azatutyun.am: Ռուսաստանի իշխանությունները ԱՄՆ-ից տեղեկություն են խնդրել մերձմոսկովյան «Կրոկուս հոլ»-ում մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության մասին, ամերիկյան կողմն էլ փոխանցել է այդ տեղեկությունը ու նման կերպ կվարվի նաև ապագայում, ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
Դեսպանն այլ մանրամասներ չի հաղորդել։ Նա միայն պարզաբանել է, որ եղել է «ուղիղ խնդրանք» Ռուսաստանից, և որ չնայած «Կրեմլի հետ իրական և խորը տարաձայնություններին»` Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տեղի ունեցածի հետաքննությանը, քանի որ «Ռուսաստանի քաղաքացիներն արժանապատիվ ու ապահով կյանքի իրավունք ունեն»:
Կրեմլը դեռ չի մեկնաբանել Թրեյսիի հայտարարությունը։
«Կրոկուս»-ի վրա հարձակումից կարճ ժամանակ առաջ արևմտյան մի քանի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետախուզական ծառայությունները նախազգուշացրել էին Մոսկվային երկրում ահաբեկչական հարձակումների մեծ հավանականության մասին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այս նախազգուշացումները «շանտաժ» և «Ռուսաստանի հասարակությանը վախեցնելու և ապակայունացնելու մտադրություն» էր որակել:
Պաշտոնական տվյալներով՝ Crocus-ի վրա հարձակման զոհ է դարձել ավելի քան 140 մարդ։ Ռուսաստանի քննչական կոմիտեն մինչ օրս ձերբակալել է 12 կասկածյալների, որոնք հիմնականում Տաջիկստանի քաղաքացիներ են։ Կրեմլը, սակայն, շարունակում է պնդել, թե ահաբեկչությանը մեղսակից է նաև Ուկրաինան՝ առանց հստակ ապացույցներ ներկայացնելու։
comment.count (0)