Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթով անցնող աղջիկը անմեղսունակ է ճանաչվել․ նախաքննությունն ավարտվել է
15:03 - 19 ապրիլի, 2024

Օտարերկրյա քաղաքացիների կողմից խուլիգանություն կատարելու վարույթով անցնող աղջիկը անմեղսունակ է ճանաչվել․ նախաքննությունն ավարտվել է

Ավարտվել է Ռուսաստանի Դաշնության երկու քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Թումանյան փողոցում և Մաշտոցի պողոտայում խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից:

«ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ, ՌԴ քաղաքացի 22-ամյա երիտասարդն իր 19-ամյա ընկերուհու հետ նախնական համաձայնություն են ձեռք բերել խուլիգանական գործողություններ և հասարակության նկատմամբ անհարգալից և իրավական ու բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու եղանակով շահույթ ստանալու շուրջ և այդ նպատակով կատարել են դերաբաշխում:

2023 թ․ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:30-ն ընկած ժամանակահատվածում նրանցից մեկը բարոյական նորմերի ակնհայտ կոպիտ խախտումներով համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, անտեսելով փողոցներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիներին, իր անձի ենթադրյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, հասարակության իրավական և բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով բացահայտ արհամարհական վերաբերմունք, բարձրացել է Երևան քաղաքի Թումանյան փողոցում գտնվող վաճառակետի ցուցափեղկի վրա, որի պատճառով այն կոտրվել է: Ապա հարևանությամբ գործող վաճառքի կետի ցուցափեղկին շարված մրգերը նետել է աշխատակցի վրա՝ այդ կերպ ստորացնելով վերջինիս, որից հետո մոտեցել է Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գործող ծաղկի վաճառակետին և կրկին նույն դրդումներով ծաղիկները նետել է գետնին և տրորել դրանք՝ հնչեցնելով հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ:

Նույն ընթացքում վերջինիս 19-ամյա ընկերուհին, անտեսելով փողոցներով զբոսնող բազմաթիվ քաղաքացիներին, այլոց ուշադրությունն իրենց խուլիգանական գործողությունների վրա սևեռելու նպատակով, հայհոյախառն արտահայտություններ է հնչեցրել և ամբողջ ընթացքում տեսանկարահանել և հասարակության անդամների համար հասանելի սոցիալական հարթակներում հրապարակել է ընկերոջ հակաօրինական և հակաբարոյական գործողությունները, քաջալերել դրանք՝ տալով անբարո արարքներ կատարելու նոր գաղափարներ՝ նպատակ ունենալով տարբեր սոցիալական հարթակներում տեղադրված այդ տեսանյութերի դիտումներից շահույթ ստանալ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 22-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը՝ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական կամ բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելը, որը դրսևորվել է անձին ստորացնելով կամ հայհոյանքներով կամ անպարկեշտ արտահայտություններով կամ համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ մարդկանց անդորրը խախտելով կամ նույն եղանակներով հանրային միջոցառումը, արարողությունը խափանելով կամ հասարակական նշանակության օբյեկտի, հիմնարկի կամ կազմակերպության բնականոն աշխատանքը խոչընդոտելով)։

Որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելքը։ Նրա մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան հանձնելու համար, ուղարկվել են հսկող դատախազին:

Նախաքննությամբ տվյալներ են ստացվել 19-ամյա աղջկա կողմից թմրանյութ օգտագործելու վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջինս նաև վարույթի շրջանակներում դրսևորել է ոչ ադեկվատ վարքագիծ, վարույթ իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել նրա նկատմամբ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու մասին: Փորձագիտական հանձնաժողովի եզրակացությամբ մեղսագրվող արարքների նկատմամբ աղջիկը ճանաչվել է անմեղսունակ, և գնահատվել է, որ նա կարիք ունի հարկադիր բուժման: Ելնելով դրանից՝ 19-ամյա աղջկա վերաբերյալ մասն անջատվել է առանձին՝ բժշկական հարկադրանքի վարույթում և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ բժշկական հսկողությունը որպես անվտանգության միջոց կիրառելու վերաբերյալ, որը դատարանի կողմից բավարարվել է»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել