ԱԺ-ն հայտարարություն է ընդունել բռնությամբ իշխանությանը տիրանալու անթույլատրելիության վերաբերյալ

armenpress.am  Ազգային ժողովը հուլիսի 3-ի նիստում ընդունեց «Բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու անթույլատրելիության եւ ժողովրդավարության պաշտպանության մասին» հայտարարությունը։ Փաստաթուղթը ԱԺ-ն ընդունեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։

Հայտարարության նախագիծը խորհրդարանում ներկայացրեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, որում նշված է․

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը,Պաշտպանելով Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և վերահաստատելով իր հավատարմությունը իրավունքի գերակայության ևսահմանադրական կարգի սկզբունքներին,

Հիմնվելով ժողովրդավարության և մարդու իրավունքների համամարդկային արժեքների վրա, հավատարիմ մնալով Հայաստանի Հանրապետության սահմանադրության անխախտ դրույթին, համաձայն որի իշխանությունը պատկանում է ժողովրդին ևձևավորվում է միայն ժողովրդի կամքի ազատ արտահայտմամբ,

Մերժելով ահաբեկչությունը, սպառնալիքը և բռնության ցանկացած ձև քաղաքական պայքարում և հանրային կյանքի կազմակերպման մեջ,

Հիմք ընդունելով ահաբեկչության դեմ պայքարի հարցում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունները,

ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է՝

1․Խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, սահմանադրական կարգի և օրինական իշխանությունների դեմ նախապատրաստված ահաբեկչության փորձը, որը բացահայտվեց Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից 2025թվականի հունիսին:

2. Ահաբեկչության և Սահմանադրական կարգի տապալմանն ուղղված ցանկացած գործողություն արժանանալու է ամենախիստ պատժի՝ համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և օրենքների:

3. Ահաբեկչությունը և բռնության ճանապարհով պետական իշխանությանը տիրանալու փորձերը ուղիղ հարված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը և ժողովրդին: Դրանք միտված են կազմալուծելու Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները և հարվածելու պետության դիմադրողականությանը՝ ստեղծելով ներքին և արտաքին սպառնալիքներ Հայաստանի Հանրապետության և ՀՀ ժողովրդի համար:

4. Բոլոր այն քաղաքական ուժերն ու կազմակերպությունները, որոնք Հայաստանի Հանրապետությունում ծավալում են քաղաքական գործունեություն, պետք է աներկբայորեն դատապարտեն այս ահաբեկչության փորձը և երկրում ռազմական հեղաշրջման կամ որևէ այլ բռնի եղանակով սահմանադրական կարգի տապալման բոլոր կոչերը: Ահաբեկչության արդարացման յուրաքանչյուր դրսևորում ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության ևժողովրդի՝ ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու սահմանադրական իրավունքի դեմ:

5. Անընդունելի ենք համարում Հայաստանում սահմանադրական կարգի տապալման և ՀՀ-ի դեմ վարվող հիբրիդային հարձակումներում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներգրավման փորձերը։Վեհարանը պետք է ազատվի եկեղեցական հոգևոր մթնոլորտը խաթարող անձանցից, իսկ Եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը՝ հավատացյալների հոգևոր կարիքների սպասարկմանը:

6. Խիստ մտահոգիչ և դատապարտելի են Հայաստանի Հանրապետության նախկին ղեկավարների nɩ նրանց թիմակիցների՝ ահաբեկչությունը արդարացնող կամ աջակցող հայտարարությունները: Նրանք քաղաքականպատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Որևէ պատճառ կամ նեղ քաղաքական նպատակ չի կարող արդարացնել զինված խմբեր ստեղծելու, զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր կուտակելու և երկրում սահմանադրական կարգը տապալելու ծրագրերը։

7. ՀՀ Ազգային ժողովը որպես Հայաստանի ժողովրդի առաջնային մանդատով օժտված լեգիտիմ ներկայացուցչական մարմին, կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝ դատապարտել ահաբեկչությունը և բռնության միջոցով պետական իշխանության զավթման փորձերը, աջակցել ՀՀ օրինական իշխանություններին իրենց սահմանադրական պարտականությունների կատարման մեջ, նպաստել ազգային համերաշխությանը և պետական ինստիտուտների ամրապնդմանը»։

Որոշումն ընդունվեց 57 կողմ ձայնով։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին նիստը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով