ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս |factor.am|
13:28 - 17 ապրիլի, 2024

ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս |factor.am|

factor.am: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ապօրինի ագրեսիվ պատերազմը, ինչպես նաև մի շարք մասնակից պետություններում վերջին տարիներին ԵԱՀԿ սկզբունքների և պարտավորությունների բազմաթիվ խախտումները զգալիորեն վատթարացրել են հարաբերությունները ԵԱՀԿ անդամների միջև։ Այս մասին Վաշինգտոնում հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգը, հայտնում է ադրբեջանական Թուրան գործակալության Վաշինգտոնի թղթակիցը։

«Մենք միասին չկարողացանք բարեխղճորեն իրագործել մեր ընդհանուր որոշումները: Արդյունքում, պետությունների միջև անվստահությունն աճում է, և վստահությունը մեր հաստատությունների նկատմամբ նվազում է»,- ասել է Բորգը՝ ելույթ ունենալով ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում։

Նա նշել է, որ ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ «մնում է սպառնալիքի տակ»։

Ըստ Բորգի՝ կազմակերպությունը, Ուկրաինայից զատ, իր ուշադրությունը կենտրոնացրել է ձգձգվող հակամարտությունների վրա, այդ թվում՝ Մերձդնեստրում և Հարավային Կովկասում։

«Իմ վերջին այցերը Սերբիա, Կոսովո և Մոլդովա, ինչպես նաև առաջիկա այցը Հարավային Կովկաս հանդիսանում են  գործընկերների հետ երկխոսության մեր համատեղ ջանքերի մի մասը՝ վստահությունը վերականգնելու և ԵԱՀԿ-ի դերն ամրապնդելու համար»,- հայտարարել է Մալթայի ԱԳ նախարարը։ Բորգը հանդիպել է նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել