ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. ՔԿ-ն հրապարակել է Կիրանց մեկնած զինծառայողների ուղերձը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից ստացվել է հաղորդում այն մասին, որ 2024թ. ապրիլի 26-ին` ժամը 23:30-ի սահմաններում, համացանցում շրջանառված տեսագրությունների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ նույն ժամի սահմաններում ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի մի խումբ զինծառայողներ միացել են Տավուշի մարզի Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին քաղաքական դրդապատճառներով խմբված ցուցարարներին՝ հայտարարելով, որ վայր են դրել զենքերը՝ ի նկատի ունենալով, որ հրաժարվում են կատարել զինվորական ծառայության առանձին պարտականությունները և տվյալ պահից, փաստացի դադարեցնելով դրանց կատարումը, միացել են ցուցարարներին: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:   Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի և 46-529-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել է, որ 2024թ. ապրիլի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ՝ սպա Ա.Չ.-ն և ենթասպա Ֆ.Բ.-ն, համացանցից տեղեկանալով Ոսկեպար-Կիրանց ավտոճանապարհին խմբված ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի մասին, առաջարկել են նույն զորամասի զինծառայողներ՝ ենթասպա Ա.Դ.-ին, շարքային կազմի պայմանագրային զինծառայողներ Ա.Ա.-ին, Ա.Բ.-ին, Գ.Ս.-ին, Ա.Բ.-ին, Կ.Ս.-ին, Է.Մ.-ին, Դ.Զ.-ին, Ս.Մ.-ին, Ա.Գ.-ին. Հ.Ղ.-ին, Ա.Հ.-ին և Գ.Թ.-ին մեկնել տվյալ տեղանք՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար, սակայն, տեղ հասնելուն պես՝ անսպասելիորեն ցուցարարներից ոմանք հայտարարել են, թե իբր իրենք միացել են նրանց և վայր են դրել զենքերը, իսկ տեղում գտնվող լրագրողները սկսել են նկարահանել իրենց:   Հասկանալով, որ տեղում որևէ արտառոց իրավիճակ չկա՝ կարճ ժամանակ անց հեռացել են խմբված ցուցարարների մոտից:   Քրեական վարույթով կազմվել է քննչական խումբ, իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները և դեպքին առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու նպատակով:   ՀՀ քննչական կոմիտեն հայտարարում է, որ ցուցաբերելու է հետևողականություն և զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված յուրաքանչյուր հանցագործության դեպքով կատարելու է ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր գործառույթները:   «Միաժամանակ հորդորում ենք ՀՀ պաշտպանության նախարարության պայմանագրային և պարտադիր ժամկետային զինծառայողներին՝ խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության, այդ թվում՝ զինվորական կանոնադրությունների պահանջները, բարեխղճորեն կատարել զինվորական ծառայության իրենց պարտականությունները, դրսևորել զսպվածություն և չտրվել առանձին անձանց սադրանքներին, մանիպուլյատիվ հայտարարություններին և քաղաքական կոչերին:   Ստորև ներկայացնում ենք զինծառայողներ Ա.Չ.-ի և Ֆ.Բ.-ի ուղերձները»,- ասված է ՔԿ-ի հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ դեպքին անդրադարձել էր պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի։
Այսօր 10:25
2020 թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

2020 թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում շարունակվում է 2020 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգությունների վերաբերյալ քրեական վարույթով ակտիվ նախաքննությունը: «Կատարված բազմաթիվ քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ եղբայրներ Ս.Ի-ն և Դ.Ի-ն 2020 թ. նոյեմբերի 10-ին տեղեկանալով, որ նույն թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմը դադարեցնելու մասին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված համաձայնությունը հրապարակվելուց հետո ՀՀ կառավարության շենքի մոտ բազմություն է հավաքվել, և կատարվում են զանգվածային անկարգություններ, գնացել են նշված վայր ու միացել զանգվածային անկարգությունների մասնակիցներին: Մասնավորապես, Ս.Ի-ն և Դ.Ի-ն, զանգվածային անկարգության մյուս մասնակիցների հետ հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են ՀՀ  կառավարության շենքի մուտքի դռանը, որից հետո, Ս.Ի-ն, լրացնելով այլ անձանց գործողությունները, ոտքերով մի քանի անգամ հարվածել է ՀՀ կառավարության շենքի մուտքի դռանը, ինչի հետևանքով այն նախ վնասվել, ապա՝ բացվել է: Դրանից հետո, Ս.Ի-ն և Դ.Ի-ն, զանգվածային անկարգության այլ մասնակիցների հետ ապօրինի մուտք են գործել ՀՀ կառավարության թիվ 1 շենք, որտեղ շարունակել են ջարդերով, գույք ոչնչացնելով և վնասելով զուգորդված զանգվածային անկարգությունները։ Արդյունքում՝ ջարդվել են կառավարության անդամների և աշխատակազմի մի շարք աշխատասենյակների դռները, առանձնապես խոշոր չափերով վնասվել և ոչնչացվել է ՀՀ գործադիր իշխանության բնականոն գործունեության ապահովման համար անհրաժեշտ պետական և մասնավոր գույքը։ Այդ ամենով խաթարվել է ՀՀ կառավարության գործունեությունը, վտանգվել հասարակական անվտանգությունը: Մասնավորապես, Ս.Ի.-ն, Դ.Ի.-ի և զանգվածային անկարգության այլ մասնակիցների հետ բարձրանալով շենքի 3-րդ հարկ, վնասելու դիտավորությամբ ցատկել և ոտքով մեկ անգամ հարվածել է «Կարմիր դահլիճ» անվանումով սրահի մուտքի երկփեղկ դռներին, այնուհետև մոտենալով նույն հարկում տեղակայված աշխատասենյակի ընդունարանի պատին ամրացված ցուցանակին՝ քաշել և պոկել է այն, թքել դրա վրա, գցել գետնին և ոտքերով հարվածելով վնասել այն, որից հետո հանցակիցների, այդ թվում՝ Դ.Ի.-ի հետ մուտք է գործել նույն հարկում գտնվող «Սպիտակ դահլիճ» անվանումը կրող սրահ և վնասելու դիտավորությամբ ոտքով հարվածել է սրահում գտնվող փակ դռներից մեկին: Այնուհետև Ս.Ի.-ն փորձել է քաշելով պոկել ՀՀ կառավարության շենքի աշխատասենյակների ցուցանակները, սակայն տեսնելով, որ չի կարողանում, վերցրել է պատին ամրացված կրակմարիչը, այլ անձանց, այդ թվում՝ Դ.Ի.-ի հետ դրանով հարվածելու և ձեռքով քաշելու միջոցով պատից պոկել և գետնին են գցել ցուցանակները՝ վնասելով դրանք: Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն իր հերթին՝ առանձին, հաստատապես գիտակցելով իրենց գործողությունների բացահայտ բնույթը և ներկաների կողմից դրա հանցավորությունը գիտակցելու հանգամանքը, հափշտակել են ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկշռում գտնվող ՀՀ դրոշներ: Նկարագրված արարքները կատարելու համար Ս.Ի.-ի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Դ.Ի.-ի նկատմամբ՝ նույն օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Հետախուզման մեջ գտնվող Ս․ Ի․-ն հայտնաբերվել և ներկայացվել է վարույթ իրականացնող մարմնին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, իսկ Դ.Ի-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը: Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, նրանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան։ Մինչ օրս 2020 թ. նոյեմբերի 10-ին Երևան քաղաքում կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցելու մեղադրանքով դատարան է ուղարկվել 39 անձանց վերաբերյալ քրեական վարույթ»,- ասված է ՔԿ հաղորդագրության մեջ: Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:27 - 26 ապրիլի, 2024
Դատարանը մերժել է Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը

Դատարանը մերժել է Մամիկոն Ասլանյանին ազատ արձակելու միջնորդությունը

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված։ Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, այսօր մերժեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ նրան ազատ արձակելու վերաբերյալ։ Այս մասին, «Ինֆոքոմի» հարցին ի պատասխան, հայտնեց ԲԴԽ խոսնակ Մերի Գեւորգյանը։  Փաստաբան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով այս որոշմանը, ֆեյսբուքյան իր էջում ասել է․ «Մամիկոն Ասլանյանը անազատության մեջ է, որովհետեւ դատարանը գտել էր, որ կա շուրջ 30 վկա, որոնք պիտի հարցաքննվեն, եւ դատարանի կարծիքով՝ կարող է նրանց վրա որոշակի ազդեցություն ունենալ՝ հաշվի առնելով, որ ընտրված քաղաքապետ է․․․ Հիմա այդ 30 վկաներին լսել են, ակնհայտ է, որ հիմքը վերացել է, եւ մարդը պետք է ազատ արձակվի։ Մեկ էլ դատարանը որոշում է, որ սեփական նախաձեռնությամբ եւս 7 վկա պետք է հրավիրի։ Հիմա ես չեմ ուզում ասել, որ այդ որոշումն ինքնին սխալ էր, բայց այս հանգամանքը հիմք ընդունել ու ասել, որ հիմա էլ այս 7-ի վրա կարող է ազդել, արդեն չեղավ․ անկողմնակալ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ այդ 7 վկան ոչ թե ճշմարտությունը հայտնաբերելու համար հայտնվեցին, այլ զուտ, որ արհեստական հիմք ստեղծվի՝ անազատությունը շարունակելու»,- նշել է նա: Ասլանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորությունները անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ (2003 թ․ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասեր, 309-րդ հոդված, 314-րդ հոդվածի 1-ին մաս)։ Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ 2016թ. հոկտեմբերի 10-ից մինչև 2021թ. հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Ասլանյանը պաշտոնական լիազորությունները չարաշահելու և անցնելու, անձնական այլ դրդումներով պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցանք է կատարել։ Բացի այդ՝ առանց համապատասխան թույլտվության՝ Ասլանյանը հողամասի նպատակային նշանակության փոփոխություն է արել, ինչի հետևանքով համայնքին էական վնաս է հասցվել: Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում եւ համարում է քաղաքական հետապնդում։ Նա կալանքի տակ է 2021 թ․ դեկտեմբերից։    
11:58 - 26 ապրիլի, 2024
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել

2024 թվականի ապրիլի 20-ին՝ ժամը 02:11-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գործող ակումբում կռիվ է: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից:   «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով, որի շրջանակներում ձեռնարկված վարութային, քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական հանգամանքներ:   Մասնավորապես, փաստական տվյալներ են ստացվել, որ 2024թ. ապրիլի 20-ին՝ ժամը 01:00-ից մինչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում, նշված ակումբում, դրանից հետո՝ նաև ակումբին հարակից և բնակելի շենքերի տարածքում, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ղ.-ն, իր մի խումբ համախոհների հետ, անձնական հարցերի շուրջ, վիճաբանել է այլ անձանց հետ և ինքնահաստատման և հասարակության հանդեպ երևակայական գերազանցությունն արտահայտելու հանդուգն ձգտումով, տևական ժամանակ աղմկել, հասարակության նկատ-մամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, հայհոյանքներ են հնչեցրել վերջիններիս հասցեին՝ չենթարկվելով հասարակական կարգի խախտումը խափանել փորձող ինչպես նշված ակումբի անվտանգության աշխատակիցների, այնպես էլ՝ այլ անձանց հորդորներին:   Իրենց այդ հակաիրավական և հակաբարոյական գործողություններով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, հիշյալ անձը և քննությամբ ինքնությունները չպարզված անձինք խոչընդոտել են ակումբի բնականոն աշխատանքը, տարածքում գտնվող անձանց մոտ վախի ու անհանգստության մթնոլորտ առաջացրել՝ խախտելով վերջիններիս անդորրը:   Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։   Նկատի ունենալով քննությամբ ձեռք բերված այս նոր հանգամանքները՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ևս նախաձեռնվել է քրեական վարույթ, որը, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու նպատակով, միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին:   2024 թվականի ապրիլի 23-ին Ոստիկանության ծառայողների կողմից վերոհիշյալ անձը ձերբակալվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին: Նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 195-րդ հոդվածի 1-ին մասով:   Վարույթն իրականացնող մարմինը վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել դատարան, սակայն դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը:   Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով /քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը պահպանելը/ նախաձեռնված քրեական վարույթը, նույն անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, սույն թվականի մարտի 26-ին ուղարկվել էր դատարան, ներկա պահին գտնվում է դատաքննության փուլում, որով նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել գրավը։ Ակումբում տեղի ունեցած խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները, այդ թվում՝ մասնակից մյուս անձանց շրջանակը պարզելու և նրանց արարքներին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ»,- նշված է հաղորդագրությունում:   Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:04 - 25 ապրիլի, 2024
ԱԺԲ-ի ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ ՔԿ

ԱԺԲ-ի ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ ՔԿ

ԱԺԲ-ի երեկվա ակցիայից ոստիկանություն տարված 96 մասնակիցներից 88-ն ազատ է արձակվել․ նրանց նկատմամբ կազմվել է կամ կազմվելու է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Այս մասին Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Ոստիկանության լրատվական բաժնից՝ նշելով, որ մյուս 8-ը ներկայացվել է Քննչական կոմիտե։  ՔԿ-ից տեղեկացրին, որ 7 անձ ձերբակալվել է «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ առերեւույթ ատելության, խտրականության, անհանդուրժողականության կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք հնչեցնելու եւ հաղորդակցային-տեղեկատվական մի քանի միջոցներով տարածելու առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։   Մյուս՝ 1 քաղաքացու հետ կապված դրվագի վերաբերյալ տեղեկություն կտրամադրվի ավելի ուշ։ Հիշեցնենք, որ երեկ Ազգային - Ժողովրդավարական Բևեռը հավաք էր իրականացնում՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։  Բևեռը հայտարարություն էր տարածել, նշելով, որ ոստիկանությունը բռնի ուժի կիրառմամբ բերման է ենթարկել նաև Բևեռի խորհրդի անդամ Գարեգին Չուգասզյանին և պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին:
14:26 - 25 ապրիլի, 2024
Բողոքի ակցիայի մասնակիցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Բողոքի ակցիայի մասնակիցի կողմից ոստիկանի օրինական ծառայողական գործունեությանն առերևույթ միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

2024 թ․ ապրիլի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ նշված օրը Երևան քաղաքի Իսակովի պողոտայում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով Ոստիկանության ծառայողի՝ հասարակական կարգը պահպանելու պահանջին, հարվածներ է հասցրել նրան։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում  ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներով ոստիկանության աշխատակիցը, ապրիլի 24-ին ժամը 17։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում անցակցվող բողոքի ակցիայի վայրում ծառայություն իրականացնելիս,  մոտեցել է նշված հատվածում երթևեկելի ճանապարհը փակած անձանց և հասարակական կարգը պահպանելու, երթևեկության բնականոն ընթացքը ապահովելու նպատակով, պահանաջել բացել ճանապարհը։ Սակայն, ակցիայի մասնակիցներից մեկը, չենթարկվելով ոստիկանի օրինական պահանջին, վերջինիս հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք։ Կնոջը պարեկային ծառայության մեքենային մոտեցնելու նպատակով, ոստիկանության աշխատակիցը մոտեցել է նրան, ինչից հետո վերջինս ոտքերով ու ձեռքերով  հարվածներ է հասցել հիշյալ պաշտոնատար անձի մարմնի տարբեր հատվածներին։ Ակցիայի մյուս մասնակիցների մոտենալուց հետո կինը հեռացել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝   պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը առերևույթ միջամտելու, ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն նշված անձի ինքնությունը պարզելու, նրան վարույթն իրականացվող մարմին ներկայացնելու վերաբերյալ։
12:04 - 25 ապրիլի, 2024
Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երեվան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Քննություն է իրականացվում՝ պարզելու ապրիլի 24-ին Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհին անվադողեր այրելու և այդ կերպ երթևեկությունը խուլիգանական դրդումներով խաթարելու դեպքի հանգամանքները։ Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:   Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով, իրավական նորմերի նկատմամբ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, 2024 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 16:25-ին, «Ford Tranzit» մակնիշի, «BMW X5» մակնիշի և «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենաներով Երևան-Երասխ միջպետական ավտոճանապարհի՝ Մասիս համայնքի վարչական տարածքի հատվածի երթևեկելի գոտիներ են տեղափոխել և կուտակել բազմաթիվ անվադողեր։ Այնուհետև, իրենց նպատակին հասնելու համար, մի կողմից դեպի Երասխ, իսկ մյուս կողմից՝ դեպի Երևան ուղղություններով տեղադրված անվադողերը հրկիզման եղանակով այրել են, ինչի հետևանքով որոշակի ժամանակահատված ճանապարհի այդ հատվածում երթևեկությունը խաթարվել է:   Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսնգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (խմբակային խուլիգանությունը) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։   Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն՝ նշված հանցավոր արարքն առերևույթ կատարած անձանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու նպատակով իրականացնել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կատարվածի հանգամանքները պարզելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։   ՀՀ քննչական կոմիտեն նախազգուշացնում է ձեռնպահ մնալ հասարակական կարգը, հանրապետության կենսագործությունն ապահովող միջպետական և այլ նշանակության ճանապարհների երթևեկությունը նման հանցավոր եղանակներով խոչընդոտելուն ուղղված գործողություններից։ Նման բոլոր դեպքերը դարձվելու են մանրամասն քննության առարկա և հանցագործություն կատարած անձինք ենթարկվելու են քրեական պատասխանատվության։   Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
10:27 - 25 ապրիլի, 2024
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
 |news.am|

Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին |news.am|

news.am: Այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՔԿ նախագահի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ անդրադառնալով  հարցին, թե ինչ գործով են պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին այսօր հրավիրել ՔԿ: Գոռ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց. «Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական գործողությունների մասին։ Բայց քանի որ Մախսուդյանն արդեն հայտնել է, թե իրեն ինչ քրեական վարույթի շրջանակներում են հրավիրել ՀՀ քննչական կոմիտե և փորձ է արվում դրան տալ քաղաքական աստառ, ընդամենը հարկ եմ համարում արձանագրել, որ վարույթի անջատված մասով շարունակվող նախաքննության շրջանակներում իրականացվում են ակտիվ քննչական և վարութային գորոծողություններ, մասնավորապես հարցաքննություններ են իրականացվում այդ ըթնացքում զորամասի որոշակի իրավասություններով օժտված պաշտոնատար անձանց հետ, որոնցից հերթականը, պլանավորված,  իրականացվում է Մախսուդյանի հետ։ Այսինքն այս գործընթացը որևէ առնչություն չունի և չի կարող ունենալ նրա հրապարակային գործունեության հետ»: Ավելի վաղ հայտնել էինք, որ պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են Քննչական կոմիտե Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով (hրդեհից առաջ նա զբաղեցրել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ–հրամանատարի տեղակալի պաշտոնը)։ Այդ մասին նա ասաց կոմիտեի բակում։  «Ազատ գյուղի հետ կապված ես որևէ վարույթով չեմ անցել, իսկ հիմա որոշել են, որ ես այս վարույթով պիտի անցնեմ։ Դա արդեն բոլորի համար հասկանալի է, ու ես ոչ մի բանից չեմ վախենում. իմ պայքարն արդար է, հանուն հողի, արդարության»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հիշեցնենք, որ Միհրան Մախսուդյանը ակտիվ մասնակցում է վերջին օրերին Ոսկեպարում տեղի ունեցող բողոքի ակցիաներին։
13:08 - 23 ապրիլի, 2024
Տավուշի պայքարին միացած Միհրան Մախսուդյանին ՔԿ են կանչել Ազատ գյուղի հրդեհի գործով
 |arm.sputniknews.ru|

Տավուշի պայքարին միացած Միհրան Մախսուդյանին ՔԿ են կանչել Ազատ գյուղի հրդեհի գործով |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru: Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի վաշտի կացարանում 2023 թ. տեղի ունեցած հրդեհի գործով։ Այդ մասին նա ասաց կոմիտեի բակում հավաքված լրագրողներին։   2023 թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։ Հրդեհից առաջ Մախսուդյանը զբաղեցրել է երկրորդ բանակային կորպուսի շտաբի պետ–հրամանատարի տեղակալի պաշտոնը։   «Ազատ գյուղի հետ կապված ես որևէ վարույթով չեմ անցել, իսկ հիմա որոշել են, որ ես այս վարույթով պիտի անցնեմ։ Դա արդեն բոլորի համար հասկանալի է, ու ես ոչ մի բանից չեմ վախենում. իմ պայքարն արդար է, հանուն հողի, արդարության»,– լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Մախսուդյանը վստահեցրեց, որ իր ընտրած ճանապարհը հստակ է` ազատություն կամ մահ։   «Եթե այս գործով փորձում են ինձ լռեցնել, ես չեմ լռելու։ Եկեղեցուց 7 մետր այն կողմ թշնամու սահմանն է անցնում, ըստ մեր կառավարության` մենք պետք է գնանք այնտեղ ու ապահով մոմ վառե՞նք։ Եթե մի քանի մետր այն կողմ թուրքը կանգնի, այդ եկեղեցին մերը չի լինելու»,– ընդգծեց նա` խոսելով Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու մասին, որը 7–րդ դարով է թվագրվում։   Ըստ նրա` եթե ՀՀ–ում կա մի մարդ, որ պատրաստ է թուրքի հետ ապրել, ինքը պատրաստ չէ նման քայլի գնալ։
10:48 - 23 ապրիլի, 2024
ԵԿՄ մեքենայից ցուցարարների ուղղությամբ դուրս թռչելու դրվագը եւս քննության առարկա է․ ՔԿ

ԵԿՄ մեքենայից ցուցարարների ուղղությամբ դուրս թռչելու դրվագը եւս քննության առարկա է․ ՔԿ

Տավուշի մարզում առերեւույթ խուլիգանության առթիվ նախաձեռնված վարույթի շրջանակում քննության առարկա է նաեւ Բագրատաշեն տանող ճանապարհին «Երկրապահ կամավորական միության» մեքենայից ցուցարարների ուղղությամբ դուրս թռչելու դրվագը։ Այս մասին «Ինֆոքոմ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։ Նշենք, որ «Մարտական եղբայրություն» կազմակերպությունը երեկ տեսանյութ էր հրապարակել, որտեղ երեւում էր, որ ԵԿՄ պարբերանշանով մի ավտոմեքենա վարում է ճանապարհը փակած եւ պատնեշ կազմած ցուցարարների ուղղությամբ։ Չնայած ոստիկանների ներկայությանը՝ կողմերի միջեւ սկսվել էին բախումներ։ Ըստ Քննչական կոմիտեի՝ այսօր տարածած հաղորդագրության՝ Տավուշի Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերեւույթ խուլիգանական արարքներ կատարելու առթիվ ձերբակալվել են «Մարտական եղբայրության» 7 անդամներ։ Կազմակերպությունը հայտարարել է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Մեր զրույցում Աբրահամյանը նշեց, որ ձերբակալված անձանց շրջանակը հաղորդագրության մեջ նշված է, մնացածի գործողությունները եւս քննության առարկա են։
15:55 - 22 ապրիլի, 2024
Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

Տավուշի մարզում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով 7 անձ է ձերբակալվել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու ՀՀ Տավուշի մարզում Հաղթանակ բնակավայրում միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու հանգամանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։  «2024 թվականի ապրիլի 21-ին՝ ժամը 15:50-ի սահմաններում, Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի «Վոդխոզ» կոչվող հատվածում՝ դեպի Բագրատաշեն բնակավայրի ուղղությամբ, «Մարտական եղբայրություն» կազմակերպության 3 անդամների և մի խումբ այլ քաղաքացիների կողմից փակվել է միջպետական ավտոճանապարհը։ Այդ ընթացքում Այրում բնակավայրի բնակիչը  պահանջել է բացել ճանապարհը, որից հետո իր կողմից վարվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայով առաջ է ընթացել, սակայն քաղաքացիները, խոչընդոտելով տրանսպորտային միջոցների ընթացքին, չեն թույլատրել: Հավաքված բազմության  կողմից իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով՝ մարդկանց անդորրը խախտելով և հայհոյանքներով ուղեկցվող գործողությունների ընթացքում Ա․ Պ․-ն և դեռևս ինքնությունները չպարզված մի խումբ քաղաքացիներ ձեռքերով հարվածել և կոտրել են «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի դիմապակին: Առերևույթ խուլիգանական գործողությունները փորձել են կանխել ոստիկանության ծառայողները, սակայն այդ անձինք դիմել են փախուստի: Դեպքի առթիվ 2024 թվականի ապրիլի 21-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է  քրեական վարույթ: Նշված միջադեպից հետո ճանապարհը բացելուց հետո՝ ժամը 16:30-ի սահմաններում, առերևույթ խուլիգանության մասնակիցներից մեկը՝ Մ․ Ա․-ն, «Վոդխոզ» կոչվող հատվածում վիճաբանության մեջ է մտել ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Գ․ Դանիելյանի (պատգամավոր Գառնիկ Դանիելյան-խմբ․) հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, հայհոյելով, ճանապարհի վրա ձեռքով հարվածել է Գ․ Դանիելյանին և պատճառել մարմնական վնասվածք։ Դեպքի առթիվ 2024թ․ ապրիլի 21-ին ՀՀ ՔԿ Նոյեմբերյանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և 195-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցանքի հատկանիշներով նախաձեռնվել է նոր քրեական վարույթը, որը, քննությունը համատեղ իրականացնելու նպատակով միացվել է վերոնշյալ քրեական վարույթին։  Ձևավորվել է քննչական խումբ։ Ապրիլի 21-ին «Մարտական եղբայրություն» հասարակական կազմակերպության 7 անդամներ հանցանք կատարած լինելու վերաբերյալ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշումներով ձերբակալվել են: Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ նշված դեպքերի բոլոր էական հանգամանքները պարզելու, միջադեպերի կողմերի արարքներին իրավական գնահատականներ տալու նպատակով»։  Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:23 - 22 ապրիլի, 2024
Պարզվել են «Սևան ազգային պարկ» -ում 2017-ին իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները

Պարզվել են «Սևան ազգային պարկ» -ում 2017-ին իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում 2017 թ․ ընթացքում իրականացված կոռուպցիոն չարաշահումների, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մի քանի դեպքի հանգամանքները։ ՔԿ տարածած հաղորդագրության մեջ նշվում է․ «ՊՈԱԿ-ի և «Շրջ…» ՍՊ ընկերության միջև 2016թ. մայիսի 2-ին կնքվել է 6.020.000 ՀՀ դրամ արժողության՝ ծառայությունների մատուցման գնման պայմանագիր, որով նախատեսվել է իրականացնել 25.000 քմ տարածքի ցանկապատման, մեկ տարեկան շիվերից պատրաստված 300.000 կտրոնների տնկմամբ տնկարանի հիմնման աշխատանքներ: Պարզվել է, որ պայմանագրով նախատեսված ժամկետում «Շրջ..» ՍՊ ընկերության կողմից նախատեսված աշխատանքներ, մասնավորապես՝ տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված 600 գծամետր մետաղական ցանցի, 1.800 գծամետր փշալարի, 200 հենասյուների տեղադրմամբ 25.000 քմ տարածքի ցանկապատումը ամբողջ ծավալով չեն կատարվել, փոխարենը՝ ընդամենը 4.000 քմ մակերեսով տնկարան է հիմնվել՝ փաստացի չկատարելով ընդհանուրը՝ 3.682.691,85 ՀՀ դրամ արժողության աշխատանքները: Նման պայմաններում «Շրջ..» ՍՊ ընկերության տնօրեն, միաժամանակ նաև ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի պետի և ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց միջև կազմվել են պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված լինելու հանգամանքը հաստատող կեղծ փաստաթղթեր, որոնց հիմքով ՊՈԱԿ-ի կողմից Ա/Ձ-ին փոխանցվել է պայմանագրի ամբողջ գումարը: Այդ կերպ ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձը ծառայողական լիազորությունների օգտագործմամբ, երկու այլ անձանց օժանդակությամբ, վատնման եղանակով հափշտակել է ՊՈԱԿ-ի խոշոր չափերով՝ 3.682.691,85 ՀՀ դրամ գումարը: Բացի այդ, քննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության (նախկին) «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և «Կ...» Ա/Ձ-ի միջև 11.07.2017թ. կնքվել է «Մասնագիտական և լաբորատոր հետազոտություններ» ծառայությունների ձեռքբերման պայմանագիր, որով ծառայության ընդհանուր գինը կազմել է 3.000.000 ՀՀ դրամ:  Պարզվել է, պայմանագրով սահմանված ժամկետներում՝ 2017 թ. հուլիս-դեկտեմբեր ամիսներին, Ա/Ձ-ի կողմից չեն կատարվել պայմանագրով նախատեսված աշխատանքները, մասնավորապես՝ չի իրականացվել թռչունների և ցերեկային թիթեռների մոնիթորինգ, թռչունների և թիթեռների ֆաունայի տարբերության վերլուծություն, էկոտուրիստական երթուղիների մշակում։ Այդ պայմաններում, սակայն, կազմվել են պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարված լինելու հանգամանքը հաստատող կեղծ փաստաթղթեր, որոնց հիմքով ՊՈԱԿ-ի կողմից Ա/Ձ-ին փոխանցվել է պայմանագրի ամբողջ գումարը: Այդ կերպ իր տեղակալի և Ա/Ձ-ի օժանդակությամբ վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձը վատնման եղանակով հափշտակել է նշված գումարը: Բացի այդ՝ նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը, ՀՀ կառավարության համապատասխան որոշումից տեղեկանալով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուս մասնաճյուղում 20 հա, իսկ Մարտունի մասնաճյուղում 44 հա մակերեսներով տարածքների անտառտնկարկների մաքրման համար ՊՈԱԿ-ի հետ 83.875.000 ՀՀ դրամ արժողությամբ դրամաշնորհի պայմանագիր կնքելու հեռանկարի մասին, մինչև 2017 թ. հոկտեմբերին պայմանագրի կնքումը իր ենթակաների միջոցով կազմակերպել և սկսել է մաքրման աշխատանքները, իսկ իր վաղեմի ծանոթներից՝ «Ար...» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, նույն աշխատանքների իրականացման վերաբերյալ ձևական պայմանագիր կնքելու մասին: Դրամաշնորհով ՊՈԱԿ-ին հատկացվող գումարի վերաբերյալ պայմանագիրը կնքելու օրը հատկացվող միջոցները խաբեությամբ հափշտակելու և այդ գումարի հանցավոր ծագումը թաքցնելու և դրան օրինական տեսք տալու նպատակով ՊՈԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնատար անձի նախաձեռնությամբ, առանց «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգերի պահպանման «Ար.» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ․-ն և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը ստորագրել են «Մարտունու» և «Նորատուս» տեղամասերում ընդհանուր 64 հա մակերեսով տարածքներում անտառտնկարկների մաքրման աշխատանքներ իրականացնելու պարտավորություններ ստանձնելու վերաբերյալ պայմանագիր։  Պարզվել է, որ տեխնիկական հսկողություն իրականացնող «Պ.» ՍՊԸ-ն չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ինչի պայմաններում տեխնիկական հսկիչը հաստատել է Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից ՀՀ բնապահպանության նախարարություն ներկայացված հաշվետվությունները, որոնց համաձայն՝ պայմանագրի շրջանակներում, իբրև թե, ՊՈԱԿ-ը կատարել է մաքրման աշխատանքներն ամբողջ ծավալով։ Մինչդեռ քննությամբ, հիմնավորվել է, որ սահմանված ժամանակահատվածում Մարտունու տեղամասում մաքրման ենթակա 44 հա տարածքից փաստացի մաքրվել է ընդամենը 28,43 հա տարածքը:     Դրա հիման վրա նախարարությունում հաստատված է համարվել, որ կատարված աշխատանքները համապատասխանում են պայմանագրի տեխնիկական բնութագրին, և ՀՀ բնապահպանության նախարարության կողմից «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվին 3 փուլերով փոխանցվել է դրամաշնորհի պայմանագրի ողջ գումարը ընդհանուր շուրջ 83.875.000 ՀՀ դրամ` փաստացի 20.405.214 ՀՀ դրամի աշխատանքներ կատարված չլինելու պայմաններում:   Հանցավոր ծագում ունեցող 20.405.214 ՀՀ դրամի ՀՀ դրամին օրինական տեսք տալու նպատակով կատարողական կեղծ ակտի հիման վրա ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձը հաստատել է դուրս գրված հաշիվ-ապրանքագիրը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի հաշվից «Ար.» ՍՊԸ-ի հաշվին է փոխանցվել 41.633.000 ՀՀ դրամ։ ՍՊԸ-ի տնօրեն Ա.Պ.-ն կատարել է ձևականորեն գրանցված աշխատակիցների համար օրենքով նախատեսված սոց. վճարները և այլ պարտադիր վճարումները, իսկ մնացած գումարը կանխիկացրել է և առձեռն հանձնել վերոնշյալ բարձրաստիճան պաշտոնատար անձին: Վերջինս գումարը ստանալուց հետո Ա.Պ.-ին վճարել է նախապես խոստացված 240.000 ՀՀ դրամ` 2 ամիս իրականացրած հաշվապահության համար, իսկ գումարի մի մասով կատարել վերցրած վարկի մասնակի մարում, մյուս մասը մուտքագրել իր հաշվեհամարին: Այս հանցավոր արարքները կատարելու համար քրեական հետապնդումներ են հարուցվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի, տեխնիկական հսկողություն իրականացնող «Պ...» ՍՊԸ տնօրենի, ՊՈԱԿ-ի Նորատուս և Մարտունի մասնաճյուղերի տնօրենների, «Ար...» ՍՊԸ տնօրենի, «Շրջ...» ՍՊԸ տնօրենի նկատմամբ` պաշտոնեական կեղծիք կատարելու, որոշների նկատմամբ 2 դրվագ ծառայողական լիազորություններն օգտագործելով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, առանձնապես խոշոր չափերով խարդախությամբ հափշտակություն կատարելու, իսկ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի և «Ար․․․» ՍՊԸ-ի տնօրեի նկատմամբ՝ նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար։   2023 թվականի հուլիսին միջնորդություն էր ներկայացվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան նշված բարձրաստիճան պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որը բավարարվել էր մասնակի և կիրառվել էր վարչական հսկողություն` համակցված գրավով: 10.08.2023թ-ին ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանի առաջին ատյանի որոշումը և նշված անձի նկատմամբ կիրառել կալանք` 2 ամիս ժամկետով, սակայն հնարավոր չի եղել նրան հայտնաբերել, քանի որ վնասելով վարչական հսկողության նպատակով մարմնին ամրացված հսկողության սարքը՝ վերջինս դիմել է փախուստի: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։  Մեղադրյալներից երկուսի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է հանցագործության կատարման վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով, մեկ անձի նկատմամբ նույն հիմքով հանրային քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշում է կայացվել: Մյուս 4 անձանց մասով նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան։ Պատճառված վնասի վերականգման նպատակով վարույթն իրականացնող մարմնի կողմից վերոնշյալ անձանց անշարժ գույքերի նկատմամբ կիրառվել է արգելադրում։   Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
12:36 - 20 ապրիլի, 2024
«Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը

«Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը

«Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի հաղորդակցության մասնագետ Աննա Թավաքալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջին օրերին գրեթե բոլոր լրատվամիջոցներից զանգեր եմ ստացել, մեկնաբանության խնդրանքով... Այս պահին կարող ենք կիսվել հետևյալ տեղեկատվությամբ. «Ուիգմոր»-ի անձնակազմից որևէ մեկի բերման ենթարկվելու կամ ձերբակալվելու վերաբերյալ լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Հիվանդանոցի առօրյա աշխատանքը ոչ մի րոպե չի խափանվել և շարունակում է ընթանալ իր բնականոն հունով։ Նույնիսկ նմանատիպ իրավիճակներում «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի անձնակազմը շարունակում է բնականոն գործունեությունը և որևէ կերպ չի խաթարվում բուժառուների բժշկական օգնության ստացման կարևորագույն իրավունքը: Շնորհակալություն բոլոր այն լրատվամիջոցներին, որոնք զգուշորեն և մասնագիտական էթիկային և ՀՀ օրենքին համապատասխան լուսաբանեցին իրավիճակը»:  Նշենք, որ այսօր ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ ՀՀ առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում, ակտիվ քննչական և վարութային գործողությունները շարունակվում են։ «Ուիգմոր»-ից ավելի ուշ հաստատել էին, որ խոսքը իրենց ԲԿ-ի մասին է։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ այս պահին քրեական վարույթի վերաբերյալ տեղեկությունը հրապարակման ենթակա չէ։
15:41 - 19 ապրիլի, 2024
Քննչական կոմիտեն հերքում է Շենգավիթի բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը

Քննչական կոմիտեն հերքում է Շենգավիթի բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը

Քննչական կոմիտեն հերքում է Շենգավիթի բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը։ Այդ մասին հայտարարություն է տարածել ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։ «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում, դեպքի ներկայացված նկարագրությունները բացարձակ մտացածին են»,- գրել է խոսնակը։ Նա նշել է, որ անձին պատգարակով շտապօգնությանը մոտեցնելու կադրերի հրապարակումը՝ խոշտանգման մասին անհիմն գրառումով, առանց որևէ փաստի ներկայացման, խոշտանգման փաստարկում չեն կարող լինել։  «Տեղի է ունենում պարզ մանիպուլյացիա, որը ծառայեցվում է որպես պաշտպանության տակտիկա։ Դրա ամբողջ իմաստը, առաջ ընկնելով, իրականությունը գլխիվայր շուռ տված ներկայացնելով, տեղի ունեցածի վերաբերյալ կանխակալ հանրային կարծիք ձևավորելն է։ Սա անընդունելի է բարոյական տեսանկյունից»,- հայտարարել է Գոռ Աբրահամյանը։ Նա հայտնել է նաև, որ ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հանդես կգա տեղի ունեցածի իրական հանգամանքները ներկայացնող համապատասխան պարզաբանմամբ։ Ավելի վաղ տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները տեղափոխում և շտապ օգնության մեքենան նստեցնում մի քաղաքացու։ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում առերևույթ խոշտանգման դեպքի մասին։
15:31 - 19 ապրիլի, 2024
Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթով անցնող աղջիկը անմեղսունակ է ճանաչվել․ նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթով անցնող աղջիկը անմեղսունակ է ճանաչվել․ նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Թումանյան փողոցում և Մաշտոցի պողոտայում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից: «ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ, ՌԴ քաղաքացի 22-ամյա երիտասարդն իր 19-ամյա ընկերուհու հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել խուլիգանական գործողություններ և հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու եղանակով շահույթ ստանալու շուրջ և այդ նպատակով կատարել են դերաբաշխում: 2023 թ․ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում նրանցից մեկը բարոյական նորմերի ակնհայտ կոպիտ խախտումներով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, անտեսելով փողոցներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիներին, իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հասարակության իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, բարձրացել է Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող վաճառակետի ցուցափեղկի վրա, որի պատճառով այն կոտրվել է: Ապա հարևանությամբ գործող վաճառքի կետի ցուցափեղկին շարված մրգերը նետել է աշխատակցի վրա՝ այդ կերպ ստորացնելով վերջինիս, որից հետո մոտեցել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող ծաղկի վաճառակետին և կրկին նույն դրդումներով ծաղիկները նետել է գետնին և տրորել դրանք՝ հնչեցնելով հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ: Նույն ընթացքում վերջինիս 19-ամյա ընկերուհին, անտեսելով փողոցներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիներին, այլոց ուշադրությունն իրենց խուլիգանական գործողությունների վրա սևեռելու նպատակով, հայհոյախառն արտահայտություններ է հնչեցրել և ամբողջ ընթացքում տեսանկարահանել և հասարակության անդամների համար հասանելի սոցիալական հարթակներում հրապարակել է ընկերոջ հակաօրինական և հակաբարոյական գործողությունները, քաջալերել դրանք՝ տալով անբարո արարքներ կատարելու նոր գաղափարներ՝ նպատակ ունենալով տարբեր սոցիալական հարթակներում տեղադրված այդ տեսանյութերի դիտումներից շահույթ ստանալ: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով)։ Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ Նրա մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու համար, ուղարկվել են հսկող դատախազին: Նախաքննությամբ տվյալներ են ստացվել 19-ամյա աղջկա կողմից թմրանյութ օգտագործելու վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս նաև վարույթի շրջանակներում դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, վարույթ իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նրա նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ մեղսագրվող արարքների նկատմամբ աղջիկը ճանաչվել է անմեղսունակ, և գնահատվել է, որ նա կարիք ունի հարկադիր բուժման: Ելնելով դրանից՝ 19-ամյա աղջկա վերաբերյալ մասն անջատվել է առանձին՝ բժշկական հարկադրանքի վարույթում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:03 - 19 ապրիլի, 2024