Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ
15:33 - 18 հուլիսի, 2020

Դեսպան Արմեն Պապիկյանի հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիի հետ

Հուլիսի 17-ին Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը հանդիպեց Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսսիին։

Հանդիպման նպատակն էր ԱԷՄԳ գլխավոր տնօրենին ներկայացնել հուլիսի 12-ից ի վեր Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում ստեղծված իրավիճակը և այդ համատեքստում պաշտոնական Բաքվի կողմից հնչող ծայրահեղ վտանգավոր սպառնալիքները և հայտարարությունները։

Մասնավորապես, դեսպան Պապիկյանը Հայաստանի խորին մտահոգությունը հայտնեց Մեծամորի ատոմակայանին հրթիռային հարված հասցնելու մասին Ադրբեջանի պաշտպանության նախարարության սպառնալիքի վերաբերյալ՝ նշելով, որ նման հայտարարությունները պարզապես ոտնահարում են միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, լրջագույն մարտահրավեր են հանդիսանում ոչ միայն Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։ Ատոմակայանի թիրախավորման վերաբերյալ Ադրբեջանի դատապարտելի հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան պետական ահաբեկչության բացահայտ դրսևորում։

Դեսպան Պապիկյանը հույս հայտնեց, որ ԱԷՄԳ-ը իր մանդատի շրջանակներում, իր դիրքորոշումը կհայտնի Ադրբեջանի նման անպատասխանատու և վտանգավոր հայտարարությունների վերաբերյալ։

Մտահոգություն հայտնելով զարգացումների կապակցությամբ՝ զրուցակիցները ևս մեկ անգամ կարևորեցին Հայաստանի ատոմակայանի անվտանգության և ապահովության հրամայականը և այդ առումով ընդգծեցին Հայաստանի և գործակալության միջև տարիներ շարունակ զարգացող արդյունավետ համագործակցությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել