Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
 |news.am|
10:57 - 12 ապրիլի, 2024

Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստըում հավանություն տվեց Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունների միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելուն:

2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի նոյեմբերի 25-ին: 2016թ. նոյեմբերի 25-ին ուժի մեջ մտած՝ վերոնշյալ համաձայնագրի ժամկետը յոթ տարով  երկարաձգելու մասին հայտագրերի փոխանակմամբ կնքված Համաձայնության ժամկետը ավարտվում է 2023 թվականի նոյեմբերի 25-ին:     

Համաձայնությամբ Համաձայնագրի գործողությունը ևս յոթ տարով երկարացնելը կնպաստի զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխելուն:

Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են համագործակցություն իրականացնել` ուղղված զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելուն:

Մասնավորապես, ԱՄՆ-ի կառավարությունը պարտավորվում է ՀՀ կառավարությանը, վերջինիս հայտերի հիման վրա, անհատույց տրամադրել զանգվածային ոչնչացման զենքի տարածումը կանխարգելող սարքավորումներ, նյութեր, տեխնոլոգիաներ, իրականացնել անձնակազմի ուսուցում և այլն:

Համաձայնագրով ՀՀ կառավարությունը պարտավորվում է նախատեսվող գործողություններն իրականացնելու նպատակով հեշտացնել ՀՀ տարածք ԱՄՆ-ի կառավարության համապատասխան ներկայացուցիչների մուտքն ու ելքը, ինչպես նաև սահմանվում են նախատեսվող միջոցների փոխադրման կարգն ու պայմանները:

Համաձայնագրով ՀՀ կառավարությունը նաև պարտավորվում է.

- առանց ԱՄՆ-ի կառավարության նախօրոք գրավոր համաձայնության չփոխանցել ԱՄՆ-ի կառավարության կողմից տրամադրված սարքավորումների, նյութերի, տեխնոլոգիաների, ուսուցման և ծառայությունների սեփականության կամ տիրապետման իրավունքը որևէ այլ անձի, թույլ չտալ դրանց օգտագործումն այլ նպատակներով, ապահովել դրանց անվտանգությունը, պաշտպանել դրանք յուրացումից կամ փոխակերպումից.

- ազատել ԱՄՆ-ի կառավարությունը, բացառությամբ համապատասխան պայմանագրերով նախատեսված հայցերի, դատական պատասխանատվությունից և հայցերից` համաձայնագրի կատարման հետ կապված գործողությունների իրականացման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում որևէ անձի սեփականությանը հասցված կորստի կամ վնասի համար, և չպահանջել ԱՄՆ-ի կառավարությունից, նրա աշխատակիցներից, կապալառուներից և նրանց ծառայողներից ցանկացած անձի մահվան կամ վիրավորվելու հետ կապված փոխհատուցում:

Ըստ համաձայնագրի` ԱՄՆ-ի կառավարությունը և նրա աշխատակիցները, կապալառուներն ու կապալառուների աշխատակիցները սույն համաձայնագրի կատարման ընթացքում ՀՀ տարածքում ազատվում են հարկեր, մաքսային և այլ տուրքեր վճարելուց, իսկ ԱՄՆ-ի ռազմական կամ քաղաքացիական անձնակազմերը, որոնք սույն համաձայնագրի իրականացման շրջանակներում գտնվում են ՀՀ տարածքում, օգտվում են Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի 1961 թվականի ապրիլի 18-ի կոնվենցիայով վարչական և տեխնիկական անձնակազմերի համար նախատեսված անձեռնմխելիությունից ու արտոնություններից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել