armenpress.am: Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ ընտրվեց «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանը։ Նախ «Արդարություն» խմբակցությունը առաջարկեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության պատգամավոր Վահրամ Բալայանի թեկնածությունը, սակայն Բալայանը ինքնաբացարկ ներկայացրեց՝ նշելով, որ ճիշտ կլինի Ազգային ժողովի նախագահ լինի խորհրդարանական մեծամասնությունից։ Նա առաջարկեց «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արթուր Թովմասյանի թեկնածությունը։ Այնուհետև անցկացվեց փակ գաղտնի քվեարկություն։

Քվեարկությանը մասնակցեց 33 պատգամավոր, Արթուր Թովմասյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 29 պատգամավոր, դեմ՝ 4։

Նիստի ընթացքում պատգամավորները կընտրեն նախագահի տեղակալին և մշտական հանձնաժողովների նախագահներին և կստեղծվեն մշտական հանձնաժողովները։

Ավելի ուշ՝ ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում տեղի կունենա Արայիկ Հարությունյանի՝ ԱՀ նախագահի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը, որին կմասնակցի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խորհրդարան են անցել 5 քաղաքական ուժ՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքը՝ 16 պատգամավոր, «Միասնական հայրենիք» կուսակցությունը՝9 պատգամավոր, «Արդարություն» կուսակցությունը՝ 3 պատգմավոր,  «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը՝ 3 պատգամավոր և Արցախի Ժողովրդավարական կուսակցությունը՝ 2 պատգամավոր։

Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական գործունեությունը սկսել է 1995թ. ապրիլի 30-ին, երբ  Գյունե-Կալերի թիվ 24 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ երկրորդ գումարման խորհրդարանի պատգամավոր, եղել է սոցիալական ոլորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ,  ապա՝ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1996-1997թթ. եղել է ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ:

2005թ. հունիսի 19-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ  գումարման Ազգային ժողովի պատգամավոր։ Եղել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայրենիք» խմբակցության ղեկավար: 2010թ. մայիսի 23-ի  խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր, 2010-2015թթ.՝ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ 2015թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով, թիվ 9 ընտրատարածքից ընտրվել է ԼՂՀ վեցերորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: Եղել է արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:

«Ազատ հայրենիք» կուսակցության հիմնադիր անդամ է, 2005-2006թթ.՝ կուսակցության համանախագահ 2007-2009թթ.՝ կուսակցության նախագահ 2005թ.-ից՝ կուսակցության գրասենյակի տնօրեն, կուսակցության նախագահության անդամ Ազգային ժողովի «Հայրենիք» խմբակցության ղեկավարն է: Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: