ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը
09:41 - 03 օգոստոսի, 2023

ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու ԼՂ-ին մարդասիրական օգնության տրամադրումը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խորապես մտահոգված է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի վերաբերյալ շարունակական մարտահրավերների մասին զեկույցներով:

Նա հիշեցնում է իր նախորդ հայտարարությունը, ըստ որի՝ կողմերը պետք է կատարեն Արդարադատության միջազգային դատարանի հրամանները, ներառյալ 2023 թվականի փետրվարի 22-ին հրապարակված և 2023 թվականի հուլիսի 6-ին վերահաստատված հրամանները, որոնք վերաբերում են Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժն ապահովելու միջոցառումներին: 

Նա հատկապես մտահոգված է տեղում հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու մարդասիրական օգնության տրամադրումը դրա կարիքն ունեցող մարդկանց։

Նա կոչ է անում երկու կողմերին ակտիվացնել ջանքերը հարաբերությունների երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ՝ ի շահ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության։

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։ 

Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել