Այսպես կոչված «խաղաղության օրակարգը» զուտ «ցանկության» հռչակում է․ Դավիթ Տոնոյան |mediamax.am|
12:17 - 23 հոկտեմբերի, 2023

Այսպես կոչված «խաղաղության օրակարգը» զուտ «ցանկության» հռչակում է․ Դավիթ Տոնոյան |mediamax.am|

mediamax.am: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին

- Պարոն Տոնոյան, սեպտեմբերի 19-ին հրահրված նոր պատերազմի արդյունքում Արցախը հայաթափվեց, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանի ախորժակը դրանով չի բավարարվելու: Ակնհայտ է նաև, որ Հայաստանի իշխանությունները չեն դիտարկում Բաքվի նկրտումները ուժով զսպելու տարբերակը և առաջնորդվում են «խաղաղության օրակարգով»: Ո՞րն է ՀՀ Զինված ուժերի անելիքը այս պայմաններում:

- Վերջին երեք տարիներն ի ցույց դրեցին այն դառն իրականությունը, որ այսօր մենք ունակ չենք ՀՀ շահերը պաշտպանելու համար դիմակայել թուրք-ադրբեջանական տանդեմին: Առաջին հերթին՝ ունակ չենք լիարժեք ռազմական դիմադրություն ապահովել: Խորքային պատճառներից մեկն այն է, որ 26 տարիների ընթացքում, 1994 թվականից ի վեր, ՀՀ Զինված ուժերը պաշտպանական կեցվածք որդեգրելու արդյունքում ենթարկվեցին առերևույթ լճացման, ինչը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում էր չեզոքացնել դաշնակից և գործընկեր երկրների հետ ռազմական համագործակցության միջոցով (կրթական ծրագրեր, վարժանքներ, զորավարժություններ) և, ի վերջո, ՀՀ-ում ռազմական ներկայությամբ:

Այսօրվա պայմաններում Զինված ուժերը, չունենալով նախկին՝ Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման «շարժառիթավորումը», չունենալով վստահելի ռազմական համագործակցություն այնպիսի ռազմական ուժի հետ, որը հնարավորություններ կընձեռի նոր անվտանգային միջավայր ձևավորելու և նոր` ժամանակակից կարողություններ ստեղծելու համար, կարճ ժամանակահատվածում կարող են վերածվել «գաղթակայանը» պաշտպանող պահակախմբի:

Իսկ այսպես կոչված «խաղաղության օրակարգը» զուտ «ցանկության» հռչակում է: Հանրությանն անհայտ է այն խաղաղության պայմանագրի բովանդակությունը, որը ՀՀ վարչապետը պատրաստ է ստորագրել մինչև տարվա վերջ:

- Ի՞նչ եք առաջարկում անել ստեղծված իրավիճակում:

- Հայաստանի Զինված ուժերը բարոյահոգեբանական շոկային իրավիճակից հանելու և մարտունակության նոր մակարդակի վրա դուրս բերելու համար պետք է առնվազն 5 տարի, իսկ ԱԺ ընտրություններ Հայաստանում կլինեն միայն 2.5 տարի հետո:

Արդյո՞ք կառավարությունում առկա է ռիսկերի գնահատում առաջիկա 5 կամ 10 տարվա համար, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրումից կամ առավել ևս չստորագրելուց հետո ինչպիսին է լինելու մեր արտաքին և պաշտպանական քաղաքականությունը: Գրեթե համոզված եմ, որ այդպիսի միջգերատեսչական վերլուծություն կամ գնահատական իրավիճակին տրված չէ:

Մասնավորապես, խիստ կասկածում եմ, որ ԶՈՒ Գլխավոր շտաբը կառավարությունից ստացել է ԶՈՒ կիրառման խնդիրները և նպատակները` նոր «հետ-Արցախյան» պայմաններում:

Արդյո՞ք պաշտպանական բարեփոխումների տեմպը բավարար է: Ինչպես տեսնում եմ, հայ-ադրբեջանական մոտ 1 000 կիլոմետրանոց սահմանի երկայնքով մարտական հերթապահությունը մեծամասամբ շարունակում են իրականացնել ժամկետային զինծառայողները:

Համոզված եմ, որ հրատապ է միջազգային ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության «տասնապատկումը»:

Հակառակ դեպքում ՀՀ Զինված ուժերը Սահմանադրությամբ իրենց վրա դրված պարտականությունները, մասնավորապես` տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության ապահովումը ունակ չեն լինելու իրագործել:

Զինված ուժերի զարգացումն ապահովելու նպատակով հրատապ խնդիր է ՀՀ անվտանգության ապահովման համար ռազմաքաղաքական դաշինքային հարաբերությունների կամ ոչ բլոկային` չեզոքության կարգավիճակի ընտրությունը, որը նույնպես պետք է ամրագրվի միջազգային եղանակով:

ՀՀ իշխանությունները պարտավոր են նաև աշխարհաքաղաքական տեսանկյունից հաշվի առնել Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի՝ Հարավային Կովկասում «մնայուն շահերը» և հավաքական Արևմուտքի «մնայուն հավակնությունները»:

Եթե այսօրվա իշխանություններն ունակ չեն այդպիսի հրատապ որոշում կայացնել և գնում են հայ ժողովրդի դիմակայունության պաշարի մնացորդները սպառելու ճանապարհով, ապա պետք է սեղմ ժամկետում գնալ նոր ընտրությունների՝ ՀՀ քաղաքացիներին հնարավորություն տալով ընտրել այն ուժերին, որոնց կվստահեն ՀՀ անվտանգության ապահովման, դաշնակիցներին ընտրելու կամ ոչ բլոկային չեզոքության կարգավիճակի ընտրության հարցը:

Շարունակությունը՝ mediamax.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել