tert.am: Շվեյցարիայի պատրաստակամությունը՝ կազմակերպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջարկած «խաղաղության բանաձևի» համաժողովը, տարակուսելի է, քանի որ այս նախաձեռնությունը կտրված է իրականությունից։
Հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ արձագանքելով հունվարի 31-ին Շվեյցարիայում հաստատված՝ Համադաշնության արտաքին քաղաքականության 2024-2027 թվականների ռազմավարության փաստաթղթում ռուս-ուկրաինական հակամարտության մասին տեղ գտած դրույթին:
«Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձևի» իրագործման հարցերով բարձր մակարդակի կոնֆերանս կազմակերպելու՝ Համադաշնության պատրաստակամության մասին տեքստը նույնպես տարակուսելի է: Մենք կրկին ցանկանում ենք նշել, որ նման նախաձեռնություններն ամբողջությամբ կտրված են իրականությունից՝ հատկապես այն պատճառով, որ Զելենսկին իր հրամանագրով արգելել է Ռուսաստանի հետ որևէ շփում խաղաղ կարգավորման շուրջ»,- ընդգծել է Զախարովան։
Ըստ խոսնակի՝ «բացահայտ հակառուսական» փաստաթղթի վերջնական տարբերակում, որի նախագիծը Մոսկվան արդեն մեկնաբանել է 2023 թվականի սեպտեմբերի 29-ին, պահպանվել են Ռուսաստանի հանդեպ թշնամական բոլոր ձևակերպումները:
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 23-ին Նյու Յորքում Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսի հետ զրույցի ժամանակ ուղղակիորեն մատնանշել է նման հարձակումների անընդունելիությունը և Բեռնի՝ չեզոքությունից հեռանալը։
«Ընդունված ռազմավարությունը հաստատում է Բեռնի կույր հավատարմությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության ուղեցույցներին», - հայտարարել է Զախարովան:
Նրա խոսքով՝ այդ հանգամանքներում շվեյցարական կողմի հավաստիացումներն անկողմնակալության ենթադրյալ հանձնառության վերաբերյալ «ցինիկ են թվում»:
«Շվեյցարիայի՝ որպես հակամարտությունների կարգավորման «ազնիվ միջնորդի» ներուժը, որը նա փորձում է նման եռանդով կիրառել միջազգային ասպարեզում, մեզ համար սպառել է իրեն», - եզրափակել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
comment.count (0)