Պարզվում է՝ միայն քաղաքացիները չէ, որ ունենում են նույնականացման քարտ։ ID քարտեր ունենում են նաև քաղաքացիների սննդային զամբյուղի կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ կաթի մատակարար կովերը։ Երեմյան ֆերմայի կովերն իրենց հատուկ կրիչների շնորհիվ մշտապես մասնագետների հսկողության ներքո են․ որքան են ուտում, քանի լիտր և ինչ որակի կաթ են տալիս, առողջական ինչպիսի վիճակում են և այլն։
Լոռվա ալպյան բնության գրկում՝ Տաշիր համայնքում, «Երեմյան» ընկերությանը հաջողվել է կովերին բարձրակարգ անհատական մոտեցում ցուցաբերել․ նրանցից յուրաքանչյուրն իր ID վզկապի միջոցով աշխատակիցներին ուղիղ ծանուցում է իր «ցանկությունների» և արդյունավետության մասին։

Կաթնամթերքի արտադրության «խելացի ֆերմայում» ապրող կովերի նույնականացման քարտ-վզկապն օրվա ընթացքում միանգամից մի քանի տվյալ է ֆիքսում և փոխանցում համակարգին։ Աշխատակիցն ամեն օր ստուգում է, օրինակ, համար 1668 կովն արդյոք այդ օրը բավարար ակտի՞վ է, քանի՞ անգամ է կերին մոտեցել, սեռացանկություն ունի՞, կթարան մտե՞լ է, որքա՞ն լիտր կաթ է տվել։
Կթարանում շրջանաձև կիթի ժամանակակից ավտոմատացված համակարգ է տեղադրված․ կովերն անցակետով անցնում են, հերթով բարձրանում սարքի վրա և սպասում, որ աշխատակիցը խողովակներն ամրացնի պտուկներին։ Սարքը պտտվում է կարուսելի նման և միաժամանակ կթում է 40 կովի։
Տեխնիկապես հագեցված գյուղատնտեսական այդ համալիրն ընկերությունը հիմնել է 2023 թվականին՝ տեղանքն ընտրելով Լոռու մարզի Տաշիր համայնքն իր բարենպաստ բնակլիմակայական պայմաններով։
Հայաստանում կաթնամթերք արտադրող ընկերությունների շարքում սա միակն է ժամանակակից տեխնիկական հագեցվածությամբ և Ա կարգի կաթի փակ շղթայով արտադրությամբ։
Փակ շղթայով փոխադրվող արտադրությունը մարդկային միջամտություն չի ենթադրում․ վերոնշյալ կթող սարքից խողովակներով ուղարկվում է սառնարան, անցնում երկու ֆիլտրով, պահվում սահմանված ջերմաստիճանում և կաթի փոխադրման հատուկ մեքենայով տեղափոխվում Երևանի գործարան՝ շշալցման։
«Երեմյան» ընկերությունը 6 տարի առաջ ձեռնարկեց կաթնամթերքի արտադրություն՝ սկզբում իր ռեստորանների ցանցին սեփական արտադրության կաթնամթերքով ապահովելու համար։ Իսկ հետո՝ 2020 թվականին, երբ ռեստորաններում սպառումը քիչ էր՝ պայմանավորված կորոնավիրուսով, ընկերությունը որոշեց շուկա մտնել «Երեմյան» կաթնամթերք անունով՝ դառնալով միակ Ա կարգի կաթ արտադրողը, իսկ այժմ նաև մանկական կաթի վկայականով միակ մատակարարը։
«Մենք գիտակցում ենք որակյալ կաթնամթերքի կարևորությունը մարդու առողջության համար և ապահովում ենք այն «Սերմից՝ սեղան» հայեցակարգով․ այսինքն՝ արտադրության բոլոր փուլերը՝ սկսած կովերի կերի ցանքից, կովերի խնամքից, ավտոմատացված կիթից մինչև պատրաստ կաթնամթերքի մատակարարումը»
Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Լուսինե Երեմյան
Կենդանիները գյուղատնտեսական համալիրում ապրում են առանձնացված հատվածներում՝ ըստ տարիքի, կաթնատվության, հղիության շրջանի։
«Երեմյան» ընկերության խելացի ֆերման պարբերաբար հրավիրում է արտասահմանյան գործընկերների և խորհրդատուների՝ զարգացնելու նորարարական արտադրության ոլորտը։
Ավելի քան 60 անուն ապրանքատեսակ ունեցող «Երեմյան» կաթնամթերքն օգտվողներին խրախուսելու համար նաև ապակե տարաների վերադարձ ունի՝ գումարի դիմաց։
«Մեր ապակե շշերը մանկության ասոցիացիա ունեն, երբ մեր ընտանիքում խրախուսվում է կաթ խմելը, ինչպես նաև հարմար են երեխաներին կաթը խմելու համար»
Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության դեպարտամենտի տնօրեն Լուսինե Երեմյան
Ընկերությունը «Կաթը սեր է, ուժ և առողջություն» կարգախոսով իրականացրել է «Կաթ դպրոցներում» նախագիծը՝ երեխաների մոտ կաթնամթերքի նկատմամբ մշտական սեր և պահանջ ձևավորելու համար։
Ընկերությունը, հիմնվելով ֆերմա Տաշիր համայնքում, լուծել է նաև տեղացիների գործազրկության խնդիրը՝ աշխատանքով ապահովելով շուրջ 150 մասնագետի։
Առաջիկայում նաև տեղական բիզնեսը կարող է արտահանում ապահովել, քանի որ համապատասխանում է եվրոպական չափանիշներին, ինչպես նաև ունի սննդի անվտանգության կառավարման համակարգի՝ միջազգայնորեն ընդունված FSSC 22000 սերտիֆիկատ։
Միլենա Բարսեղյան