Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է |azatutyun.am|
10:26 - 12 ապրիլի, 2024

Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է |azatutyun.am|

azatutyun.am:«Հայաստանում 2023-ին Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է՝ 2.50 ից հասնելով 2.25-ի՝ Կառավարության կողմից ուժի կոնսոլիդացիայի, կենտրոնական իշխանությունների կողմից ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ արդեն մի քանի տարի շարունակվող միտումների, և իշխող կուսակցության ֆինանսական միջոցների թափանցիկության պակասի պատճառով», - հայտարարում է հեղինակավոր Freedom House-ը՝ անցումային երկրների մասին նախօրեին հրապարակած զեկույցում։

Արձանագրելով, որ 2023-ին Հայաստանը լուրջ դրական բարեփոխումներ է կատարել դատական համակարգի, ոստիկանության, կոռուպցիայի դեմ պայքարի, կրթության և տարածքային կառավարման ոլորտներում, զեկույցը նշում է. - «Թեև որոշ բարեփոխումներ ապահովում են արդյունավետ կարգավորումներ, դրանք հաճախ չեն հասնում իրենց նպատակներին՝ վատ կամ անհետևողական իրականացման պատճառով»:

Ժողովրդավարական կառավարում

Վաշինգտոնում ավելի քան 75 տարի գործող իրավապաշտպան կազմակերպությունը նշում է, որ անցած տարվա հիմնական ներքաղաքական իրադարձությունը Երևանի ավագանու ընտրություններն էին։ «Հայաստանի բնակչության մեկ երրորդը մայրաքաղաքում է ապրում, և այս քվեարկությունը կարող է դիտարկվել որպես վստահության քննություն՝ 2021-ի արտահերթ և 2026-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների արանքում», - նշում է Freedom House-ը, հավելելով՝ դիտորդները հիմնականում դրական են գնահատել ընտրությունների անցկացումը, արձանագրելով, որ այն զերծ է եղել ժամանակին տարածված ընտրակաշառքից ու ճնշումներից։

Միաժամանակ, ընտրարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները գրանցել են վարչական ռեսուրսի լայնածավալ չարաշահման դեպքեր՝ հոգուտ իշխող կուսակցության։ Որպես օրինակ նշվում է մանկավարժների ու հանրային ծառայողների կազմակերպված մասնակցությունը «Քաղաքացիական պայմանագրի» հանրահավաքներին և տեղական բյուջեների աննախադեպ ծախսը տոնական միջոցառումների վրա, որոնց մասնակցել են իշխող կուսակցության թեկնածուները։

Զեկույցը փաստում է, որ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 28.5 տոկոսը, ինչը «հատուկ է բևեռացված հասարակություններին, որտեղ քաղաքացիները հիասթափված են հետհեղափոխական էլիտաների ձախողումներից, միաժամանակ մերժում են նախկին ռեժիմի ներկայացուցիչների վերադարձը»։

«Թավշյա հեղափոխության ամենաշատ ազդարարված ձեռքբերումներից մեկը քաղաքականության տարանջատումն էր խոշոր բիզնեսից ու օլիգարխներից, սակայն 2023-ը մտահոգիչ միտումներ ի ցույց դրեց. Infocom-ի ու CivilNet-ի անկախ հետաքննությունները քաղաքական կոռուպցիայի լուրջ նշաններ բացահայտեցին», - նշում է Freedom House-ը` մանրամասնելով. - «Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավի համար գումար փոխանցած մարդկանց մեծ մասը տեղյակ չէին իրենց անունից արված նվիրատվություններից, կամ նվիրաբերել էր իր ստացած եկամտից ավելին։ Բացի այդ, նվիրատվությունների իրականացման գործում ներգրավված էր «Հայէկոնոմբանկ»-ը, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին»։

«Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, Դատախազությունը՝ իշխող կուսակցության հետ համերաշխ, հերքել է դրանք», - նշում է Freedom House-ը:

Որպես դրական զարգացում նշվում է՝ Կառավարությունը նոյեմբերին որոշում ընդունեց հօգուտ ապակենտրոնացման, ինչպես նաև գործողությունների ծրագիր՝ տեղական իշխանությունների դերն ու արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մյուս կողմից, արձանագրվում է, որ այս կարևոր բարեփոխումների ֆոնին «տեղական իշխանությունների անկախության և հեղինակության երաշխիքները կասկածի տակ են դրվել ընդդիմադիր քաղաքապետերին պաշտոնանկ անելու՝ «Քաղաքացիական պայմանագրի» համակարգված փորձերի պատճառով»։

«Անցած դեկտեմբերին իշխող ուժը հաջողությամբ հեռացրեց Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին»,- նշում է Freedom House-ը, - «Քաղաքապետերի իմփիչմենթը օրինական մեխանիզմ է, սակայն այն, թե ինչպես է իշխող կուսակցությունն այն գործի դնում՝ զուգակցելով ճնշման, շանտաժի, քաղաքական առևտրի հետ, հակասում է տեղական կառավարման լավագույն շահին և կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը»։

Կոռուպցիա

2023-ին Հայաստանը հակակոռուպցիոն ռազմավարություն է ընդունել 2023-26 թվականների համար։ Եվրախորհրդի GRECO խումբը, գնահատելով Հայաստանի կառավարության առաջընթացը, եզրակացրել է, որ 2015-ից տրված 18 հանձնարարականներից 9-ը կատարվել է բավարար չափով, մյուս 9-ը՝ մասամբ։ Մի քանի լրագրողական հետաքննություններ բացահայտել են պաշտոնյաների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից անշարժ գույքի՝ շահավետ գնով ձեռքբերման, կասկածելի վարկանիշ, կամ՝ պաշտոնյաների հետ կապ ունեցող ընկերություններից առանց մրցույթի պետգնումների դեպքեր. - «Մրցույթներում իշխող ուժի հետ փոխկապակցված ընկերությունների հաղթանակի պրակտիկան շարունակվում է, հետաքննող լրագրողներն ահազանգում են խոշոր բիզնեսի ու բարձրաստիճան պաշտոնյաների սերտ կապերի ռիսկայնության մասին, մինչ վարչապետը հերքում է այդ մտահոգությունները և պնդում, թե այդ կապերն օրենքի շրջանակում են»։

«Կոռուպցիայի դեմ պայքարի հանրային ընկալումը Հայաստանում լճացել է կամ անկում է ապրել նախորդ տարիների համեմատ։ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI)-ի՝ 2023-ի վերջին կատարված հարցման համաձայն, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում լավատեսների թիվը 2018-ի համեմատ կիսով չափ նվազել է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել