«Քաղաքացու որոշում» կուսակցության հայտարարությունը գյումրեցի Ջուլիետա Ղազարյանի սպանության վերաբերյալ

Ի պատասխան մեր կողմից 13.12.2018թ․ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված տեղեկատվություն ստանալու հարցման, 18.12.2018թ․-ին ստացել ենք ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ստորագրությամբ գրությունը։

Ըստ այդ գրության կարելի է արձանագրել հետևյալը․
• Սպանությունը տեղի է ունեցել 02.12.2018 թ․-ին։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել։
• Միայն 10.12.2018 թ․-ին, փորձաքննության եզրակացությամբ են այնպիսի բավարար տվյալներ ի հայտ եկել, որ հնարավոր է հանցանքը կատարած լինի 102-րդ ռուսական ռազմական բազայի զինծառայող Ա. Ռ.-ն:
• 11.12.2018 թ․-ին, այդ պահին ռազմաբազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա․ Ռ․-ն, ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ ձերբակալվել է։
• 12.12.2018 թ.-ին ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Ա. Ռ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
• ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ռուսական ռազմական բազայում տարածքում ի կատար ածելը ՀՀ գլխավոր դատախազությունը պայմանավորում է ՀՀ և ՌԴ միջև 29.08.1997 թ․-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» (այսուհետ՝ Համաձայնագիր) 8-րդ հոդվածի պահանջներով։

Վերը հիշատակվող Համաձայնագրի 4-րդ հոդվածը կարգավորում է, որ․
«Ռուսաստանյան ռազմական բազայի կազմի մեջ մտնող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում կատարված հանցագործությունների և այլ իրավախախտումների վերաբերյալ գործերով, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են նրա իրավասու մարմինները»։

Եթե Համաձայնագրի 4-րդ կետի պահանջով գործում է ՀՀ օրենսդրությունը, նշանակում է նաև, որ կիրառվում են ՀՀ քրեական դատավորության օրենսգիրքը և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքը։

• ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 133-րդ հոդվածի համաձայն․ «Ձերբակալված անձինք պահվում են ձերբակալվածներին պահելու վայրերում: Ձերբակալվածներին պահելու կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:
• «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն․ «Ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը գործում են Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում:

Ձերբակալվածներին պահելու վայրերը և կալանավորվածներին պահելու վայրերը ստեղծվում, վերակազմակերպվում և լուծարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ»:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի կողմից մեզ ուղարկված գրությամբ հաստատվում է, որ 11.12.2018թ․-ին, այդ պահին ռազմաբազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա․Ռ․-ն, ՀՀ քննչական կոմիտեի քննիչի և ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի կողմից համատեղ ձերբակալվել է։ Սրանից բխում է, որ Ա․Ռ.-ն թե՛ որպես ձերբակալված անձ, թե՛ որպես ՀՀ դատարանի ուժի մեջ մտած որոշմամբ կալանավորված անձ պետք է պահվեր Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում գործող կալանավորվածներին պահելու վայրերում և ձերբակալվածներին պահելու վայրերում։

ՌԴ 102-րդ ռուսական ռազմաբազան չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմին, նրա տարածքում ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված ձերբակալվածներին պահելու վայրեր և կալանավորվածներին պահելու վայրեր չկան։

Հետևաբար Ա․Ռ․-ին ձեռբակալելու ՀՀ քննչական կոմիտեի քննիչի որոշումը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը չի կատարվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչը կարգավորվում է նաև Համաձայնագրի 4-րդ հոդվածով։

ՀՀ օրենսդրության վերը նշված պահանջները չկատարելու համար, որպես իրավական հիմնավորում ՀՀ գլխավոր դատախազությունը մատնանշում է Համաձայնագրի 8-րդ հոդվածը, որում ասված է․
«Ռուսաստանյան ռազմական բազայի տեղակայման սահմաններում, Հայաստանի Հանրապետության իրավասությանը վերաբերող գործերով դատավարական, օպերատիվ-հետախուզական, քննչական, կամ այլ գործողությունների կատարման անհրաժեշտության դեպքում նմանօրինակ գործողությունները կատարվում են Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից Ռուսաստանյան Դաշնության իրավասու մարմինների հետ համատեղ, կամ Ռուսաստանյան Դաշնության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների գրավոր հարցումով, եթե դրանց կատարումը չի հակասում Ռուսաստանյան Դաշնության օրենսդրությանը»։

Սույն հոդվածից բխում է, որ անհրաժեշտ գործողությունները կատարելու համար ՀՀ իրավասու մարմինները կարող են ընտրել երկու ճանապարհ․
• գործել ՌԴ իրավասու մարմինների հետ համատեղ` կիրառելով ՀՀ օրենսդրությունը
• գրավոր հարցումով դիմել ՌԴ իրավասու մարմիններին, որպեսզի նրանք կատարեն այդ գործողությունները, եթե միջնորդությամբ ակնկալվող գործողությունները կատարելը թույլատրված են նաև ՌԴ օրենսդրությամբ և չեն հակասում դրան։

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի կողմից մեզ ուղարկված գրության համաձայն 11.12.2018թ․ ռազմաբազայի տարածքում ծառայության մեջ գտնվող Ա․Ռ․-ին ձերբակալելու նպատակով ՀՀ քննչական կոմիտեի քննիչը գործել է վերոնշյալ կետերից առաջինի տրամաբանությամբ՝ գործել է ՌԴ իրավասու մարմնի ներկայացուցչի հետ համատեղ։ ՀՀ իրավասու մարմինները գրավոր միջնորդությամբ չեն դիմել ՌԴ իրավասու մարմիններին նշյալ գործողությունները առանց հայկական կողմի իրականացնելու նպատակով, հետևաբար գործողությունների շրջանակը սահմանափակված չէ ՌԴ օրենդրությամբ ՌԴ իրավասու մարմիններին վերապահված լիազորությունների շրջանակով։

Տրամաբանական կլինի պնդել, որ քննչական մարմնի կողմից ձերբակալելու և կալանավորման մասին ՀՀ դատարանի որոշումն ի կատար ածելու հետևանքով կասկածյալ Ա․Ռ․-ն պետք է հայտնվեր ՀՀ օրենսդրությամբ սահմանված ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայրերում, որոնք գործում են ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինների կառուցվածքներում և ստեղծված են ՀՀ կառավարության որոշմամբ:

Գործելով Համաձայնագրի 4-րդ հոդվածի և ՀՀ օրենսդրության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Ա․Ռ․-ին ձերբակալելուց հետո ՀՀ իրավասու մարմնի ներկայացուցիչը պարտավոր էր ապահովել ձերբակալված անձի տեղափոխումը ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վայր, ինչը չի կատարվել։ Դատարանի կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ որոշումից հետո կալանավորված անձը պետք է տեղափոխվեր ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վայր ինչը ևս չի կատարվել։

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն դատախազությունը հսկողություն է իրականացնում հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ։ Դատախազությունը փաստացի առ այս պահը վերը նշված դրվագներով չի կատարում իր լիազորությունները։

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը գտնում է, որ վերոնշյալ քրեական գործի հետ կապված գործընթացները ՀՀ օրենսդրությանն ու Համաձայնագրին համապատասխանեցնելու, ինչպես նաև գործի համակողմանի և օբյեկտիվ քննությունն ապահովելու համար անհրաժեշտ է կասկածյալին փոխանցել ՀՀ իրավասու մարմիններին։ Ընդ որում, կարծում ենք, որ դրա համար կարելի է ողջամիտ ժամկետ համարել մեկ շաբաթը։ Հակառակ դեպքում ստիպված ենք լինելու դիմել ՀՀ իրավասու քնչական մարմիններին՝ պարզելու ՀՀ օրենսդրության պահանջները չկատարող պաշտոնատար անձանց շրջանակը և սկսել նրանց պատասխանատվության կանչելու գործընթաց։






Քարոզարշավի ընթացքում (նոյեմբերի 25-դեկտեմբերի 1) վճարովի եթերաժամանակից ամենաշատ օգտված քաղաքական ուժը ԲՀԿ-ն է, որը գնել է մոտ 10 000 վայրկյան եթերաժամանակ: Նրան հաջորդում են ՀՀԿ-ն (մոտ 8000) և ԼՀԿ-ն (ավելի քան 6000): ԲՀԿ-ին և ԼՀԿ-ին առավել շատ եթերաժամանակ հատկացվել է «Կենտրոնի», ՀՀԿ-ին՝ «Արմենիա TV»-ի եթերում: Վճարովի եթերաժամանակից  ընդհանրապես չեն օգտվել «Քաղաքացու որոշում» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունները:






Քիչ առաջ Ապարանի Գնթունիք սուպերմարկետի հարակից տարածքում խոչընդոտվել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարոզարշավը, որն իրականացնում էին կուսակցության թիվ 7 ընտրատարածքի տարածքային թեկնածուներ Մարիամ Չախոյանը և Ռոբերտ Դավթյանը։ Անհայտ անձիք հորդորել են հեռանալ տարածքից, խփել հեռախոսին նկարելու ընթացքում, խլել այն։ Տարածքում եղել է նաև ոստիկան, որը չի միջամտել։

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ






«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցությունը միանում է «Քաղաքացու Որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ս.թ. դեկտեմբերի 2-ի՝ ԱԺ-ում հայտնվելու պարագայում հասարակության հնարավորինս լայն շրջանակների ներգրավմամբ նոր սահմանադրության ձևավորման և համաժողովրդական ընդունման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ առաջարկությանը։ 

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարություն






«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, հիմք ընդունելով ընտրություններին մասնակցելու իր վերապահումը, ըստ որի գործող Սահմանադրությունն ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում և հանրության լայն համաձայնության արտահայտություն չէ, հաշվի առնելով մեր և մյուս կուսակցությունների պարտավորությունը Հայաստանի ժողովրդի նկատմամբ, առաջարկում է ստորագրել փոխադարձ համաձայնագիր առ այն, որ ընտրվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք նոր սահմանադրության ընդունման գործընթաց։

Ստորև ներկայացնում ենք համաձայնագրի տեքստը և առաջարկում քաղաքական ուժերին միանալ դրան․

Մենք՝ ներքոստորագրյալ քաղաքական ուժերը, համարում ենք, որ գործող Սահմանադրությունը․

• ընդունվել է լայնածավալ ընտրախախտումների պայմաններում, կեղծվել է հանրաքվեի արդյունքները և հասարակական լայն համաձայնության արտահայտություն չէ,

• այն ձևավորվել է նախորդ քաղաքական համակարգը վերարտադրելու և պետական իշխանությունը սահմանադրության մակարդակով ուզուրպացնելու համար։

• դելեգետիմ Սահմանադրության պայմաններում ներկա հանրային հարաբերությունները, համակեցության հավաքական կանոնները և արժեքները ընդունելի չեն բոլորի համար, միմյանց հետ հարաբերվելու քաղաքացիական սկզբունքները համաձայնեցված չեն, որը ապագայում տեղիք է տալու բազմաթիվ հակասությունների ու ստեղծելու է ճգնաժամային իրավիճակներ։

Գիտակցելով մեր պարտքը և հանձնառությունը Հայաստանի ժողովրդի առաջ ժողովրդավարության, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների ու հանրային համերաշխության վրա հիմնված սահմանադրական կարգ հաստատելու գործում՝ գալիս ենք փոխադարձ համաձայնության առ այն, որ ընտրվելու և ԱԺ-ում հայտնվելու պարագայում նախաձեռնելու և սատարելու ենք հասարակական լայն և ներառողական մասնակցության և համաձայնության վրա հիմնված նոր սահմանադրություն ձևավորելու և ընդունելու գործընթաց։






«Իմ քայլը» դաշինքից իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է. «Մեզ համար շատ կարևոր է, որ մեռելը թաղվի, և որպեսզի Հայաստանում իրական քաղաքական բանավեճեր սկսվեն, քանի որ, խոստովանենք, որ մեռելի հետ բանավիճելը շատ դժվար է»։ 

Ուզում եմ ասել, որ Հայաստանի քաղաքացին արդեն վեց ամիս թաղել է բոլոր նրանց ում գերեզմանը այդպես ջանասիրաբար քանդում եք դուք ու քարշ տալիս Ազգային Ժողով` ընդդիմություն աշխատելու:

Եթե ձեզ պետք է քաղաքական բանավեճ` առաջարկում ենք քաղաքական բանավեճ: Իսկ, եթե որոշել եք մարդկանց սարսափեցնել դիակների հարձակումով, ուզում եմ եղբայրաբար զգուշացնել, որ «էդ տրյուկը ձեն ա բերում»:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության մամուլի խոսնակ Միքայել Նահապետյան






Հետաքրքիր իրավիճակ ա ստացվում։ Պարզվում ա՝ որպեսզի հայտնի դառնաս ու քո մասին սկսեն խոսել, պետք ա մեկին վիրավորես։ Եթե քարոզարշավի ընթացքում այդպես չես վարվում ու խոսում ես տնտեսության, գիտության, կրթության, սոցիալական խնդիրների, առողջապահության, իրավունքի ու սահմանադրականության մասին, ուրեմն «էլիտար» ես ու անհասկանալի։ Էս դիսկուրսը բարձրանում ա ամենապոպուլյար հեռուստաընկերության քաղաքական հարթակ։ Էստեղ ինձ համար 2 ճանապարհ կա՝ կամ տրվել ընդհանուր կեղծ «խրախճանքին» ու հայտնիություն ձեռք բերել, որից հետագայում կզզվես, կամ բոլորին բերես գաղափարաբանական բանավեճի դաշտ։ Իմ անձնական որոշումն ա չիջնել, այլ ստիպել մյուսներին բարձրանալ, դուրս գալ էդ տիղմից։ Ասում են՝ դա մեր շանսերը քչացնո՞ւմ ա։ Շատ լավ։ Վերջնական նպատակն ավելի վեհ ա և ես իմ շահը տեսնում եմ ոչ թե կարճաժամկետ հայփի մեջ, այլ մեր բոլորի, համընդհանուր բարեկեցության պետություն ունենալու մեջ։ Մարտահրավեր եմ նետում եղած կարգերին ու բարքերին և ես հաղթելու եմ։ Դրանով մենք բոլորս ենք հաղթելու։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության համապետական ցուցակի 1-ին համար Սուրեն Սահակյան






ՔՈ ՍԴԿ նախընտրական շտաբը ամեն օր կհրապարակի նախընտրական ծրագրի ոլորտային մեկ բաժին։ Ներկայացնում ենք առաջին ոլորտային բաժինը․ սոցիալական քաղաքականություն։

Սոցիալական քաղաքականության նպատակն է բարեկեցության ցանկացած մակարդակում գտնվող քաղաքացու համար ապահովել բարեկեցության, մշակութային զարգացման, սոցիալական ապահովության ավելի բարձր մակարդակ տեղափոխվելու բոլոր պայմանները.

Պետության սոցիալական քաղաքականության վերջնական թիրախը համընդհանուր բարեկեցության և հանրային համերաշխության պետության կայացումն է.

Համերաշխության ու սոցիալական պատասխանատվության մակարդակի իդեալ կարող է համարվել վիճակը, երբ աշխատունակ ցանկացած քաղաքացի իր աշխատանքով բարեկեցիկ ապրելու հնարավորություն ունի, և այդ հնարավորությունից չօգտվելն իրեն պատիվ չի բերում, իսկ անաշխատունակներն ապրում են արժանապատիվ ու ապահովված.

Ընդհանրապես, կենսագործունեության որևէ փուլում դժվարությունների հանդիպած քաղաքացիները պետք է զգան պետական հոգածությունը՝ իր հնարավորությունների ողջ ծավալով.

Գործնականում դա կարող է դրսևորվել աշխատատեղերի ստեղծման արդյունավետ քաղաքականության վարմամբ, աշխատունակ քաղաքացիների մասնագիտական վերապրոֆիլավորման հնարավորությամբ, համընդհանուր բարեկեցությանն ուղղված ու աղքատության հաղթահարմանը միտված և արդյունքի արդար բաշխման՝ պետության վարած քաղաքականությամբ, և այլն.

Այս նպատակից ելնելով՝

– ցածր եկամուտ ստացողները պետք է հարկվեն ցածր տոկոսադրույքներով,

– ձգտելու ենք հարկման անհատական մոտեցման, որ քաղաքացիները հարկվեն տարբեր դրույքաչափերով՝ կախված առողջական վիճակից, խնամքին ունեցած անչափահասների կամ ծերերի թվից, այլ սոցիալական հանգամանքներից,

– մշակելու ենք մեխանիզմներ, որոնց միջոցով ժողովրդի սեփականություն հանդիսացող բնական ռեսուրսների օգտագործումից գալիք սերունդների համար կկուտակվի մասնաբաժին,

– ներդնելու ենք բազմագործոն և ճկուն հարկային գոտիականություն և հասցեականություն՝ ապահովելու ազատ շուկայի պայմաններում տնտեսական ցածր մրցունակություն ունեցող տարածքների համաչաձ զարգացումը, տնտեսությունից դուրս մնացած հանրույթների ներառումը.

Մեր երկրի կայացման և տնտեսության զարգացման գրավականը սոցիալապես պատասխանատու գործատուներ, արհմիություններ և պետություն համագործակցությունն է, ընդ որում՝ նաև պետության արբիտրի դերի բարձրացումը:

Մենք նպատակ ունենք՝

– նպաստել ոչ ֆորմալ/ինքնազբաղված աշխատողների ֆորմալ դաշտ տեղափոխվելուն՝ հնարավորություն տալով դառնալ հարկատուներ և օգտվել պետության կողմից տրամադրվող երաշխիքներից՝ կենսաթոշակ, առողջապահություն, մասնագիտացված և բարձրագույն կրթություն,

– նպաստել աշխատողների ներկայացուցիչների (արհմիությունների) և գործատուների առավելագույն ներգրավվածությանը աշխատանքային ոլորտի ռազմավարության մշակման գործում, այդ թվում՝ նվազագույն աշխատավարձի սահմանման, սպառողական զամբյուղի հաշվարկման ընթացակարգերում:

Նման ռազմավարությունը պետք է մշակվի միայն եռակողմ սոցիալական գործընկերության մակարդակով: Այսինքն՝ արհմիությունները յուրաքանչյուր տարի ներկայացնում են իրենց պահանջը՝ ըստ ոլորտների, նվազագույն աշխատավարձի մասին և այլ պայմաններ: Գործատուները և պետությունն իրենց հերթին ներկայացնում են առկա հնարավորությունները և հստակ, ըստ ճյուղերի՝ կնքում կոլեկտիվ պայմանգրեր:

Գործող օրենսդրության և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային կոնվենցիաների համաձայն կոլեկտիվ պայմանգիրն ունի օրենքի ուժ:

Չնայած նրան, որ գործող համակարգը թույլ է տալիս այս ձևաչափը, սակայն պետք է իրականացնել գործատուների միությունների և արհմիությունների կառուցվածքային օրենսդրական փոփոխություններ, սոցիալական քաղաքականության մեծ հատվածն իրականացնել կոլեկտիվ պայմանագրերի կնքման ուժով:

Մենք կարծում ենք, որ արհմիություններին կարելի է վերապահել աշխատանքային վեճերի լուծման այլընտրանքային արդյունավետ գործառույթներ, ինչպես նաև` աշխատանքային վեճերով և աշխատանքային հարաբերությունների պայմանների վերահսկողություն իրականացնող մարմնի դեր: Սրանով կթոթափվի դատարանների և պետական տեսչական մարմինների բեռը, կիրականացվի աշխատողի սոցիալ-տնտեսական շահերի արդյունավետ սպասարկում:

Սա էապես կնպաստի աշխատավորական, սոցիալական, ապաքաղաքական շարժման ձևավորմանը, որն իր մասնակցությունն է կունենա պետական քաղաքականության գործում՝ օրենքի շրջանակներում:

Այս ամենը անհնար կլինի առանց թափանցիկ, հաշվետու և ժողովրդավարական կառավարմամբ արհմիությունների: Ուստի վերոնշյալ երեք սկզբունքների համար պետք է բարեփոխել ոլորտի օրենսդրությունը

ԿԱՆԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ

Պետությունը ժամանակավոր կարգավորիչ գործիքներ կիրառելու միջոցով կարող է լուծել սեռերի իրավահավասարության հարցը՝ այն իրավական ու հռչակագրային մակարդակից բարձրացնելով գործնական ու մշակութային մակարդակ.

Կանայք կատարում են մեծ քանակությամբ չվարձատրվող աշխատանք: Մասնավորապես՝ չվարձատրվող աշխատանքը ներառում է երեխաների և տարեցների խնամքը, տնային տնտեսությունը, աշխատանքը խոհանոցում և այգում: Առաջարկում ենք չվարձատրվող աշխատանքը նույնպես ներառել ստաժի հաշվարկման մեջ, մասնավորապես` հաշմանդամություն ունեցող երեխայի և ծերերի խնամքի ժամանակահատվածը լիովին հաշվարկել որպես աշխատանքային ստաժ, այլ ոչ թե միայն դրա 10 տարին, ինչպես այն կարգավորվում է ներկայիս օրենսդրությամբ:

Գյուղաբնակ և բացառապես գյուղատնտեսությամբ զբաղվող կանանց սոցիալական իրավունք- ների իրացման նպատակով իր հողատարածքը մշակող և ինքնազբաղված համարվող կանանց գերակշռող մեծամասնությունը զրկվում է երեխայի խնամքի նպաստ, ապա հետագայում բարձր կենսաթոշակ ստանալու իրավունքից: Այս խմբի կանանց համար հարկավոր է մշակել հարկման օպտիմալ մեխանիզմներ, որպեսզի նրանց հնարավորություն տրվի օգտվելու վերը նշված սոցիալական իրավունքներից:

Մինչև երեք տարեկան երեխա խնամող մայրերի 83%-ը, որոնք կարող են նշանակալիորեն ընդլայնել աշխատուժը ողջ տնտեսության մակարդակով, չեն վերադառնում աշխատանքի՝ պատճառաբանելով երեխայի խնամքի այլընտրանքային տարբերակների բացակայությունը.

Անհրաժեշտ է կարճաժամկետ հատվածում Երևանի և Հայաստանի խոշոր համայնքերում անհապաղ նախաձեռնել ու իրականցնել վաղ մանկության խնամքի ծառայությունների ներդրման ծրագիր՝ նախադպրոցական հաստատությունների ծառայությունների ընդլայնման միջոցով.

Կանանց սոցիալական պաշտպանվածությունը չի սահմանափակվում միայն վերը նշված դրույթներով, և հետագայում մեր կողմից մշակվող քաղաքականություններում ընդգրկվելու են այլ ծրագրեր:






«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը «Ապագան ՔՈնն է» կարգախոսով, կշրջի ընտրատարածքներով՝ քաղաքացիներին բաժանելով ծրագրային թռուցիկներ և կուսակցության խորհրդանիշ հանդիսացող մանդարիններ:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանն ասաց, որ մանդարինը խորհրդանշում է համանմանների հավասարության, միասնության և արդարության արժեքներ:

Հարցին, թե ինչու են քարոզարշավը սկսում Մաշտոցի պուրակից, Նահապետյանը պատասխանեց, որ իրենք վերադարձել են այնտեղ, որտեղից սկսել են: «Մաշտոցի պուրակը մի վայր է, որտեղ ձևավորվել են այսօր արդեն ֆորմալ քաղաքական գործընթացներում մասնակցող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Այստեղից է մեկնարկել 2012 թվականին հանրային տարածքի համար պայքարը»,-նշեց նա:

ՔՈ կուսակցության անդամները համոզված են, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ընտրելու են ՀՀ քաղաքացիներ, ում համար հանրային համերաշխության և սոցիալական արդարության հարցերը կարևոր են:


 «Մեզ համար խորհրդարանում հայտնվելը կարգավիճակի խնդիր չէ: Մենք մեզ շատ հարմարավետ ենք զգացել տարիներ շարունակ փողոցում մեր օրակարգերը բարձրացնելիս՝ տարբեր սոցիալական շարժումներում: Մեզ համար խնդիր չէ աշխատել խորհրդարանից դուրս, խորհրդարանը մեզ համար լրացուցիչ գործիքակազմ է: Եթե Հայաստանի քաղաքացիները նպատակահարմար գտնեն, որ այդ գործիքակազմին մենք տիրապետենք, մենք կգնանք այդ գործիքակազմն օգտագործելու ճանապարհով, եթե ոչ, մենք մեր գաղափարների համար կպայքարենք արտախորհրդարանական ճանապարհով»,-ընդգծեց «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամը:

Նշենք, որ ՔՈ կուսակցության անդամները հիմնականում ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքացիական շարժումների նախաձեռնողներ և մասնակիցներ, ինչպես նաև հասարակական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։






ՀՀԿ-1

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-2

ՀՅԴ-3

«Իմ քայլը» դաշինք-4

«Լուսավոր Հայաստան»-5

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն-6

«Ազգային առաջընթաց» կուսակցություն-7

«Մենք» դաշինք-8

ՕԵԿ-9

«Սասնա ծռեր»-10

ԲՀԿ-11