2026 թվականի մայիսի 18-ին ԱԺ հերթական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ Արցախի «Հեղափոխական» կուսակցության ղեկավար Արտուր Օսիպյանի ու ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցավ վիճաբանություն։
Արտուր Օսիպյանը ՔՊ քարոզարշավի ժամանակ, մոտենալով Փաշինյանին, մի շարք հարցադրումներ արեց, այդ թվում՝ «ինչու Փաշինյանը աջակցեց կոռուպցիային, ինչու չհետեւեց, թե ուր է գնում Ղարաբաղ ուղարկած գումարը, ինչու աջակցեց Արայիկ Հարությունյանին, երբ իրենք պայքարում էին թալանչի կլանի դեմ» եւ այլն։
Ի պատասխան՝ Փաշինյանը բորբոքվեց ու վիրավորական արտահայտություններ արեց՝ ասելով՝ «դու խի չես զոհվել, գնայիր, զոհվեիր, դու խի ես կենդանի, ռադդ քաշի, համբալի մեկը» եւ այլն։ Օսիպյանին այդ ժամանակ հեռացրին հանրահավաքի վայրից։
Քիչ անց Օսիպյանը ձերբակալվեց, նախաձեռնվեց քրեական վարույթ, նա կալանավորվեց։ Օսիպյանին մեղադրանք առաջադրվեց «քարոզարշավին խոչընդոտելու, բռնության կոչի (Ֆեյսբուքում գրել էր՝ «ողնաշարդ կջարդեմ», «բմբուլներդ քամուն կտամ» արտահայտությունները), խուլիգանության» համար։
Կալանավորումից հետո Օսիպյանը հայտարարեց հացադուլ՝ Նիկոլ Փաշինյանից պահանջելով ներողություն խնդրել վիրավորանքների համար։ Ի նշան բողոքի՝ նա հացադուլի ընթացքում հրաժարվեց բժշկական զննությունից։ Նրա պաշտպանը պարբերաբար հայտնում էր, որ Օսիպյանի առողջական վիճակը գնալով վատանում է։
Մի շարք իրավապաշտպան եւ հասարակական կազմակերպություններ արձագանքեցին դեպքին՝ պահանջելով ազատ արձակել Օսիպյանին եւ նշելով, որ նրա արարքներում չկա քրեական հանցակազմ, որ նրա հայտարարությունները խոսքի ազատության շրջանակում են եւ քաղաքական քննադատություն։ Նրան ազատ արձակելու պահանջով մի քանի օր շարունակ մի խումբ քաղաքացիներ նստացույց իրականացրին ՀՀ նախագահի շենքի դիմաց։ Ավելի ուշ ՀԿ-ների մի քանի ներկայացուցիչներ Օսիպյանին կալանքից ազատելու համար անձնական երաշխավորություն ներկայացրին Գլխավոր դատախազություն։ Հանրային տարբեր շրջանակներ Օսիպյանին հայտարարեցին քաղբանտարկյալ։
Միայն հացադուլի 23-րդ օրը ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ, ի թիվս այլնի, հաշվի առնելով նաեւ անձնական երաշխավորագրերը, Օսիպյանի խափանման միջոց կալանքը կվերացվի։
Քրեակատարողական հիմնարկից դուրս գալուց հետո Օսիպյանն ու իր պաշտպան Դավիթ Հովհաննիսյանը հայտարարեցին, որ հացադուլը դադարեցնելու հարցը կքննարկեն, քանի որ տեսնում են՝ այն արդյունք չի տալիս՝ վարչապետը ներողություն չի խնդրում, ուստի կդիտարկեն դատական հայց ներկայացնելու, ընդհուպ միջազգային դատարան հասնելու տարբերակը։
Լուսանկարը՝ Հետքի