«Չեռնոբիլ»․ չափազանցված, թե արդարացված վախ

2019թ. մայիսի 6-ին հեռուստաէկրաններին է հայտնվում ամերիկյան HBO ու բրիտանական Sky ընկերությունների համատեղ նկարահանած 5 մասից բաղկացած հեռուստասերիալը ու միանգամից մեծ աղմուկ բարձրացնում։

Դիտումների քանակով նոր սերիալը գերազանցում է անգամ «Գահերի խաղը» հեռուստաէպոպեան՝ առաջացնելով նաև տարատեսակ հարցերի տարափ՝ սկսած նրանից, թե որն է սերիիալի գաղափարը, ինչ իրականում տեղի ունեցավ 1986թ․ ապրիլի 26-ին Պրեպյատում, մինչև՝ ինչ է միջուկային էներգիան, ինչքանով է այն անվտանգ կամ վտանգավոր, որքան է նոր աղետի հավանականությունն ու ինչ հետևանքներ կարող է ունենալ։

Բազմաթիվ հրապարակումներից առանձնանում է հունիսի 6-ին Forbes ամսագրում լույս տեսած Մայքլ Շելենբերգերի հոդվածը, որտեղ նա բարձրացնում է մի շարք հարցեր ու տալիս դրանց պատասխանները, որոնք էականորեն տարբերվում են ֆիլմում ներկայացվածից։

Անդրադառնալով սերիալի գաղափարին՝ բոլորը նշում են, որ այն մատնացույց է անում ԽՍՀՄ փակ համակարգն ու դրա հատևանքները, որոնցից մեկը հենց Չեռնոբիլում տեղի ունացածն է։

The News York Times-ի լրագրող Մայք Հեյլը «Չեռնոբիլ, աղետ ֆիլմը» հոդվածում գրում է․ «Առաջինն, ինչ պետք է հասկանալ HBO-ի «Չեռնոբիլ» սերիալի մասին, այն է, որ շատ բան հորինված է։ Բայց կա ևս մեկ հանգամանք, որն անգամ ավելի կարևոր է՝ իրականաում դա չունի որևէ նշանակություն։ Սերիալի հեղինակները պատմում են ամենակարևոր ճշմարտության մասին՝ Չեռնոբիլն ավելի շատ ստի վրա կառուցված ու փտող քաղաքական համակարգի մասին է, և ոչ նրա մասին, թե արդյոք միջուկային էներգիան իր էությամբ լավ կամ վատ բան է»։

Ահա դա է այն հիմնական միտքը, որի մասին խոսել է հեռուստասերիալի հեղինակ Կրեյգ Մեյզինը․ «Չեռնոբիլի դասը ոչ թե այն է, որ ժամանակակից միջուկային էներգետիկան վտանգավոր է, այլ այն, որ սուտը, մեծամտությունն ու քննադատության նկատմամբ ճնշումը վտանգավոր են»։

Սերիալը մարդկանց մեջ նաև առաջացրեց ահ միջուկային էներգիայի նկատմամբ։ Ամենասարսափելին, թերևս, այն է, որ միջուկային էներգիան անտեսանելի է, ոչ շոշափելի, ու նրանից հնարավոր չէ փրկվել։ Ահա դա է մատնանշում ֆիլմը։

Vanity Fair ամսագրի թղթակից Սոնիա Սարայան գրում է․ «Սերիալը նայելուց երկու շաբաթ անց չեմ կարող դադարել մտածել դրա մասին։ Ինձ վրա ամենաշատն են ազդել ռադիացիայով թունավորված այն մարդկանց մարմինները, ովքեր առաջինն արձագանքեցին աղետին։ Այն աստիճան ռադիացիայի ենթարկված , որ քայքայվում են դանդաղ, սարսափազդու, միաժամանակ կառչելով կյանքից։ Սերիալը նայել եմ ամուսնուս հետ, ու դրանից հետո մի քանի օր շարունակ մենք համացանցում որոնում էինք աղետի մասին փաստերը ու ուղարկում իրար սահմռկեցուցիչ մանրամասներ»,-շարունակում է լրագրողը՝ նշելով նաև, որ իր հայրը ուսումնասիրել է ԱՄՆ-ում գործող բոլոր ատոմակայանների մասին առկա տեղեկատվությունը։

Հեռուստադիտողներից շատերը համոզված են, որ սերիալի գլխավոր հերոսը միջուկային էներգիան էր։

The New Republic-ի հեղինակ Ռեյչել Ռիդերերը գրում է․ «Միջուկային էներիգիան երևի սերիալի ամենակարևոր դերակատարներից է։ Նա խոսակցությունների հիմնական թեման է, մարդիկ անընդհատ քննարկում ու բնութագրում են նրա էությունը, այն դառնում է Չարք»։

Բելառուսից գրում են․ «Ուշադրություն դարձրու, թե ինչ է կատարվում Բելառուսում։ Մենք սարսափում ենք մեր նորակառույց միջուկային կայանից, քանի որ այն կառուցել են ռուսները։ Շինարարության ժամանակ նրանք գցեցին առաջին ռեակտորը 4 մետր բարձրությունից։ Երկրորդի պատյանը վնասվել էր տեղափոխման ժամանակ։ Բայց իրենք այնուամենայնիվ տեղադրեցին։ Ուստի, դիտելով HBO-ի «Չեռնոբիլ»-ը, հիշեք, որ դա կարող է կրկնվել շատ մոտ ապագայում»։

Եկեք վերլուծենք, թե ինչն է սխալ ներկայացված սերիալում։

Սերիալի սցենարի հեղինակ Կրեյգ Մեյզինը բոլոր հարցազրույցների ժամանակ ընդգծում էր, որ այն ամբողջությամբ հիմնված է փաաստերի վրա․ «Ես նախընտրեցի իրադարձությունների շարադրանքի ժամանակ զերծ մնալ ավելորդ ողբերգական երանգներից։ Պետք չէ անցնել սահմանը ու վազել սենսացիայի հետևից»։ Իրականում «Չերնոբիլ»-ի հենց առաջին մասն անցնում է այդ սահմանն ու էլ երբեք չի հրաժարվում այդ մոտեցումից։

Մի հատվածում 3 կերպար հերոսաբար կամավոր համաձայնում են զոհաբերել իրենց կյանքը ռադիոակտիվ ջուրը ցամաքեցնելու համար, սակայն իրականում նման միջադեպ չի եղել։

«Կեսգիշերը Չեռնոբիլում» գրքի հեղինակ Ադամ Հիգգինբոթամը նշում է, որ այդ 3 տղամարդիկ եղել են ատոմակայանի աշխատակիցներ, որոնք այդ պահին հերթափոխի էին ու պատասխանատու իրականացվող աշխատանքների համար։ Իրենք պարզապես հեռախոսով հրաման են ստացել ռեակտորի պատասխանատուից՝ բացելու փականները»։ 

Իրականությանը չի համապատասխանում նաև այն հատվածը, երբ ուղղաթիռը, թռչելով հալված ռեակտորը վրայով, կործանվում է, ու սերիալի հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի փոխնախագահ ու աղետի հետևանքների վերացման աշխատանքների պատասխանատու Բորիս Սչերբինան որոշում է այնուամենայնիվ շարունակել թռիչքները։

«Չեռնոբիլի» ամենաահասարսուռ ու սենսացիոն տարրը ռադիացիայի բնութագիրն է, որպես գերվարակիչ, վիրուսային մի ուժ։ Ֆիլմի հերոսուհին՝ Էմիլի Ուոթսոնի դերակատարմամբ, բառացիորեն հետ է քաշում սուր ռադիացիոն սինդրոմից մահացող Չեռնոբիլի հրշեջի հղի կնոջն ամուսնուց։ «Դու՛րս եկեք, դու՛րս եկեք այստեղից», – գոռում է Ուոթսոնը․ կարծես՝ ամուսնու կողքին անցկացրած յուրաքանչյուր վայրկյան մահացու է ապագա երեխայի համար։

Իրականում այո, ռադիացիոն ալիքներն անտեսալի են, ու մենք ամեն վայրկյան կլանում ենք դրանք, և ի տարբերություն դեղորայքի կամ սննդի հետ կլանվող թունավոր նյութերի, ռադիոակտիվ նյութերը դուրս չեն գալիս օրգանիզմից` մնում ու կուտակվում են։ Այլ բան է, թե կուտակված ռադիացիայի քանի տոկոսն է ստացվում ատոմակայաններից ու դրանց վթարներից, ինչպես նաև՝ միջուկային փորձարկումներից․ ընդամենը 1%:

Ռադիացիայի վարակիչ լինելու հարցում էլ միանշանակ մոտեցում չկա։ Կա կարծիք, որն արտահայտում է նաև Forbes-ի հոդվածի հեղինակը, որ հագուստը հանելու ու լողանալու դեպքում, ինչպես արել էին հրշեջներն իրականում ու սերիալում, ռադիացիայի ազդեցությունը չեզոքանում է։

Կան գիտնականներ, որոնք այդքան էլ համաձայն չեն այս մոտեցման հետ ու կարծում են, որ, այնուամենայնիվ, ռադիացիոն դաշտը մնում է, սակայան ինչքան է այն վտանգավոր կողքինների համար, դա էլ միանշանակ չէ։ Ամեն դեպքում վտանգն անհամեմատ քիչ է, քան ցույց են տալիս սերիալի հեղինակները։

Հնարավոր է, որ սուր ռադիացիոն սինդրոմ ունեցող անձի արյունը, մեզը կամ քրտինքը կարող են ունենալ որոշակի ազդեցություն, բայց ոչ վարակում, ու չկա որևէ գիտական փաստ, որ նման միջադեպ է եղել Չեռնոբիլի զոհերի բուժման ժամանակ։

Այդ դեպքում ինչու՞ էին հիվանդանոցներում վարակվածներին մեկուսացնում պլաստիկ վարագույրներով։ Որովհետոև իրենց իմունային համակարգը ծայրաստիճան թուլացած էր, ու կար ցանկացած ազդեցության չդիմակայելու վտանգ։ Այսինքն՝ վարակման վտանգն իրականում հակառակն էր նրա, ինչը ցուցադրված է ֆիլմում։

Այժմ փորձենք հասկանալ, թե հետագայում ինչ հետևանքներ է ունեցել պայթյունը մարդկանց առողջության վրա ոչ միայն Պրիպյատում, այլև ողջ Ուկրաինայում, Բելառուսում, Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում, ինչպես նաև՝ աղետի վերացման աշխատանքներին մասնակցած մարդկանց վրա։

Եկեք հիշենք սերիալում նկարագրված Չեռնոբիլի հրշեջ Վասիլիյ Իգնատենկոյի ու նրա հղի կնոջ, Լյուդմիլայի պատմությունը։ Վասիլիյը միջուկային աղետի առաջին արձագանքողներից էր, ով ստացել էր սուր ճառագայթային հիվանդություն, որից և մահանում է Մոսկվայում մայիսի 13-ին։ Այդ ժամանակ նրա կինը՝ Լյուդմիլան, հղի է լինում, ինչի մասին ամուսնուն պատմում է հենց հիվանդանոցում, ու մահվանից առաջ Վասիլիյն ասում է, որ եթե աղջիկ լինի, անունը դնեն Նատաշենկա։

Երեխան ծնվում ու մահանում է։ Էմիլի Ուոթսոնի հերոսուհին մեկնաբանում է երեխայի մահը՝ «ռադիացիան պետք է սպաներ մորը, սակայն երեխան այն վերցրեց իր վրա»։  Forbes-ի հեղինակ Մայքլ Շելլինբերգերը պնդում է, որ նման դեպք չի եղել։

Նա սխալվում է, ծնվում է աղջիկ, ում մայրն անվանում է Նատալյա, նա մահանում է 4 ժամից, քանի որ ծնվում է բնածին լյարդի ցիռոզով ու սրտի արատով։ Լյուդմիլայի պատմության մասին 2011թ․ գրում է The Star ամսագրի հեղինակ Քեթրին Փորթերը։

Ինչպիսի ա՞յլ հետևանքներ է ունեցել աղետը։ Դժվար է հաշվել թվերով․ հետևանքները ինչպես անմիջական են, այնպես էլ երկարաժամկետ, ակնհայտ ու թաքնված։

Աղետից հետո Եվրոպական մի շարք երկրներում կտրուկ աճում է հղիության արհեստական ընդհատումների թիվը, ու որպես պատճառ կանայք բերում են մտավախությունը, որ ռադիացիայի հետևանքով երեխան կարող է խնդիր ունենալ։ Դանիայում «չեռնոբիլյան աբորտների» քանակը հաշվարկվում է մոտ 400, Հունաստանում՝ 2,500, ԽՍՀՄ-ի մասին նման վիճակագրությունը բացակայում է։ 

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ 1986թ․-ից հետո Բելառուսում և Ուկարինայում կտրուկ նվազում է կյանքի տևողությունը։ Եթե 1986թ․ այն կազմում է 70,13 տարի, ապա 1994թ․՝ 63,98 տարի։ Ու վերադառնալ 1986թ․ ցուցնիշին հնարավոր է դարձել միայն 2013թ․-ին՝ 27 տարի անց։ Սակայն սա չի կարելի կապել միայն Չեռնոբիլյան աղետի հետ․ ժամանակաշրջանը համընկնում է ԽՍՀՄ փլուզման հետ, ինչի հետևանքով խիստ ընկնում է կենսամակարդակը, որը հանգեցնում է նաև կյանքի միջին տևողության ցուցանիշների անկմանը,  ու ոչ միայն Պրիպյատում ու ՈՒկրաինայում, այլ ԽՍՀՄ ողջ տարածքում։

Իսկ ի՞նչ այլ հիվանդություններ ծնեց կամ հնարավոր է, որ ծնեց Չեռնոբիլը։

«Այժմ մենք ունենք հնարավորություն դիտարկել բոլոր երեխաներին, որոնք ծնվել են Չեռնոբիլի մերձակայքում, – 1987թ․ գրել էր Կալիֆոռնիայի համալսարանի բժիշկ Ռոբերտ Գեյլը, – և նրանցից և ոչ մեկը, համենայն դեպս ծնվելուց, չունի հայտնաբերված արատ»։

Միաժամանակ, Առողջապահության միջազգային կազմակերպության գիտնականները մոտ 20 տարի հավաքում էին տվյալներ՝ փորձելով ստանալ պատկերը։

Առողջության վրա արձանագրված միակ հայտնի ազդեցությունը, բացի պայթյունի արդյունքների վերացման առաջին մասնակիցներից, շագանակագեղձի քաղծկեղի 20,000 դեպքն է նրանց մոտ, ում 18 տարին 1986թ․ չեր լրացել։

2017թ․ ՄԱԿ-ը գալիս է եզրակացության, որ այդ դեպքերի միայն 25%-ը, այսինքն՝ 5,000-ը, կարելի է համարել Չեռնոբիլի աղետի հետևանք։

Ավելի վաղ կատարված ուսումնասիրություններում ՄԱԿ-ը հաշվարկել էր, որ մոտ 16,000 դեպք կարելի է վերագրել Չեռնոբիլի ռադիացիայի ազդեցությանը։

Քանի որ շագանակագեղձի քաղցկեղի մահացության ցուցանիշը 1% է, սա նշանակում է, որ Չեռնոբիլի հետևանքով առաջացած քաղցկեղից կլիներ մահացության մոտավորապես 50 դեպք։

Սերիալի վերջում նշվում է, որ «Ուկրաինայում ու Բելառուսում արձանագրվեց քաղցկեղի դեպքերի կտրուկ աճ», սակայն սա ևս չի համապատասխանում իրականությանը։
Այդ երկրների բնակիչների ստացան ռադիացիան բնականից մի փոքր է շատ, նշում է Առողջության համաշխարհային կազմակերպությունը։ Անգամ եթե եղել են քաղցկեղի ավելի մեծ քանակի դեպքեր, այդ քանակը կկազմի մոտ 0,6%:

«Չեռնոբիլ»-ում կա ահասարսուռ տեսարան, թե ինչպես են մարդիկ հավաքվել կամուրջի վրա՝ դիտելու Չեռնոբիլի հրդեհը։ Սերիալի վերջում հեղինակները նշում են, որ «ինչպես տեղեկացնում են, նրանցից և ոչ մեկ կենդանի չմնաց։ Այժմ այն հայտնի է որպես «մահվան կամուրջ»։

Իրականում, չկա որևէ տվյալ, որ այդ ռադիացիան դարձել է այդ մարդկանց մահվան պատճառ, «Մահվան կամուրջը» սենսացիոն քաղաքային լեգենդ է, ու չկա բավարար ապացույց ի պաշտպանություն այդ դրույթի։

Մայքլ Շելլենբերգը, ի թիվս սերիալում առկա այլ անճշտությունների, պնդում է, որ սերիալը նաև ցույց է տալիս սովետական առօրյա կյանքը նույնքան սխալ ու դրամատիկ, ինչքան և ռադիացիայի ադեցությունը։ Հեղինակը գրում է, որ առանց դատի կամ համակարգի մեկ աշխատողի հրամանով սպանությունները մնացել էին խորհրդային կյանքի 1930-ական թվականներում։

Սրա հետ չի կարելի չհամաձայնել, սակայն այն, որ ԽՍՀՄ-ում խոսքի ու մտքի ազատությունը ոչ միայն դատապարտելի էր, այլ անգամ վտանգավոր, անառարկելի է։

Հրշեջ Վասիլիյ Իգնատենկոյի մայրը BBC-ին տրված հարցազրույցում պատմում է, որ բոլոր մահացածներին հուղարկավորում էին ցինկից պատրաստած փակ դագաղներում, ու բարեկամներին թույլատրել էին ներկա գտնվել միայն հուղարկավորությունը՝ չտրամադրելով անգամ որևէ մանրամասն մահվան պատճառների մասին։ Հարկ է նաև նշել, որ մի քանի օր որևէ տեղ չէր նշվում տեղի ունեցածի մասին։ 

Սերիալի լարվածությունը կենտրոնանում է նրա շուրջ, թե ինչպես էին գիտնականները հերոսաբար փորձում հայտնաբերել, թե ինչն է հանդիսացել ռեակտորի աշխատանքի խափանման պատճառը, սակայն Չեռնոբիլի աղետի մասին գրքի հեղինակ Հիգգենբոթհամը նշում է, որ խորհրդային գիտնականները տեղյակ էին, որ ՌԲՄԿ-ն աշխատանքի խնդիրներ ունի, ու համապատասխան փորձագետները Մոսկվայից ժամանեցին աղետի վայր պայթյունից 36 ժամ անց ու արագորեն պարզեցին հնարավոր պատճառները։

Հեղինակը նաև գրում է միջուկային էներգիայի ու ատոմակայանների վերաբերյալ սխալ պատկերացումների մասին, որոնք սնվում են նաև Հոլիվուդյան բլոքբաստերներից ու աղետ ֆիլմերից։

Շելլենբերգը նշում է, որ մարդիկ պրոեկտում են միջուկային զենքի նկատմամբ իրենց վախը ատոմակայանների վրա։

Ըստ հեղինակի, Չեռնոբիլն ապացուցում է, թե ինչու է միջուկային էներգիան էլեկտրականության ստացման ամենաանվտանգ եղանակը։ Անգամ դեպքերի ամենավատ զարգացման պայմաններում վնասը համեմատաբար փոքր է՝ ազդելով ընդամենը մի խումբ մարդկանց վրա։

Մնացած դեպքերում ատոմակայանները նվազեցնում են օդի աղտոտումը՝ փոխարինելով հանածո վառելիքին։ Ու դրա շնորհիվ է, որ մինչև օրս միջուկային էներգիան փրկել է մոտավորապես 2 միլիոն մարդու կյանք։

«Ատոմակայանները բաց չեն թողնում կարբոնի դիօքսիդ, ու վիճակագրությունն ապացուցում է, որ ավելի անվտանգ են, քան էլեկտրաէներգիայի արտադրության մյուս եղանակները՝ ներառյալ հողմաէլեկտրակայանները», – գրում է Հիգգենբոթամը։

Վերջերս իմ կարդացած գրքերից մեկում՝ «Միջուկային ծեսեր», որի հեղինակն է հակամիջուկայն շարժման ակտիվիստ, այժմ մարդաբան Հյու Գուստերսոնը, նշվում է․ «Միջուկային վտանգը խաղացել է հսկայական դեր 3-րդ համաշխարհային պատերազմի կանխարգելման գործում, ու եթե միջուկային զենքով լի աշխարհը վտանգավոր վայր է, ապա նույնչափ վտանգավոր է այն աշխարհը, որտեղ չկա միջուկային զենքի ահասարսուռ զսպող ուժը»։

Հարցը միանշանակ չէ, մոտեցումներն ու կարծիքները տարբեր, սակայն անգամ եթե հաշվի առնենք, որ Մայքլ Շելլենբերգը միջուկային էներգիայի ակտիվ լոբբիստներից է, այնուամենայնիվ շատ այլ գիտնականներ ևս պնդում են, որ ատոմակայաններից առավել անվտանգ է միայն արևային էներգիան։

Սա երևի թե կարելի է համեմատել ինքնաթիռներից ու ավիավթարներից վախի հետ։, Ավիաչվերթի ժամանակ մահվան հավանականությունը հավասար է 1/8 000 000-ի, մինչդեռ ավտովթարներից յուրաքանչյուր տարի աշխարհում մահանում է մոտ 1,2 միլիոն մարդ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն