Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիտը հայտարարել է, որ Վաշինգտոնը օդային աջակցությունը դիտարկում է որպես Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շրջանակներում տարբերակներից մեկը: Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
«Դա իսկապես հնարավոր տարբերակներից մեկն է։ Ես, իհարկե, չեմ բացառում ռազմական տարբերակներից որևէ մեկը, որը հասանելի է նախագահին… կարող եմ ասել, որ նա միանշանակ բացառել է ցամաքային զորքերի ուղարկումը»,- լրագրողներին ասել է Լևիտը։
Երեքշաբթի ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բացառել էր Ուկրաինայում ամերիկացի զինվորների տեղակայման հնարավորությունը, սակայն չի հստակեցրել, թե անվտանգության ինչ երաշխիքներ Վաշինգտոնը կարող է Կիևին առաջարկել հետպատերազմյան հնարավոր կարգավորման շրջանակներում:
Սակայն Fox News-ին տված նույն հարցազրույցում Թրամփը հնարավոր է համարել, որ ԱՄՆ-ն կարող է Ուկրաինային օդային աջակցություն տրամադրել։
Կան բազմաթիվ եղանակներ, որոնցով ԱՄՆ-ն կարող է օդային աջակցություն ցուցաբերել, նշում է Reuters-ը։ Դա կարող է լինել ինչպես Ուկրաինային լրացուցիչ ՀՕՊ համակարգերի փոխանցում, այնպես էլ ավելի ակտիվ մասնակցություն՝ ներառյալ ամերիկյան կործանիչների օգտագործումը ոչ թռիչքային գոտի ապահովելու համար։
Գործակալության աղբյուրների տվյալներով՝ Պենտագոնը պլանային զորավարժություններ է անցկացնում՝ պարզելու համար, թե բացի զենքի մատակարարումից, Վաշինգտոնը կոնկրետ ինչ աջակցություն կարող է տրամադրել: