civilnet.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ 2020-ից հետո պետական դավաճանության հոդվածով հարուցված գործերին։
«2020 թվականից հետո տասնյակ մարդիկ պետական դավաճանության հոդվածով, տասնյակներ ձերբակալվել են, կալանավորվել են և ենթադրում եմ՝ նրանց մեծ մասն արդեն դատապարտյալի կարգավիճակ ունի»,- պնդում արեց նա։
Լրագրողը վարչապետին հարց ուղղեց, թե ինչպես է ստացվում, որ քաղաքական իշխանությունն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է դավաճանների, գործակալների մասին, որոնք գործում են ՀՀ շահերի դեմ, սակայն իրավապահ համակարգը դրանց հիման վրա վարույթներ չի նախաձեռնում՝ դրանք որակելով քաղաքական հայտարարություններ։
Դատախազությունից ստացված տվյալների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում պետական
դավաճանության դեպքերով 2020 թվականին հարուցվել էր մեկ քրեական գործ, որի նախաքննությունը փոխանցվել է 2021 թվական:
2021 թվականի ընթացքում քննվել էր չորս գործ, որոնք մեղադրական եզրակացությամբ դատարան էին ուղարկվել։ Դրանցով դատի էր տրվել 5 անձ, որոնցից 4-ը գտնվել են կալանքի տակ:
2022 թվականի ընթացքում ԱԱԾ քննչական դեպարտամենտում պետական դավաճանության հոդվածով քննվել է 17 քրեական վարույթ, որից 10 քրեական գործ 17 անձի վերաբերյալ, որոնք գտնվել են կալանքի տակ, ուղարկվել է դատարան:
Նշենք, որ մինչև 2022-ի վերջ դատարան ուղարկված քրեական գործերով
օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր առկա չէին։
2023 թվականի ընթացքում քննվել է պետական դավաճանության դեպքերի առթիվ նախաձեռնված 16 քրեական վարույթ, որից 1 քրեական վարույթ կարճվել է արդարացնող հիմքով: 3 քրեական վարույթ 3 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Նույն տարում դատարանում ավարտվել է 2 քրեական գործ 2 անձի նկատմամբ։ Կայացված մեղադրական դատավճիռներով վերջիններս դատապարտվել են ազատազրկման։
Ինչ վերաբերում է 2024-ին, ապա մայիսիի 8-ի դրությամբ պետական դավաճանության հոդվածով նախաձեռնվել է 2 քրեական վարույթ։
«Ներկայումս նախաքննություն է իրականացվում երեք քրեական վարույթներով։ 2024 թվականի դրությամբ դատարաններում քննվում են պետական դավաճանության հոդվածով (Քրեական օրենսգրքի 418-րդ հոդված, նախորդ օրենսգիրք՝ 299-րդ) նախաձեռնված 15 քրեական գործ),- նշված է դատախազության պատասխանի մեջ։
2024-ի ընթացքում դատարանում ավարտվել է 1 քրեական գործ՝ կայացվել է մեղադրական դատավճիռ։
Այսպիսով, վերջին չորս տարիներին պետական դավաճանության հոդվածով նախաձեռնվել է շուրջ երեք տասնյակ քրեական վարույթ, շուրջ 20 վարույթ՝ ավելի քան 25 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան։ Մինչդեռ, մինչ օրս դատարաններում ավարտվել է միայն երեք գործ, որոնցով երեք անձ մեղավոր է ճանաչվել։
Վարչապետի ենթադրությոնը, թե պետական դավաճանության հոդվածով մեղադրվող անձանց մեծ մասն արդեն ունի դատապարտյալի կարգավիճակ, սխալ է։
comment.count (0)