armenpress.am: Վաշինգտոնը համարում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը չափից շատ էր հաշվի նստում Ռուսաստանի շահերի հետ: Նման եզրահանգում է արվել ԱՄՆ-ից արտահոսած գաղտնի փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո: Այդ փաստաթղթերի համաձայն՝ Վաշինգտոնը լրտեսում էր Անտոնիու Գուտերեշին: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:
BBC-ն հաղորդում է, որ փաստաթղթերից մեկը կենտրոնանում է «սևծովյան հացահատիկային գործարքի վրա», որը կնքվել էր անցյալ հուլիսին ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ: Ըստ փաստաթղթի՝ Անտոնիու Գուտերեշն այնքան հետաքրքրված էր գործարքի պահպանմամբ, որ նույնիսկ պատրաստակամ էր հաշվի նստել Ռուսաստանի շահերի հետ:
«Գուտերեշն ընդգծել է իր ջանքերը՝ բարելավել արտահանման Ռուսաստանի հնարավորությունները, նույնիսկ եթե դա ներառում է պատժամիջոցների տակ հայտնված ռուսական կազմակերպությունների և անհատների», - նշվում է փաստաթղթում:
Փաստաթղթում նաև ասվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գործողությունները «խաթարել են Մոսկվային պատասխանատվության ենթարկելու ջանքերը»:
Բարձրաստիճան մի պաշտոնյա, մեկնաբանելով այս տեղեկությունները, հայտնել է, որ ՄԱԿ-ն առաջնորդվում էր «աշխարհի ամենաաղքատ խավի վրա պատերազմի ազդեցությունը մեղմելու անհրաժեշտությամբ»:
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ միջազգային պատժամիջոցներն ազդում են ռուսական հացահատիկի և պարարտանյութերի արտահանումների վրա, և սպառնացել է կասեցնել «հացահատիկային գործարքի» շրջանակներում համագործակցությունը, մինչև այդ խնդիրները չլուծվեն:
Ըստ BBC-ի՝ ՄԱԿ-ի պաշտոնյաները դժգոհ են Գուտերեշի ջանքերի՝ ԱՄՆ-ի մեկնաբանության առնչությամբ, և ընդգծել են, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շատ հստակ հայտնել է իր բացասական վերաբերմունքը Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններին:
Մեկ այլ փաստաթղթում նկարագրվում է Գուտերեշի և նրա տեղակալի՝ Ամինա Մոհամմեդի միջև զրույցը, որի ընթացքում Գուտերեշը հիասթափություն է հայտնում ավելի շատ սպառազինություն արտադրելու՝ Եվրահանձնաժողովի նախագահի կոչի առնչությամբ:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին BBC-ին հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է պարզել արտահոսքի աղբյուրը:
Օրեր առաջ արտահոսած փաստաթղթերը տեղեկություններ են պարունակում Ուկրաինայում ընթացող պատերազմի, Չինաստանի և ԱՄՆ-ի դաշնակից երկրների վերաբերյալ:
comment.count (0)