող երկրները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մենք արդեն մեկնաբանել ենք: Դա այն հարցն է, որը պետք է որոշվի հակամարտող երկրների կողմից: Ժամանակին ԼՂ ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, սակայն ձևաչափը փոխվել է, և բանակցություններն արդեն շատ տարիներ տանում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, մենք ելնում ենք այն դիրքերից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում ԼՂ մոտեցումները: Բանակցային ձևաչափը փոխելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը, որն այս պահին չկա»,- ասաց Լավրովը:

Նա նշեց, որ խնդրի կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հիշեցնելով, որ համանախագահներն այս պահին էլ տարածաշրջանում են և հանդիպումներ են ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ: ՌԴ արտգործնախարարը կարևորեց նմանօրինակ շփումների առկայությունը խնդրի կարգավորման տեսանկյունից:

Լավրովն ընդգծեց, որ համանախագահները վերջին տարիներին մեծ ջանքեր են գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ: Նա հիշեցրեց, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել: «Որքանով տեղյակ եմ Դուշանբեի հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը (2018թ-ի սեպտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում էր ՀՀ վարչապետի, այլ ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը, - Խմբ.) և Ադրբեջանի նախագահը համաձայնության են եկել այն մասին, որ պետք է շարունակել երկխոսությունը, պետք է արտգործնախարարները հանդիպեն: Կողմերը նշել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք միայն կարող ենք ողջունել այս որոշումները: Քանի դեռ Հայաստանում բուռն ներքաղաքական գործընթացները, որոնց մենք հետևում ենք, չեն ավարտվել, դժվար թե հնարավոր լինի քննարկել ճգնաժամից դուրս գալու հստակ տարբերակներ»,- ասաց Լավրովը:

Խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ևս անդրադարձավ Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ այն արդյունավետ որակելով: Նա հույս հայտնեց, որ հանդիպումը կնպաստի վստահության վերականգնմանը:

«Միլանում դեկտեմբերին կայանալիք նախարարական խորհրդում մենք մեր աջակցությունը կհայտնենք Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, իսկ հակամարտող կողմերին կոչ կանենք գտնել քաղաքական կամք խնդրի կարգավորման համար: Կողմերի համար կարևոր է աշխատել կառուցողական մթնոլորտում՝ խուսափել հրահրող հռետորաբանությունից, ինչը թույլ կտա թուլացնել լարվածությունը շփման գծում: Նման մթնոլորտը ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը գնան դժվար փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են երկարատև ու համապարփակ խաղաղության համար»,- ասաց Գրեմինգերը:






Նիկոլ Փաշինյանը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հետ այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մարտական հենակետ և զորավարժարանում հետևել ցուցադրական հատուկ մարտավարական հարձակողական զորավարժություններին: