ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարությունից:
«Ողջունելով դեսպանին՝ նախարար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Լի Սինվեյի դիվանագիտական առաքելությունը նոր թափ կհաղորդի հայ–չինական հարաբերությունների զարգացմանը և հատկապես կնպաստի բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնմանը։ Իր խոսքում նախարարն ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաները երկու երկրների համագործակցության ուղղություններից է։
Դեսպան Լի Սինվեյը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Չինաստանը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը։ Նա նշել է, որ իր դիվանագիտական առաքելության ընթացքում կփորձի առավել խորացնել երկկողմ համագործակցությունը՝ հատկապես համատեղ ծրագրերի, տեխնոլոգիական, գիտակրթական փոխանակումների և ներդրումային նախաձեռնությունների ոլորտներում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Քննարկման կենտրոնում եղել են գիտության, նորարարության և տեխնոլոգիաների ոլորտները՝ մասնավորապես տիեզերական տեխնոլոգիաներ, կիբեռանվտանգություն, թվայնացում, տեխնոլոգիական արդյունաբերություն:
Կողմերն անդրադարձել են նաև բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությանը, չինական ընկերությունների ներգրավման և միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցության ընդլայնման հնարավորություններին»,- ասված է հաղորդագրությունում։