hetq.am: Առաջնորդվելով հանրային հաշվետվողականության, պետական մարմինների և ծառայողների թափանցիկ գործելաոճի կարևորությամբ, ներկայացնում ենք ոստիկանության կենտրոնական մարմնի ծառայողների էթիկայի հանձնաժողով ներկայացրած 2018 թվականի տարեկան հայտարարագրերի վերլուծության երկրորդ մասը։ 

Այսպես, ոստիկանության պետի առաջին տեղակալ, գնդապետ Արման Սարգսյանը 2018 թվականի ընթացքում ստացել է 100.000 ռուսական ռուբլի և 13.000 ԱՄՆ դոլար նվիրատվություն, սակայն հայտարարագրում չի նշվում, թե ումից է ստացել այդքան գումար։

Գնդապետի դրամական միջոցները կազմել են 17.000 ԱՄՆ դոլար և 8.000.000 դրամ, իսկ փոխառություններից ստացած եկամուտը կազմել է 44.400.000 դրամ, աշխատավարձից ստացած եկամուտը՝ 5.661.000 դրամ, այսինքն նրա ամսական աշխատավարձը կազմում է մոտ 470 հազար դրամ։ Պրն. Սարգսյանը նաև հայտարարագրել է 50.704.500 դրամ արժեք ունեցող բնակարան, 3.380.000 դրամ արժեք ունեցող ավտոտնակ և 1.448.000 դրամ արժեք ունեցող հողատարածք։

Գնդապետ Սարգսյանի կինը՝ Սարգսյան Լիլիթը, հայտարարագրել է 5.000 ԱՄՆ դոլար և 10.000.000 դրամ, իսկ աշխատավարձից ստացած նրա եկամուտը կազմել է 2.741.000 դրամ։

Արման Սարգսյանի գործընկերոջ՝ ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Քոչարյան Հովհաննեսի դրամական միջոցները կազմել են՝ 40.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը՝ 5.149.000 դրամ, փոխառություններից ստացած եկամուտը՝ 3.000.000 դրամ։

Անձնագրային և վիզաների վարչության կազմակերպական-հսկողական բաժնի պետ Գևորգյան Արսենի դրամական միջոցները 2018թ.-ին կազմել են 46.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը 5.807.000 դրամ։

ՀՀ ԿԱ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Կարապետյան Ահարոնի դրամական միջոցները կազմել են 35.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 դրամ, աշխատավարձից ստացած եկամուտը՝ 7.170.576 դրամ, փոխառությունից ստացած եկամուտը՝ 2.600.000 դրամ։

ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Ղուկասյան Արմենի դրամական միջոցները կազմել են 35.000 ԱՄՆ դոլար, իսկ աշխատավարձից ստացած եկամուտը՝ 6.950.000 դրամ։