news.am: Այսօրվա ակցիան ունի մեկ նպատակ՝ աշխարհին ցույց տալու, որ այն մարդիկ, որոնք տարբեր պաշտոններում ծվարել են, էն դավաճանները, որոնք այսօր վատ իրադարձությունների հետեւանքով կարողացել են ՀՀ-ում դառնալ պաշտոնյաներ, եւ Հայաստանը դիտում են բացառապես որպես նյութ թուրքերի դարավոր երազանքներն իրագործելու գործում, մենք պետք է ցույց տանք աշխարհին, որ այստեղ չկան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց արժանապատվությունը զոհաբերելով ձեզ համար տրանսպորտային միջանցքներ դառնալ, մոռանալ ու ուրանալ ցեղասպանության պահանջատիրությունը կամ որեւէ կերպ մեր օրացույցից ջնջեն ապրիլի 24-ը: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԳՆ-ի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պտգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ինչպես Հայաստանը չունի ԱԳՆ, չունի վարչապետ, այնպես էլ չկան խաղաղ բանակցություններ Հայաստանի եւ Թուրքիայի կամ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ: Այսօր ՀՀ-ին կեղծ օրակարգ են մատուցում խաղաղությունը, որովհետեւ երբ այստեղ Նիկոլը խոսում է խաղաղությունից, Արցախում հայ է սպանվում, Գեղարքունիքում մարդ է զոհվում, Արցախում մարդկանց փորձում են սովի մատնել, հումանիտար տեռորով հայաթափել Արցախը:
Ես պատահական չեմ համարում, որ Նիկոլը զերծ է մնում խոսել Արցախում հումանիտար աղետի մասին, այդ մարդն ունի կոնկրետ ծրագիր, այդ ծրագրով են եկել իշխանության»,-ասաց նա՝ հավելելով. «Չավուշօղլուն ասում է՝ Ադրբեջանը ձեզ բան է ասելու, կգնաք էդ ասածները կանեք, նոր կգաք ստեղ, որ նորմալ հարաբերություններ հաստատենք»:
Նշենք, որ Արտաքին գործերի նախարարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ-ական եւ ՀՀԿ-ական ու այլ երիտասարդներ։ ԱԳՆ շենքը հսկում են բազմաթիվ ոստիկաններ, որոնք պատ են կազմել ու փակել դեպի նախարարություն տանող ճանապարհը:
comment.count (0)