Առաջին ընթերցմամբ Ազգային ժողովը ընդունեց «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (ՀԷՑ) «ազգայնացնելու»՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարած և ՔՊ խմբակցության հեղինակած նախագիծը:
65 կողմ, 30 դեմ ձայներով բաշխվեց քվեարկությունը: Կողմ է քվեարկել միայն ՔՊ խմբակցությունը:
Փոփոխությունները և լրացումները կատարվել են «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում:
2025թ. հունիսի 18-ին՝ գործարար Սամվել Կարապետյանի՝ Հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելուց հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ–ն պետք է ազգայնացվի (պետականացվի): Դա տեղի կունենա արագ և իմ հանձնարականն է ՀԷՑ-ի բոլոր աշխատակիցներին՝ բարեխղճորեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները։ Ազգայնացումից (պետականացումից) հետո բարեխղճությունը հաշվի կառնվի»:
Նույն օրը ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Փաշինյանն ասաց, որ ՀՀ ազգային ժողովում կա ՀԷՑ-ը ազգայնացնելու նախագիծ. «Մեկ ամիս առաջ եմ հանձնարարություն տվել Կառավարության համապատասխան մարմիններին, որ կա՛մ ՀԷՑ-ը պետք է ժողովրդին հասցրած վնասը վերականգնի, կա՛մ ազգայնացվի»:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ ՀԷՑ-ի շուրջ ցանկացած որոշում կլինի օրենքի շրջանակում:
ՀԷՑ տնօրեն Դավիթ Ղազինյանն էլ հունիսի 25-ին ասել էր, որ ՀԷՑ-ը կառավարությունից ազգայնացման մասին որևէ գրություն չի ստացել: Նա պնդել էր նաև, որ ո՛չ իշխանությունների, ո՛չ ՀԾԿՀ-ի կողմից որևէիցե ձևով անցած տարիների ընթացքում անգամ ակնարկ չի եղել, որ ընկերությունում այնպիսի վիճակ է, որ կարող է բերել լիզենցիայից զրկելուն: