ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
18:53 - 25 ապրիլի, 2024

ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 25-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովից, ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը գոհունակությամբ նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է բարեկամ Ֆրանսիայի անվերապահ աջակցությունը Հայաստանին միջազգային տարբեր հարթակներում:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտելու, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտման և ագրեսիայի հետագա փորձերը կանխելու, Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառման կոչ անելու և հայ բնակչության՝ Լեռնային Ղարաբաղ վերադարձի իրավունքի երաշխավորումը պահանջելու վերաբերյալ» բազմակուսակցական բանաձևի՝ բացարձակ մեծամասնությամբ ընդունման համար: Սա շատ կարևոր քայլ է հայ ժողովրդի համար»,- նշել է խորհրդարանի ղեկավարը:

Ըստ աղբյուրի՝ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի Հանրապետությանն աջակցող փոխգործակցության շրջանակը խորհրդարանական մակարդակում` ընդգծելով համագործակցությունը կրթության, մշակույթի, անվտանգության և այլ ոլորտներում:

Նշվում է, որ կողմերը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը, Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

«Անդրադառնալով անվտանգային իրավիճակին Հարավային Կովկասում՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել ֆրանսիացի խորհրդարանականների՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ուղեկցությամբ իրականացրած աշխատանքները, շնորհակալություն հայտնել  էթնիկ զտման հետևանքով Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց հումանիտար օգնություն տրամադրելու համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի պաշտպանողական կարողությունների զարգացման, անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել