Արցախյան խնդիրը հանգուցալուծված չէ, Արցախի հարցը փակված չէ. Արցախի ԱԺ

Արցախի Ազգային ժողովը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության հռչակման 34-ամյակի կապակցությամբ․

«1991 թվականի սեպտեմբերի 2-ը դարձավ Արցախի պետականության սկիզբը։ Երեսուն տարիների ընթացքում՝ սահմանադրական ամուր հիմքերով և արդյունավետորեն գործող պետական ու ժողովրդավարական հաստատություններով, Արցախի ժողովուրդը ապահովում էր հայկական երկրորդ հանրապետության զարգացումը։ Թեև Արցախի Հանրապետությունը միջազգային ճանաչում չուներ, այն կայացած պետական համակարգ էր և տարածաշրջանում խաղաղության ու անվտանգության մատակարար, որի հետ հաշվի էին նստում ոչ միայն տարածաշրջանային ուժերը, այլ նաև միջազգային կշիռ ունեցող տարբեր կենտրոններ։

Մենք հիշում և խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր իրենց կյանքով պաշտպանեցին Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Ինչպես յուրաքանչյուր ազգային մտածողությամբ օժտված անհատ, պատմական արդարության վերականգնման համար մենք պարտավոր ենք շարունակել պայքարը և զինվորագրվել հայ ժողովրդի ազգային-ազատագրական շարժմանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատում ներառված է նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցը, ուստի այդ խմբի լուծարումը՝ առանց այդ իրավունքների պաշտպանության գործուն մեխանիզմների և երաշխիքների մշակման, անթույլատրելի է։

Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում են արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված ժամանակավոր իրավիճակային պարտադրանք։

Արցախյան խնդիրը հանգուցալուծված չէ, Արցախի հարցը փակված չէ, քանի որ ցեղասպանական գործողությունների վավերացումն ու դրանց հետևանքների լեգիտիմացումը չեն կարող դիտվել որպես վերջնարդյունք՝ միջազգային գրված և չգրված, իրավական և բարոյական տիրույթներում։

Արցախցին տերն է իր հայրենիքի, իր պատմության, իր հոգևոր և մշակութային ժառանգության, իր անցյալի և ապագայի, իր իրավունքների և առաքելության»,- ասված է հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև