«Մեծ յոթնյակը» վերահաստատել է Ալմա Աթայի հռչակագրին նվիրվածության կարևորությունը
15:58 - 19 ապրիլի, 2024

«Մեծ յոթնյակը» վերահաստատել է Ալմա Աթայի հռչակագրին նվիրվածության կարևորությունը

Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և կայուն խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։

Այս մասին ասվում է «Մեծ յոթնյակի» ԱԳ նախարարների հայտարարության մեջ, որում հիշեցվում է նաև 2023 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի ու Ադրբեջանի կողմից հրապարակված Համատեղ հայտարարությունը․ «Խրախուսում ենք պահպանել համագործակցության այդ ոգին հետագա փոխգործակցություններում։ Հետագա սրումն անընդունելի կլինի»։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանվածների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը իրենց տներ»,- նշված է հայտարարության մեջ:

Բացի այդ՝ G7-ը և նրա անդամները պատրաստակամություն են հայտնել նպաստել հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, հատկապես ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրամադրված բանակցային շրջանակում։ 

«Վերահաստատում ենք 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին նվիրվածության կարևորությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք խրախուսում ենք ավելի մեծ տարածաշրջանային համագործակցությունը և բոլոր սահմանների վերաբացումը, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի սահմանի»,- հայտարարել է G7 երկրները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել