Ադրբեջանցիները մտահոգված են Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու հեռանկարից․ ինչ իրավիճակ է օկուպացված հայկական բնակավայրում |factor.am|
21:11 - 30 ապրիլի, 2024

Ադրբեջանցիները մտահոգված են Արծվաշենը ՀՀ-ին վերադարձնելու հեռանկարից․ ինչ իրավիճակ է օկուպացված հայկական բնակավայրում |factor.am|

factor.am: JAMnews-ի ադրբեջանցի լրագրող Ֆաթիմա Մովլամլին ներկայացրել է, թե ինչ իրավիճակ է այսօր ՀՀ Գեղարքունիքի մարզի Արծվաշեն գյուղում (ադրբեջանցիներն այն անվանում են Բաշքենդ), որը 1992 թվականի օգոստոսից օկուպացված է Ադրբեջանի կողմից։

Անդրադարձում նշվում է, որ գյուղի  մուտքի մոտ տեղադրված են մի քանի ​​հենակետեր։ Թեև տեղի բնակչությունը խստորեն չի ստուգվում մուտքի և ելքի ժամանակ, որոշակի վերահսկողություն, կարծես, կա: Տեղի բնակիչների խոսքով՝ մարտական ​​դիրքերում սովորաբար ստուգում են «անծանոթներին»՝ ոչ շրջակա գյուղերից: Նշվում է, որ մշտական հսկողություն կա նաև հեռու տարածությունից։

Գյուղի բոլոր տները դատարկ են, դրանց մեծ մասը քանդվում են անուշադրության պատճառով։ Շրջակայքում էլ շատ մարդ չկա։ Լրատվամիջոցը նշում է, որ կարելի է հիմնականում տեսնել շրջակա գյուղերի բնակիչներին, որոնք իրենց անասուններին բերում են արտովայրեր կամ այնտեղ զբաղվում հողագործությամբ։

Գեդաբեկի շրջանի Շինիխ գյուղի բնակիչ 53-ամյա Վելին պատմել է, որ հայկական բնակավայրում զբաղվում է անասնապահությամբ։Նա նշել է, որ ինչ գյուղը գրավվել է Ադրբեջանի կողմից, նա կերակրում է իր ընտանիքը այստեղ խահվող անասունների շնորհիվ։

«Եթե Բաշքենդը տան հայերին, մեր վերջը կգա։ Մենք այստեղ վաստակում ենք, այս վայրերն այլևս անվտանգ չեն լինի։ Ես այդպիսին միակը չեմ, շրջակա գյուղերից մարդիկ այդպես են ապրում։ Մենք այստեղ անասուններ ենք պահում։ Մեզանից ոչ մեկն այլ աշխատանք չունի, գործազրկությունն ամենուր է։ Ոչխարներ ենք պահում, հետո վաճառում, անասունների համար սնունդ ենք գնում, ինքներս էլ ապրում այդ միջոցներով։ Այսպիսի դժվարություններով ենք վաստակում մեր հացը։ Եթե այս գյուղը չլինի, կկորցնենք գոյության վերջին հնարավորությունը։ Ստիպված կլինենք վերցնել մեր ընտանիքներն ու հեռանալ այստեղից»,- ասել է Վելին։

Լրատվամիջոցի հետ զրույցում ReAl կուսակցության ղեկավարներից Նաթիկ Ջաֆարլին ասել է, որ երկու պատճառ կա, թե ինչու հայկական գյուղը չի բնակեցվել։

«Դրանցից մեկն իրավական պատճառն է։ Հայաստանը կարող էր ասել, որ սա իմ տարածքն է, դուք բնակություն եք հաստատել այնտեղ, դրա համար պետք է փոխհատուցում վճարեք։ Կան տնտեսական և սոցիալական այլ սահմանափակումներ։ Մարդիկ Բաքու են գալիս ավելի քան 30 տարի: Եթե ​​նորմալ տնտեսական և սոցիալական քաղաքականություն իրականացվեր, ապա Բաքու ներհոսք չէր լինի։ Բաշքենդում սոցիալական ենթակառուցվածքների և տնտեսական հնարավորությունների ստեղծումը հեշտ գործ չէ՝ բնական պայմանների պատճառով»,- ասել է Ջաֆարլին։

Նա նաև ասել է, որ եթե անկլավների փոխանակում լինի, ապա անհրաժեշտ է երկու երկրներում էլ հանրաքվե անցկացնել։

«Ինչպե՞ս կարող եք պատկերացնել, որ Հայաստանի ոստիկանությունը, բանակը, պաշտոնական ներկայացուցիչները, ձեռքերը թափահարելով, կարծես ոչինչ չի եղել, քայլում են Ադրբեջանի տարածքով մոտ 30 կիլոմետր՝ շարժվելով դեպի Բաշքենդ։ Անկեղծ ասած՝ ոչ համոզիչ է հնչում է։ Նույնը վերաբերում է Հայաստանի ներսում գտնվող ադրբեջանական գյուղերին։ Այո՛, մեր սահմանին մոտ են, մի 5-15 կիլոմետր հեռավորության վրա։ Բայց, ամեն դեպքում, այս 5-15 կիլոմետրը պետք է անցնենք Հայաստանով և ապահովենք, օրինակ, բնակիչներին սնունդ, բանկային ծառայություններ, կապի ծառայություններ, գազ, լույս, ջուր։ Դա շատ դժվար և անհնար է թվում»,- ասել է Ջաֆարլին:

«Ատլաս» հետազոտական ​​կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն էլ նշել է, որ գյուղերի հարցը կարող է լուծվել կողմերի միջև տարածքների փոխանակման միջոցով։

«Եթե նույնիսկ մնացած չորս գյուղերը, որոնք մենք պահանջում ենք, մեզ վերադարձնեն, ադրբեջանցիների համար այնտեղ ապրելը խնդիր կլինի, որովհետև մենք ստիպված ենք լինելու Հայաստանով գնալ-գալ։ Նույն կերպ, եթե նույնիսկ Բաշքենդը տեսականորեն փոխանցվի Հայաստանին, հայերը ստիպված կլինեն գնալ Ադրբեջանով։ Ուստի ապագայում այս հարցի լուծումը հնարավոր է տարածքների փոխանակման միջոցով, կարծում եմ»,- ասել է Շահինօղլուն։

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել