Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանառվող ցանկում աշխատանքային խմբերի կազմն է
18:46 - 11 մարտի, 2024

Ակադեմիական քաղաքի կառուցվածքը հայտնի կդառնա հավանաբար 2025-ին․ մամուլում շրջանառվող ցանկում աշխատանքային խմբերի կազմն է

Մարտի 7-ին armlur.am կայքը հրապարակել էր մի ցանկ, որտեղ նշված էր, թե ակադեմիական քաղաքում և դրանից դուրս կառուցվելիք կլաստերներից յուրաքանչյուրում գիտական որ կազմակերպություններն ու բուհերն են միավորվելու։ 

Այսօր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարաությունը (ԿԳՄՍՆ) հայտարարություն տարածեց՝ նշելով, որ հրապարակված ցանկը «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի աշխատանքային նամակագրությունից արտահոսք է, իսկ  կլաստերների կառուցվածքը դեռևս մշակման փուլում է։ 

 

Նախապատմությունը

Ամեն բան սկսվեց 2023-ի ամռանը, երբ Կառավարությունը հրապարակեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգի նախագիծը։ Հայեցակարգից և պաշտոնական մակարդակում արված հետագա հայտարարություններից պարզ դարձավ, որ Կառավարությունը որոշել է խոշորացնել պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները և միավորել դրանք 6 կլաստերներում՝ Դասական, Տեխնոլոգիական, Կրթական, Արվեստների, Բժշկական և Սպայական։ Նախատեսված է նաև, որ 2030-ի դրությամբ այս կլաստերներից չորսը տեղակայված են լինելու Երևանի 17-րդ թաղամասին հարող տարածքում կառուցվելիք ակադեմիական քաղաքում, իսկ երկուսը՝ Դասականը, որը ներառելու է Երևանի պետական համալսարանը, ինչպես նաև Բժշականը, որը ներառելու է Երևանի պետական բժշկական համալսարանը, մնալու են մայրաքաղաքում։ 2023-ի հոկտեմբերին Կառավարությունն ընդունեց «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը։

ԿԳՄՍՆ-ն 2023-ի ամռանը հայտարարություն տարածեց՝ նշելով, որ 2027-ից պետական ֆինանսավորում և աջակցություն կստանան բացառապես խոշորացված բուհերն ու դրանց հետ միավորված գիտական կազմակերպությունները։ Այս հայտարարությունից հետևում է, որ 2027-ի դրությամբ պետական ֆինանսավորում ստացող բոլոր բուհերն ու գիտական կազմակերպությունները միավորված են լինելու։

Նույն հայտարարությամբ Կառավարությունը բուհերին ու գիտական կազմակերպություններին հրավիրեց մինչև այս տարվա փետրվարի 15-ը միավորման գործընթացի վերաբերյալ հայեցակարգային առաջարկներ ներկայացնելու։ Հայտարարության մեջ նշված էր, որ խոշորացման ընդհանուր դրույթային բազան կմշակվի այդ առաջարկների հիման վրա: ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեում այսօր կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը նշեց, որ իրենք գիտական կազմակերպություններին, բուհերին, շահառու այլ կողմերին խնդրել էին նաև առաջարկել մեկական կամ երկուական թեկնածուների, որոնք ներառվելու էին կլաստերների կառուցվածքը որոշելու համար ստեղծվելիք աշխատանքային խմբերում։

ԿԳՄՍՆ-ի այսօրվա հայտարարությունից պարզ է դառնում, որ հայեցակարգային առաջարկների ամփոփումից հետո արդեն ձևավորվել են այդ աշխատանքային խմբերը, և հաստատվել են դրանց նախնական կազմերը։ Մարտի 7-ին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամը յուրաքանչյուր աշխատանքային խմբում ներառված կազմակերպությունների կազմն ուղարկել է այդ կազմակերպությունների ներկայացուցիչներին։ 

Կոմիտեն պնդում է, որ մամուլում տարածվել է հենց վերոնշյալ աշխատանքային խմբերում ներկայացված կազմակերպությունների ցանկը։

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում Սարգիս Հայոցյանը հիշեցրեց, որ մամուլում տարածված ցանկում կային նաև «Գիտուժ» նախաձեռնությունն  ու Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST), որոնք չէին կարող ներառվել որևէ կլաստերում։ Կոմիտեի նախագահը, սակայն, չբացառեց, որ խոշորացման գործընթացը կհամընկնի այդ ցանկի հետ։

 

Ակադեմիական քաղաք․ ինչ նորություններ կան

Ի պատասխան «Ինֆոքոմի» հարցի, թե, ի վերջո, երբ է հայտնի դառնալու կլաստերների կառուցվածքը, Սարգիս Հայոցյանը նշեց 2025 թվականը՝ որպես հավանական ժամկետ։

Թե որ կառույցներն են իրար միավորվելու, որոշելու են ձևավորված աշխատանքային խմբերը։ Կառավարությունն այս պահին հայեցակարգային առաջարկներ է ստացել 11 բուհից, Գիտությունների ազգային ակադեմիայից (ԳԱԱ), Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայից։ Բուհերից 6-ը գրավոր առաջարկ չի ներկայացրել, բայց կներգրավվի աշխատանքային խմբերում։ 

Մամուլում արտահոսած փաստաթղթում բացակայում էին Սպայական կլաստերի մասին տեղեկությունները։ Մեր հարցին ի պատասխան՝ Սարգիս Հայոցյանը նշեց՝ այդ կլաստերում ներառվող կազմակերպություները լինելու են գերատեսչական հիմնարկներ, այդ պատճառով էլ կլաստերի ձևավորումը հանրային գործընթաց չէ։

Մեր դիտարկմանը, թե աշխատանքային խմբերում ներառված են նաև այլ գերատեսչական կառույցներ, օրինակ՝  Էկոնոմիկայի նախարարության Երկրագործության գիտական կենտրոնը, Կոմիտեի նախագահը նշեց՝ իրենք միավորվելիք կազմակերպությունների ցանկում ներառել են բոլոր այն կառույցները, որոնք Կոմիտեից պետական ֆինանսավորում են ստանում։ Նրա խոսքով, սակայն, քննարկումների արդյունքում կարող է որոշվել, որ այդ կենտրոնները շարունակելու են գործել որպես գերատեսչական կազմակերպություններ։ 

Ասուլիսի ընթացքում Սարգիս Հայոցյանն, ի պատասխան լրագրողների հարցերի, հայտնեց, որ ձևավորվելիք ամեն կլաստեր ունենալու է նաև ավագ դպրոց և մասնագիտական կրթական հաստատություն՝ քոլեջ։ Կոմիտեի նախագահը չբացառեց նաև վարձերի թանկացման մասին լուրերը՝ նշելով, որ ուսման վարձերը համապատասխանեցվելու են մատուցված կրթության որակին, և կրթաթոշակային ավելի թիրախային ծրագրեր են լինելու։ 

Սարգիս Հայոցյանը կրկին հիշեցրեց, որ գիտական ոչ մի կազմակերպություն չի փակվելու․ խոսքը խոշորացման և բուհերի հետ միավորան մասին է։ 

 

Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագիրը

Աշխատանքային փաստաթղթի արտահոսքից պարզ է դառնում, որ ստեղծվելիք կլաստերների ուղղությամբ ձևավորված աշխատանքային խմբերում ներառված են ոչ միայն ԳԱԱ ինստիտուտները, այլ նաև նրա այլ կառույցներ, ինչպիսիք են Գիտակրթական միջազգային կենտրոնը, Փորձաքննությունների ազգային բյուրոն։ Սա նշանակում է, որ այս կառույցները ևս ներառվելու են կլաստերներում։

Մեր հարցին՝ արդյոք քննարկումներ կա՞ն, թե ինչ կարգավիճակ է ունենալու Ակադեմիան, եթե նրա գիտական և կրթական բոլոր կառույցները ներառվելու են ձևավորվելիք կլաստերներում, Կոմիտեի նախագահը պատասխանեց․ «Այն մասին, որ Ակադեմիայի կառուցվածքում կազմակերպություններ չպետք է լինեն, վաղուց է խոսվում։ Մեր տեսլականով Ակադեմիան պետք է զբաղվի մտավոր ներուժի համակարգմամբ»։

Հետաքրքրվեցինք նաև, թե արդյոք քննարկվո՞ւմ է Ակադեմիայի՝ մասնակի միավորման առաջարկը։

«Այդ տարբերակը քննարկվելու է, բայց ակնհայտ է, որ պետության քաղաքականությանը հակընդդեմ առաջարկ է»,- մեր հարցին ի պատասխան՝ նշեց Սարգիս Հայոցյանը։

 

Կոնսերվատորիայի շուրջ աղմուկը

Ասուլիսի ընթացքում հարցերի մեծ մասը վերաբերում էր Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային։ Մամուլում շրջանառվող տեղեկություններից հետո Կոնսերվատորիայի ռեկտորը հայտարարություն էր տարածել՝ նշելով գործընթացին բուհի անհամաձայնության մասին։

Անդրադառնալով այս հարցին՝ Սարգիս Հայոցյանը նշեց, որ բոլորն ազատ են արտահայտելու իրենց կարծիքը՝ թե՛ դրական, թե՛ բացասական։ 

Ի պատասխան վերջին օրերին հնչող մտահոգություններին, թե Կոնսերվատորիան կապված է իր մշակութային միջավայրին, Կոմիտեի նախագահն ասաց, որ ակադեմիական քաղաքը միայն բուհական և գիտական միջավայր չի լինելու․ «Նախատեսված է, որ ինտելեկտուալ և մշակութային ժամանցի կենտրոն է լինելու։ Մեծ համերգասրահ է լինելու»։

Հայոցյանի պնդմամբ Երևանից ակադեմիական քաղաք հասնել հնարավոր է լինելու 30 րոպեում։ Նա նշեց, որ կառուցվելիք ակադեմիական քաղաքը Երևանին կապող գնացք է գործելու։ 

Հարցին՝ եթե Կոնսերվատորիան ամեն դեպքում չհամակերպվի միավորմանն ու տեղափոխությանը, ի՞նչ է սպասվում, Սարգիս Հայոցյանը նշեց՝ իրենք լավագույնը կանեն՝ ներկայացնելու ծրագրի դրական կողմերը, ապա հիշեցրեց, որ 2027-ից պետական ֆինանսավորում են ստանալու միայն խոշորացված գիտական կազմակերպությունները։

 

Գլխավոր լուսանկարում՝ Սարգիս Հայոցյանը (նկարը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի)

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել