«Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղ». տավուշցիները շարունակում են բողոքի ակցիաները
17:45 - 22 ապրիլի, 2024

«Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղ». տավուշցիները շարունակում են բողոքի ակցիաները

Պետական սահմանի սահմանազատման հարցով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների համատեղ հայտարարությունից ու Տավուշի մարզի որոշ հատվածներում սահմանազատման գործընթաց սկսելու լուրն իմանալուց հետո տեղացիները քանի օր է՝ գիշեր-ցերեկ բողոքի ակցիաներ են իրականացնում։ 

Կիրանցի, Ոսկեպարի ու հարեւան գյուղերի բնակիչները, նրանց աջակցող այլ համաքաղաքացիներ փակ են պահում Աճարկուտ-Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը, հավաքվել են նաեւ Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու մոտ՝ կառավարող ուժից պահանջելով դադարեցնել գործընթացը։ 


Բեռնատարը փակել է Աճարկուտից Կիրանց մտնող ճանապարհը

Սահմանազատման գործընթացի արդյունքում Երեւան-Իջեւան-Բագրատաշեն ճանապարհի մի հատվածը այլեւս հնարավոր չի լինի օգտագործել՝ այն հակառակորդի տարածքում է հայտնվելու։

Տեղացիներն ասում են՝ չեն հավատում այն հայտարարություններին, թե տարածքների զիջմամբ հնարավոր է պատերազմ կանխել ու խաղաղություն բերել։ 


Քաղաքացիները՝ Ոսկեպարից Կիրանց գնացող ճանապարհին

Կիրանցի բնակիչ Նվարդ Սիմոնյանը, որը անցած գիշերվանից փողոցում բողոքի ակցիա է իրականացնում համագյուղացիների հետ, ասում է, սահմանը պետք է մնա այնպես, ինչպես հիմա է, ոչ թե ավելի մոտիկանան ադրբեջանական դիրքերը.

«90-ական թվերին էդ սահմանի համար արյուն են թափել, սահման են գծել։ Մենք մնալու ենք, մինչեւ մեր պահանջը կատարվի։ Ի՞նչ խաղաղություն ա գալու, եթե թուրքին բերում են մեր գյուղը, տալիս են թուրքին։ Կյանքում ըտենց ճանապարհ չի եղել, էդ մոստը, որ ուզում են տան, էնքան հին ա, որ Ադրբեջանն էդքան հին չի, էդ տարածքները իրենցը չեն եղել»,- նշեց բնակիչը՝ մտահոգություն հայտնելով նաեւ, որ երբ ադրբեջանցիները ավելի մոտենան, օրը մեկին կգերեվարեն՝ «ինչպես Վագիֆին» (Վագիֆ Խաչատրյանը ԿԽՄԿ ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից տեղափոխվում էր Հայաստան, նրան ճանապարհին առեւանգել էին ադրբեջանցիները)։

Կեսօրին մոտ Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները մի մասը գնաց Ոսկեպարի 7-րդ դարի եկեղեցու մոտ։ Այնտեղ մեծ թվով ոստիկաններ եւ այլ ուժայիններ էին կենտրոնացել. եկեղեցու մերձակա տարածքում սակրավորներն ականազերծման աշխատանքներ էին իրականացնում։ Այդ հատվածում են առաջ գալու ադրբեջանական ուժերը։ Ոստիկանները պատնեշ էին կազմել դաշտեզրով, որպեսզի մարդիկ չառաջանան, նրանց անվտանգությունը վտանգի տակ չլինի՝ ոչ միայն ականների պատճառով, այլ նաեւ այն, որ հակառակորդի դիրքերը այդ տեղանքին շատ մոտ են, տարածքը դիտարկվում է։ Ոստիկանները հավաքված մարդկանց, այդ թվում եւ հոգեւորականներին թույլ չէին տալիս նաեւ եկեղեցի բարձրանալ, ասում էին՝ մի երկու ժամից։ Այդ ընթացքում սակրավորները ավարտեցին աշխատանքը։ Իրավիճակը տեղում պարբերաբար լարվում էր, մարդիկ լեզվակռվի, երբեմն նաեւ քաշքշուկի մեջ էին մտնում ոստիկանների հետ, նրանք էլ ասում էին՝ իրենք հրահանգավորված են չթույլատրել։


Ուժայինների կազմած պատնեշը


Ոստիկանական ուժերի պատնեշը

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, որն առավոտյան Կիրանցում էր՝ ճանապարհը փակած բնակիչների մոտ, եկավ Ոսկեպար։ Ոստիկանապետը Բագրատ Սրբազանի հարցին ի պատասխան ասաց, որ մեկ ժամից եկեղեցուն կարող են մոտենալ։ 

Բագրատ Սրբազանը լրագրողների ու քաղաքացիների հետ զրույցում ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում, ապօրինի է, ՀՀ օրենքներին հակառակ եւ դեմ․ 

 «Ես առաջին օրվանից ասել եմ՝ այդ մարդիկ, որ մասնակցելու են այս գործընթացին՝ վարչական ղեկավարները, ամբողջ պատասխանատվությունը իրենց վրա է։ Սա անօրինական է։ Դժբախտաբար, մենք գտնվում ենք համապարփակ ապօրինության մեջ։ Հրաման է տրված ոստիկանությանը, որ չթողնեն ժողովրդին գնալ, մենք չենք փորձում հրահրել։ Առավոտից ասում են, որ ականազերծման գործընթացներ են, եթե դա ճիշտ է, ուրեմն հանցանքը կրկնապատկվում է։ Մեր խնդիրը լինելու է էս ապօրինությունը վերացնելը, մենք պետք է հասնենք ճշմարտությանը»։


Ոսկեպարի եկեղեցին

Ի վերջո, երբ սակրավորներն արդեն հեռացել էին, մարդիկ հոգեւորականների ուղեկցությամբ բարձրացան եկեղեցի, որտեղ եւ Սրբազանը խոսք հնչեցրեց ու աղոթք կարդաց։ Ոստիկանները, սակայն, չհամաձայնեցին, որ լրագրողները նկարահանում անեն եկեղեցու տարածքում։ 

Քաղաքացիները երկու տեղերում էլ շարունակում են բողոքի ակցիան։ Նրանք սպասում են վարչական ղեկավարները ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հանդիպման արդյունքներին։

 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել