tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի կողմից նախօրեին ընդունված բանաձևը, որը դատապարտում է Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռքբերումը և հնարավոր պատժամիջոցներ սահմանելու կոչ անում, Անկարայի արտաքին քաղաքականության նկատմամբ անհիմն հարձակումներ է պարունակում և հարված է երկու երկրների միջև առկա վստահությանը, գրում է Reuters-ը՝ Թուրքիայի արտգործնախարարությանը հղումով:
«Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը հարված է մեր երկրների միջև առկա վստահությանը: Դրանում Թուրքիայի արտաքին քաղաքականության նկատմամբ անհիմն ու անարդարացի հարձակումներն անթույլատրելի են, ինչպես նաև անթույլատրելի են պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամության մասին հայտարարությունները, սպառնալիքներն ու երկկողմ հարաբերություններում պատնեշների ստեղծումը»,- ասված է հայտարարության մեջ:
Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ բարեկամ և դաշնակից երկրների միջև տարաձայնությունները կարգավորելու լավագույն միջոցը երկխոսությունն է ու ինքնիշխան որոշումների նկատմամբ հարգանքը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ առաջարկել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին համատեղ աշխատանքային խումբ ստեղծել С-400-ների մասով: Թուրքիան բազմիցս հայտարարել է, որ չի հրաժարվի ռուսական համակարգերի ձեռքբերման ծրագրից, որի առաջին խմբաքանակը երկիր կհասնի հուլիսին:
ԱՄՆ-ն իր հերթին С-400-ներն անհամատեղելի է համարում ՆԱՏՕ-ի չափորոշիչների հետ՝ փոխարենն առաջարկելով Անկարային գնել ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության համակարգը: