1lurer.am Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է ժողովրդին վիրավորանքներ հասցնելու համար Բագրատ Գալստանյանի դեմ խմբային հայց ներկայացնելու իր ֆեյսբուքյան առաջարկին:
Նախարարը նշել է` որպես ժողովրդի մաս կազմող անհատի՝ իրեն վիրավորված է զգում ժողովրդի հասցեին Գալստանյանի անպարկեշտ արտահայտություններից: Ավանեսյանի խոսքով իր նման հազարավոր մարդիկ են վիրավորվել Գալստանյանի՝ 4 ամիս առաջ արված արտահայտություններից:
«Մարդը քրեակատարողական հիմնարկում է, և գուցե նաև դա է եղել, որ շատ, էսպես, ավելի ներողամիտ ենք գտնվել, բայց պարզվեց, որ անձը շատ հեշտությամբ դատի է տալիս, ընդհանուր առմամբ խոսքի ազատության ճնշման փորձեր են արվում, և իհարկե հակադարձ պետք է նաև դիրքորոշում ձևավորել և արտահայտել, կարծում եմ»,- ասել է Ավանեսյանը:
Հիշեցնենք՝ Ավանեսյանն օրեր առաջ տեղեկացրել էր, որ նախաձեռնում են խմբային հայց Բագրատ Գալստանյանի դեմ:
Նշենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքական գործիչների դեմ հայցադիմումներ է ներկայացրել դատարան։ Մոտ 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում ՔՊ կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, 3-ական մլն դրամ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։