Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․03․20 (թարմացվող)
22:13 - 28 մարտի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․03․20 (թարմացվող)

22։10- Առողջապահության նախարարությանն անհրաժեշտ են վարորդներ: Աշխատանքը պայմանագրային է՝ 6-8 ժամ հերթափոխով: Մանրամասների համար խնդրում ենք զանգահարել Պարետատան թեժ գիծ՝ 8141 հեռախոսահամարով: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

22։03- Հորդորում ենք արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին պահպանել կապը տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորությունների սահմաններում կարողանան ցուցաբերել համապատասխան աջակցություն։ Կոչ ենք անում ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել իրենց գտնվելու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրվող հրահանգներին, իրականացվող  միջոցառումներին, պահպանել հանգստություն՝ միևնույն ժամանակ սթափ գնահատելով իրադրությունը։ [ԱԳՆ]

 

21։57- Կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի: Դեսպանության աջակցությամբ հնարավոր է եղել կազմակերպել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսանող ՀՀ քաղաքացիներից բաղկացած 15 հոգանոց խմբի և Այովա նահանգում սովորող 3 ուսանողների վերադարձը Հայաստան՝ նրանց ապահովելով նաև առողջապահական անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով: [ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն] 

 

21։33- Հաստատված դեպքերի թիվը` 407, ապաքինվել է 30 քաղաքացի: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

19։39- 28.03.2020, 19:30-ի դրությամբ  ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։ Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 30։ [ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյան]

 

19։01- Գյումրիում մեկնարկել  է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, որի նպատակն է սոցիալապես անապահով ընտանիքների համար  ապահովել կենսական անհրաժեշտություն համարվող նվազագույն պարենային զամբյուղը: Ծրագրի նախաձեռնող խմբի անդամ Կարեն Պետրոսյանի խոսքով՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար աշխարհում և, մասնավորապես, ՀՀ-ում կիրառվում են մի շարք սահամանափակումներ, որոնց արդյունքում շատ քաղաքացիներ զրկվում են կարիքների բավարարման համար անհրաժեշտ նվազագույն ֆինանսական միջոցներից։  |armenpress.am|

 

18:01- ԱԻ նախարարի հրամանով կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում են վարակազերծման գործողություններ: ՓԾ ստորաբաժանումները առավոտյան ժամը 06:00-ից սանիտարահիգիենիկ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացրել հանրապետության 9 մարզերի 30 քաղաքներում և Երևանում, ընդհանուր թվով՝ 666 հանրային վայրերում: [ԱԻՆ]

 

17:33 - Աֆղանստանում, Լիբանանում և Կոսովոյում առաքելություն իրականացնող ՀՀ ՊՆ խաղաղապահ զորքերի զինծառայողներից ոչ ոքի մոտ նոր տիպի կորոնավիրուսի վարակման դեպք չի հայտնաբերվել։  [ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան]

17:25 - Ըստ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Երվանդ Հակոբյանի՝ բռնցքամարտիկ վարակակրի մասին իրենց տարածած նյութը հեռացվել է պարետատան պահանջով։ Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիան էլ հայտնել է, որ վերոնշյալ ֆեդերացիան որևէ կապ չի ունեցել Լոնդոն մեկնած պատվիրակության հետ։ Այնուամենայնիվ ԿԳՄՍՆ-ն հաստատում է, որ Լոնդոն մեկնած պատվիրակության մեջ եղած մարզիկներից մեկը վարակված է կորոնավիրուսով, մյուսների մասով բժիշկների ցուցումները կատարված են, սերտ շփում ունեցածները մեկուսացված են: Վարակված մարզիկը գտնվում է բուժհաստատությունում։

15:41 - Կառավարությունը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների 2-րդ շարքը, որոնց թվում է գյուղատնտեսության ոլորտում ֆիզիկական անձանց միկրովարկավորման համար ևս  0% տոկոսադրույքի սահմանումը։ 

15:20 - Լրագրողների մուտքն Արցախ ազատ է, անգամ այն պարագայում, եթե մեքենայում 3 հոգով են: Նրանք ազատ կարող են գնալ Արցախ: Թույլ ենք տվել իրենց անցնել։ [Փոխոստիկանապետ Հայկ Մհրյան]

15:02 - Անմիջական շփումների բացառման և վարակի կանխարգելման նպատակով Ոստիկանությանը ցուցում է տրվել, որպեսզի մեր քաղաքացիների տեղաշարժման թերթիկը և անձնագիրը/նույնականացման քարտը ստուգելիս չվերցնեն փաստաթղթերը, այլ խնդրեն որ քաղաքացիներն իրենք ցույց տան դրանք: ստեղծել ենք տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի է https://ac19.am/app/mobility հղումով: [ՀՀ գլխավոր պարետ Տիգրան Ավինյան]

14։38 - Ոստիկանության կրթահամալիրում կորոնավիրուսի դեպք չկա: Ինչպես բոլոր ստորաբաժանումները, այնպես էլ կրթահամալիրը, բոլոր միջոցառումները, որոնք նախատեսված են այս շրջանակներում, իրականացնում է:
[Փոխոստիկանապետ Հայկ Մհրյան]

14։33 - ԱՀ նախագահ Բակո Սահակյանը մարտի 28-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն, որտեղ անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն: Բակո Սահակյանն ընդգծել է, որ կայանալիք համապետական նշանակության ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման ժամանակաընթացքում ոստիկանությունը պետք է լիարժեք եւ արդյունավետորեն իրականացնի իր գործառույթները՝ հատուկ ուշադրություն դարձնելով վարակի տարածման կանխարգելմանն ուղղված բոլոր կանոնների պահպանմանը:
[ԱՀ տեղեկատվական շտաբ]

14։30 - Մարտի 28-ի ժամը 12։00 դրությամբ ՀՀ-ում ինքնամեկուսացման պայմանները խախտած քաղաքացիներից 1889-ը ենթարկվել են վարչական պատասխանատվության։
[Փոխոստիկանապետ Հայկ Մհրյան]

14։27 - Այս օրերին Արցախի Հանրապետություն կարող են այցելել այն անձինք, ովքեր այնտեղ ունեն հաշվառում, Արցախ կարող են մուտք գործել բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում՝ բեռնատարները անկախ բեռնվածությունից։ Մարդատար մեքենաները կարող են անցնել Արցախի սահմանը պարտադիր բեռնված լինելու դեպքում։ Արցախ կարող են այցելել նաև Արցախում կայանալիք ընտրությունների համար դիտորդական առաքելություն իրականացնող անձինք և լրագրողները՝ համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում։ ԱՀ կարող են մեկնել նաև Պաշտպանության բանակին սնունդ մատակարարող բոլոր ընկերությունները։ [Փոխոստիկանապետ Հայկ Մհրյան] 

14։09 - Կորոնավիրուս (COVID-19) հիվանդության տարածման դեմ հայտարարված արտակարգ դրության օրերին մարզպետարանները սոցիալապես անապահով բնակիչներին աջակցում են սննդամթերքով: Մարզերում հայտարարվել է ֆիզիկական եւ իրավաբանական անձանցից նվիրատվություններ ընդունելու մասին, որը պահեստավորելու համար Երեւանում եւ մարզերում առանձնացվել են հատուկ կետեր։

13։24 - Մեկուսացվածների շարքերում չունենք զինծառայող, որը վիրուսին բնորոշ ջերմություն կամ այլ ախտանշաններ կունենա: Նոր մեկուսացումներ ևս չեն եղել: Մեր հինգ հիվանդների առողջական վիճակը կայուն է, նրանց ինքնազգացողությունը լավ է: Միայն մեկը ջերմություն ունի, այն էլ՝ ոչ բարձր:
[ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյան]

13։07 - Ես հիմա փնտրում եմ սոցիալական որոշակի շերտերի ներկայացուցիչների, մեր գործողություններն ավելի հասցեական դարձնելու համար: Երեկվա խոսակցությունից հետո մենք մեր տնտեսական աշխատանքային խմբով քննարկում ունեցանք, և դա որոշակիորեն ազդեց մեր քննարկումների ընթացքի վրա: Հիմա հակաճգնաժամային գործողությունների մի շարք որոշումներ են պատրաստվում: Կփորձենք մաքսիմալ հասցեական և արդյունավետ լինել։ [Նիկոլ Փաշինյան]

12։50 - Արցախի Հանրապետությունում առողջապահական համակարգում պլանային վիրահատությունները ժամանակավորապես կասեցվել են: Չնայած նրան, որ մինչ օրս Արցախում կորոնավիրուսով հիվանդացության որեւէ դեպք չկա,  բուժհաստատություններում առանձնացվել, կահավորվել-լրակահավորվել են ինֆեկցիոն բաժանմունքները։
[ԱՀ տեղեկատվական շտաբ] 

12։45 - Շուշիի շրջանում կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղղությամբ իրականացված և նախատեսվող միջոցառումների մասին

✅ Ստեղծվել է նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող շրջանային հանձնաժողով:
✅ Շուշի քաղաքի կենտրոնական փողոցները ախտահարվել են քլորակրի 65 տոկոսանոց լուծույթով:
✅ Ախտահարվել են Շուշի-Ստեփանակերտ երթուղին սպասարկող ավտոբուսները:
✅ Ձեռք է բերվել ախտահանիչ հեղուկ (ալկոգել), որը տրամադրվել է գործող հիմնարկ-կազմակերպություններին:
✅ Բնակչության շրջանում տարվել են բացատրական աշխատանքներ՝ անհարկի փողոց դուրս չգալու և զանգվածային միջոցառումներ չկազմակերպելու մասին:

ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է՝
✅ Ախտահանիչ հեղուկներ տրամադրել տաքսու վարորդներին:
✅ Շարունակել փողոցների, կանգառների, ավտոբուսների ախտահանման աշխատանքները:
[ԱՀ տեղեկատվական շտաբ]

12։34 - Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար, հայազգի պրոֆեսոր Արա Դարզիի հետ։ Նախագահը նշել է, որ ԵՊԲՀ և ՀԱՊՀ ուսանողների հետ հեռավար դասախոսության ընթացքում առաջարկել է ապագա բժիշկներին և ինժեներներին աշխատել նոր կորոնավիրուսի բուժման համար կիրառվող թոքերի պարզագույն օդափոխիչներ ստեղծելու և Հայաստանում արտադրելու ուղղությամբ: Նախագահն առաջարկել է Լորդ Դարզիին դիտարկել Լոնդոնի կայսերեկան քոլեջի բժշկական ինժեներիայի ոլորտի մասնագետների կողմից  աջակցություն ցուցաբերելու և հայկական երկու բուհերի հետ համագործակցության հնարավորությունը։

11։48 - Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բոլոր հաստատությունների աշխատակիցները կվճարվեն լրիվ աշխատավարձի չափով՝ հարկադիր պարապուրդում եղած ողջ ժամանակահատվածի համար։
[Երևանի քաղաքապետարան]

11։13 - Լոնդոնից վերադարձած պատվիրակության բոլոր անդամները գտնվում են բժիշկների անմիջական հսկողության ներքո: Կորոնավիրուս է հայտնաբերվել Հայաստանի պատվիրակության հետ Լոնդոն մեկնած, բայց պատվիրակության անդամ չհանդիսացող եւ ֆեդերացիայի կողմից չհաստատված անձանց մոտ: Ավելի ուշ պարզ է դարձել, որ վարակված կա նաեւ հավաքական թիմում:
[Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա]

10։30 - Կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի շրջանակում
ԱՄՆ-ն նախատեսում է 1.1 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն ցուցաբերել Հայաստանին։

10։00 - Հաստատված դեպքեր - 372
Բուժվածներ - 28
Փաստացի բուժվողներ - 343
Բացասական թեստեր - 2172
Մահվան դեպքեր - 1


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել