Էդմոն Մարուքյանը՝ դատական իշխանության բարեփոխումումների մասին
05:31 - 20 մայիսի, 2019

Էդմոն Մարուքյանը՝ դատական իշխանության բարեփոխումումների մասին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյնա իր էջում գրում է․ 

«Անցած մեկ տարվա ընթացքում հազար բարեփոխում կարելի էր ձեռնարկել, որից մեկն էլ հենց Vetting է

Սա էլ փորձագիտական ուսումնասիրություն է հենց հիմա իրականացվող բարեփոխման մասին Ալբանիայի փորձից:

Ալբանիան այս օրերին իրականացնում է դատական իշխանության բարեփոխում, մասնավորապես` դատավորների ու դատախազների վեթինգ (vetting). Vetting անգլերենում նշանակում է զտում, ֆիլտրացիա, վերագնահատում, իսկ ավելի հաճախ օգտագործվում է այն ժամանակ, երբ կոնկրետ ոլորտում իրականացվում են պաշտոնական ստուգումներ, քննություններ` պարզելու համար պաշտոնատար անձանց համապատասխանությունն իրենց զբաղեցրած պաշտոններին:

Կարևոր է շեշտել, որ վեթինգն իրականացվում է ժողովրդավարական մարմնի, օրենսդիրի ընդունած համապատասխան օրենքի հիման վրա և օրենքի համաձայն:

Ալբանիայի կողմից դատավորների/դատախազների վեթինգի իրականացումը մասամբ պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ ԵՄ Եվրոպական հանձնաժողովը խիստ քննադատության էր ենթարկել Ալբանական իշխանություններին այն բանի համար, որ դատական իշխանության խորքային ռեֆորմը և այնտեղ տիրող կոռուպցիայի դեմ պայքարը հապաղում է, և պահանջել էր կոնկրետ և անհապաղ քայլեր ձեռնարկել դատական բարեփոխման ուղղությամբ, ներառյալ` սահմանադրական փոփոխություններ:

Ընդունված վեթինգի օրենքի վերջնանպատակը դատական իշխանության հանդեպ հանրության վստահության վերականգնումն ու դատական իշխանության անկախության ապահովումն է:

Ալբանիայում վեթինգն իրականացվում է երեք հիմնական չափանիշներով`

1. Ունեցվածք: Վեթինգի ենթարկվողները, նրանց հարազատները հայտարարագրում են իրենց ողջ գույքը: Նրանք պետք է ցոււց տան գույքի ծագման աղբյուրները: Հայտարարագրման է ենթակա այն գույքը, որը ձեռք է բերվել պաշտոն ստանձնելուց հետո:

2. Կասկածելի կապերի ստուգում (background check): Այս չափանիշի վերջնանպատակն է հավաստիանալ, որ դատավորը/դատախազը կապված չեն կազմակերպված հանցավոր խմբերի (մաֆիա) հետ:

3. Գիտելիքների/հմտությունների վերագնահատում: Ուսումնասիրվում են նախկինում դատավորի/դատախազի կողմից էթիկայի նորմերի, օրենքների խախտումների դեպքերը և արդյունքում դրանց տրվում է գնահատական:

Օրենքով ստեղծվել են նաև վեթինգի անկախ մարմիններ, որոնք որոշումներ են կայացնում վերագնահատման արդյունքներով, ինչպես նաև բողոքարկման հնարավորություններ են ստեղծված վերագնահատումը չանցած դատավորների/դատախազների համար: Ողջ պրոցեսը գտնվում է միջազգային հանրության անմիջական ուսումնասիրության ներքո, ով հաճախ դիտարկումներ է անում ընթացքի վերաբերյալ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել